ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ատելության պետական քարոզչություն, ռազմական հանցագործություններ․ հայկական պատվիրակությունը ՄԱԿ-ում պատասխանեց Ադրբեջանին

Ադրբեջանական կողմի ներկայացրած առարկություններից հետո ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանն այսօր լսել է հայկական կողմի փաստարկները։ Ապրիլի 15-19 նախատեսված լսումները նվիրված են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործին, որը հայկական կողմը նախաձեռնել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը դատարան է ներկայացրել իր նախնական առարկությունները, ինչպես նաև հակընդդեմ հայցը։ Ադրբեջանի հայցին Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների լսումները նշանակված են ապրիլի 22-26-ը։

Առաջիկա երկու շաբաթներին ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանը կլսի Հայաստանի և Ադրբեջանի փաստարկներն ու առարկությունները՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում քննվող գործերի հետ։

Ապրիլի 15-ին ադրբեջանական պատվիրակությունը բացեց բանավոր լսումների առաջին փուլը՝ ներկայացնելով նախնական առարկություններ: Պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը նշեց, որ Հայաստանի ներկայացրած մեղադրանքներն անհիմն են, և Ադրբեջանը կտրականապես չի ընդունում դրանք: Ադրբեջանը կարծում է, որ ՄԱԿ-ի դատարանը իրավասու չէ քննելու Հայաստանի հայցը՝ հայտարարել է Մամեդովը։  Ընդհանուր առմամբ Ադրբեջանը 3 փաստարկ է ներկայացնում հիմնավորելու համար իր տեսակետը։ Բաքուն պնդում է, որ կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել, երկրորդ՝ Հայաստանը երբեք իրական և անկեղծ փորձ չի արել բանակցելու, և երրորդ` որպես այլընտրանք Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը հնարավորինս ջանքեր չի գործադրել այդ բանակցություններում:

Պատասխանողի նախնական առարկությունների վերաբերյալ այսօր փաստարկներ է ներկայացրել հայկական պատվիրակությունը։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը հարուցեց Ադրբեջանի դեմ այս դատավարությունը էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության աղաղակող քաղաքականության և գործողությունների պատճառով։

Հաագայում հայկական պատվիրակության ղեկավար Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է՝ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ, և այս երկարամյա քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ:

«Հայտարարված նպատակը էթնիկ հայերի բնաջնջումն ու արտաքսումն էր իրենց հայրենիքից։ Ինչպես ավելի ուշ հայտարարեց նախագահ Ալիևը՝ «Թշնամու հանդեպ ատելությունը մեզ առաջ մղեց»: 44 օրվա ընթացքում ադրբեջանցի զինվորները պարբերաբար սպանել, խոշտանգել և ծաղրել են էթնիկ հայերին: Նրանք ուրախությամբ տեսանկարահանում էին, թե ինչպես են հրեշավոր բռնության գործողություններ իրականացնում էթնիկ հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների նկատմամբ՝ բղավելով ռասայական վիրավորանքներ»:

Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանը չկարողացավ կասեցնել Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ էթնիկ զտումը, ինչը հետևեց ինը ամիս շարունակված շրջափակմանը, որը ժամանակավոր միջոցների մասին դատարանի առաջին երկու վճիռների աղաղակող խախտում էր:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի առարկություններին, Կիրակոսյանը նշեց՝ չկարողանալով անգամ փաստարկել, որ Հայաստանի պնդումների ճնշող մեծամասնությունը իբրև դուրս է դատարանի իրավազորության շրջանակից, Ադրբեջանը փորձ է անում համոզել, որ Հայաստանի որոշ պահանջներ որևէ ընդհանրություն չունեն այս կոնվենցիայի հետ։ Եվ դա անելու համար Ադրբեջանը առնվազն երկու մտացածին փաստարկի վրա է հիմնվում՝ նշել է հայկական պատվիրակության ղեկավարը։

«Առաջինը՝ դատարանին ասում է, թե Հայաստանը պարզապես բավարար ճշգրտությամբ չունի ռասայական բնույթի ապացույցներ, Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանը պետք է ապացուցի, որ բռնության յուրաքանչյուր դեպք, կալանավորում և անհետացում բավականաչափ ռասիստական է եղել,  և դա անելու համար բավարար չէ, որ իբրև Հայաստանը պետք է ցույց տա ատելության խոսքի միջավայր, կամ ամենածայրահեղ վայրագությունները կամ բռնարարների ռասիստական խոսքերը բավարար չեն, Ադրբեջանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ապացուցի, թե կա մի այլ բան, որը դրանից ավելին է։ Մյուս մտացածին փաստարկն այն է, որ Հայաստանի բողոքը չի տեղավորվում կոնվենցիայի շրջանակում, Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանն անհարկի փորձում է դատարանով լուծել երկու պատերազմող պետությունների զինված հակամարտության խնդիրը»։  

Հայաստանի շահերը ներկայացնող պրոֆեսոր Պիեր դ՛Արժանն անդրադարձել է Ադրբեջանի առաջ քաշած երկրորդ նախնական առարկությանը: Դրա նպատակն, ըստ դ՛Արժանի, քննարկումից բացառելն է Հայաստանի առաջ քաշած որոշ պնդումներ, մասնավորապես` էթնիկ հայերի կամայական ձերբակալությունների և բռնի անհետացումների մասին, ինչպես նաև Հայաստանի այն պահանջները, որոնք վերաբերում են էթնիկ հայերի նկատմամբ իրականացված տարբեր բռնություններին:

«Ադրբեջանը երեկ ընդունել է, որ դատարանի կողմից դիտարկվող հակամարտությունը էթնիկ հակամարտություն է, այլ ոչ սովորական միջպետական պատերազմ: Այս հակամարտությունն էթնիկ է, քանի որ երեք տասնամյակ Ադրբեջանը տարածքային ամբողջականության պատրվակով հրաժարվում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղի՝ իր նախնիների հողերում բնակվող հայերի ինքնորոշումը: Այս հակամարտությունն ունեցել և ունի էթնիկ մոտիվներ և խտրական է, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի որոշումը՝ վերջ տալ այդ ինքնորոշմանը 2020 թվականին ռազմական գործողությունների միջոցով և 2023 թվականի սեպտեմբերին»։

Դատարանում ներկայացվել են բազմաթիվ տեսնյութեր ու լուսանկարներ, որոնցում ադրբեջանցիները դաժան հանցագործություններ են կատարում։ Դրանցում ռասայական խտրականություն չտեսնելու համար հատուկ երևակայություն է պետք՝ ասել է փաստաբան, միջազգային հանրային իրավունքի մասնագետ Էլիսոն Մաքդոնալդը։ Ապացուցելու համար, որ հայկական փաստարկները հավասար չեն ռասայական խտրականությանը,Ադրբեջանը անհնարին աշխատանք է հանձն առել ՝ ընգծել է փաստաբանը։  

«Մենք չենք ներկայացնում այս ապացույցները, որպեսզի ցույց տանք, թե որքան շոկային են դրանք։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ դրանք միայն ռազմական գործողության ժամանակ լարվածության և թշնամանքի արդյունք չեն։ Պետք է ընդամենը դիտարկել հայկական հայցն ու փաստերը և ասել՝ արդյոք սրանք հավասարզոր կարող են լինել ռասայական խտրականությանը»։

Հայկական պատվիրակությունը դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի առարկություններն ու վերահաստատել, որ դատարանն ունի իրավազորություն քննելու Հայաստանի փաստարկները։ Դատարանը պետք է հաշվի առնի որոշման հետևանքները և չխրախուսի Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարել են հայ պատվիրակները։

«Հայաստանն ընդեմ Ադրբեջանի» գործով լսումները կշարունակվեն ևս 2 օր։ Ապրիլի 22-26 Միջազգային Քրեական դատարանը կլսի Ադրբեջանի գանգատը Հայաստանի դեմ։

Դատական գործընթացի բանավոր փուլից հետո ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը որոշում կընդունի։ Հայկական պատվիրակությունն ակնկալում է, որ այն կընդունվի մինչև տերեվերջ։

Back to top button