ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ատեստավորումը չանցած ուսուցիչներն ավելի շատ են, քան հաղթահարածները. փոխնախարար

Բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որոնք ձախողեցին թե՛ սեպտեմբերին անցկացված ատեստավորումը, թե՛ դրա երկրորդ հնարավորությունը մարտին, դեռ կարող են վերադառնալ դպրոց։ Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար շրջանառվում է մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունն է։ Իհարկե, կամավոր ատեստավորումը դպրոց վերադառնալու շատ ավելի կարճ ճանապարհ էր, բայց հնարավորությունն արդեն բաց է թողնված, և ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների մի մասն արդեն հետաքրքրված է բարձրագույն կրթության ծրագրով։

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից շատերը, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորմանը բավարար արդյունք չեն ապահովել, դպրոց վերադառնալու ցանկություն ունեն։ Հաշվի առնելով տարիների վաստակն ու ընդառաջելով առաջարկներին՝ նրանց ևս մեկ հնարավորություն տրվեց։ Արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցված 323 ուսուցիչներից  դպրոցում աշխատելու վերջին հնարավորությունն օգտագործեց  272–ը։ Ու դարձյալ մեծամասնությունը չհաղթահարեց՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

«Ատեստավորումը չանցած ուսուցիչների թվաքանակն ավելի մեծ է, քան հաղթահարած ուսուցիչների քանակը։ Բայց մենք ունենք ուսուցիչներ, որոնք բավականին լավ արդյունքներ են գրանցել։ Եվ նրանք այն ուսուցիչներն են, որոնք առաջին փուլը չեն կարողացել հաղթահարել։ Ոչ միայն հաղթահարել են, այլև բավականին լավ արդյունքներ ունեն և ավելի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն »։

Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ն ապահովել են 90-100 տոկոս, 18-ը՝ 80-89 տոկոս, 16-ը՝ 70-79 տոկոս, 32-ը՝ 60-69 տոկոս, 65-ը՝ 50-59 տոկոս և 134-ը՝ մինչև 50 տոկոս արդյունք: Ուսուցիչներին 2-րդ հնարավորություն տալը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ողջունում է, բայց, ասում է, քայլն անարդարացի էր աշխատանքը կորցրած մյուս ուսուցիչների հանդեպ։

«Տեղի ունեցավ որոշակի խախտում։ Օրինակ՝ նախօրոք հայտարարվել էր, որ մեկ անգամ պետք է մասնակցեն միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները, ինչի պատճառով մի քանի հարյուր ուսուցիչներ դիմում գրեցին, դուրս եկան։ Հիմա այդ մարդիկ կարող են ասել, եթե մենք իմանայինք, որ երկու անգամ կարող էինք մասնակցել, մենք էլ կմասնակցեինք գոնե առաջինին։ Այդ մարդկանց հանդեպ մենք անարդարություն արեցինք։ Ընթացքում նախարարությունը փոխեց խաղի կանոն։ Իհարկե, այդ խաղի կանոնը աշխատեց ուսուցիչների օգտին, բայց այն ուսոցիչների, որոնք սեպտեմբերին դիմում չէին գրել աշխատանքից դուրս գալու։ Իսկ այն ուսուցիչները, որոնք օգոստոսի 20-ից դուրս եկան, նրանց դեմ աշխատեց այս որոշումը»։ 

Անհամաչափություն կար անգամ կազմված թեստերի միջև՝ նկատում է զրուցակիցս։ Եթե որևէ թեստից ուսուցիչները բարձր են ստանում, իսկ նախորդ անգամ համատարած կտրվում են, ուրեմն խնդիրը նաև թեստերում է ՝ կարծում է Խաչատրյանը։

«Այս ատեստացիան էլ ցույց տվեց, որ բարձր միավորներ ստացողներ կային, բայց անգամ այս 2-րդ փուլում էլ կային անհամաչափություններ։ Օրինակ տեխնոլոգիան ոչ ոք չէր հաղթահարել, բայց շախմատը բոլորը հաղթահարել էին։ Նույն շախմատը առաջին անգամ ահավոր բարդ էր, և ուսուցիչների կոտորած եղավ։ Երկրորդ անգամ պարզ էր։ Հիմա այն ուսուցիչը, որն առաջինին մասնակցեց ու մի կերպ 70 ստացավ, եթե երկրորդին մասնակցեր, հնարավոր է 95 ստանար։ Փաստորեն նա  ֆինանսական կորուստ ունեցավ։

Նախորդ ատեստացիայից հետո աշխատանքը կորցրած, բայց 2-րդ հնարավորությունից օգտված ուսուցիչներն, ի դեպ, ամենայն հավանականությամբ կվերականգնվեն իրենց իսկ դպրոցներում։

«Ուսումնական հաստատություններին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով ուսուցիչների մեծ մասի՝ արդեն իսկ աշխատանքից ազատված լինելու հանգամանքը՝ թափուր հաստիքների մրցույթների հայտարարման դեպքում նախապատվությունը տան կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին՝ նրանց վերականգնելով նախկին աշխատավայրում»։

Փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն է, որ դպրոցում պետք է դասավանդեն բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, բայց երբ դպրոցներ ունենք, որտեղ մասնագետների լուրջ բաց կա, նման կոշտ քայլն ավելի մեծ խնդիր կարող է առաջացնել՝ կարծում է։

«Մենք դպրոցում ունենք առարկաներ, օրինակ՝ տեխնոլոգիան, ֆիզկուլտուրան, արվեստը, որտեղ մարդ կարող է շատ լավ ձեռք ունենալ և լավ ուսուցիչ լինել։ Ես չեմ ասում՝ եկեք միջին մասնագիտությամբ ուսուցչին ասենք՝ արի մաթեմատիկա կամ քիմիա դասավանդիր, պարզ է, որ այդ առարկաները պետք է բարձրագույն կրթությամբ մասնագետները դասավանդեն։ Բայց կան առարկաներ, որոնք իսկապես կարող է միջին  մասնագիտությամբ ուսուցիչը դասավանդել։ Եթե լավ վարպետ է, ինչո՞ւ չի կարող դասավանդել դպրոցում»։ 

Նախարարության որոշումն անբեկանելի է։ Այն ուսուցիչները, որոնք այս փուլը ևս չեն հաղթահարել, այլևս չեն կարող աշխատել դպրոցում: Բայց մեկ հնարավորություն այնուամենայնիվ ունեն։  Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար շրջանառվում է մասնագիտական զարգացման ծրագիր, որի բաղադրիչներից մեկը պետության աջակցությամբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունն է: Իհարկե, կամավոր ատեստավորումը դպրոց վերադառնալու շատ ավելի կարճ ճանապարհ էր, բայց քանի որ այդ հնարավորությունն արդեն բաց է թողնված, իսկ մասնակիցներից շատերն իրենց չեն պատկերացնում այլ դաշտում, հուսով են դպրոց վերադառնալ՝ արդեն  բարձրագույն կրթության դիպլոմը ձեռքին։ 

Back to top button