ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Le Figaro»-ի հրապարակումը՝ տարակարծությունների առիթ

Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունն այս դահլիճում է՝ գործադիրի այսօրվա նիստին հայտարարել է հանրապետության վարչապետը՝ անուղղակիորեն արձագանքելով Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի՝ ֆրանսիական «Le Figaro»–ին տված հարցազրույցին: Ծավալուն հրապարակման մեջ արցախցի պաշտոնյան անդրադարձել է խնդրահարույց տարբեր հարցերի: Հարցին, թե գոյություն ունի արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ այն շենքում, որտեղ հյուրընկալում է լրագրողին, տեղակայված են Արցախի նախագահի, դատական ու օրենսդիր մարմինների գրասենյակները: Հայաստանում հարցազրույցը միանշանակ չի ընդունվել: 

Հայաստանի իշխանությունը կտրուկ է արձագանքել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցին ֆրանսիական «Le Figaro» թերթին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սոցիալական ցանցում հրապարակմամբ հստակ մեղադրել է Շահրամանյանին, իր ձևակերպմամբ, «գործակալական պահվածք դրսևորելու» համար: Ըստ պատգամավորի՝ սա առնվազն պետք է գրաված լիներ համապատասխան կառույցների ուշադրությունը։ Պատգամավորը գրել է.

«Հայաստանում կա մեկ կառավարություն, կա մեկ իշխանություն, և մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն անգամ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին»:

Պաշտոնյաներին վրդովերցրել է փաստը, որ Շահրամանյանը ներկայացել է որպես«վտարանդի» ղեկավար և «վտարանդի» կառավարության մաս:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գործնական առաջարկով է հանդես եկել. Հայաստանում վտարանդի կառավարություն անունից հանդես եկող բոլոր գրասենյակները փակել, քանի որ դրանք իրենց գոյությամբ սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը և պետականությանը։ Գրառման մեջ պաշտոնյան հավելել է.

«Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն»։

Ըստ Չախոյանի՝ Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց և դրա հետևանքով Արցախը հայաթափելուց հետո «նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը»:

Իշխանության ներկայացուցիչների գրառումներին սոցիալական ցանցերում նախորդել էր ՀՀ վարչապետի գնահատականը, որը նա հարկ համարեց հնչեցնել կառավարության նիստում:

«ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր, ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այդ թեմայով, բայց դա հարց է, որը նաև պետք է պատասխան ստանա: Հստակ արձանագրում է և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում: Նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են և տեսել ենք, ինչ են արել այդ հնարավորության հետ»: 

Ֆրանսիական պարբերականի հետ զրույցում Շահրամանյանը խոսել է տարբեր թեմաներից: Նա հերքել է հնարավոր կապն Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած իրադարձությունների միջև՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում: Հարցին, թե գոյություն ունի արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը դրական է պատասխանել՝ նշելով, որ այն շենքում, որտեղ հյուրընկալում է լրագրողին, գտնվում են Արցախի նախագահի, դատական ու օրենսդիր մարմինների գրասենյակները:

Հոկտեմբերին Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով։

Հայաստանում Արցախի «վտարանդի» կառավարության գործունեությունն իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ են համարում, օրինակ, ՌԴ-ում ՀՀ նախկին հյուպատոս, դաշնակցական Հրայր Կարապետյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը.

Հրայր Կարապետյան․ «Ես լիովին համաձայն եմ այն տեսակետի հետ, որ Արցախի խնդիրը պետք է քաղաքական օրակարգում պահել, որ այստեղ պետք է վտարանդի կառավարությունը: Հստակ է, որ Արցախի ոչնչացումից հետո «միջանցք» ունենալը անպայմանորեն ենթադրում է թուրանական աշխարհ դուրս գալը և «պանթուրքիզմի» իրագործումը: Սա Ռուսաստանը չի կարող չհասկանալ»: 

Սուրեն Պետրոսյան․ «Որևէ մեկը իրավասու չէ վերջ դնելու կամ փակելու Արցախի էջը: Արցախի պետականության էջը փակելը կամ Արցախի Հանրապետության ճակատագրի վրա խաչ քաշելը ազգային անվտանգության սպառնալիք է: Եթե մենք ուզում ենք պահպանել մեր հավակնությունները Արցախի նկատմամբ, մեր իրավունքները և այլ գործոններ, դրան տանող առաջին անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլն այդ ինստիտուտների կենսագործունեության ապահովումն է, որը թույլ է տալիս Արցախի մեր հայրենակիցների հավաքական առաջնորդությունն իրականացնել»: 

Այս հարցում, սակայն, վերլուծաբանները միակարծիք չեն: Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն, օրինակ, ընդգծում է այն վտանգը, որը կարող է առաջանալ Արցախի «վտարանդի» կառավարության գործունեության հետևանքով, որը նաև արկածախնդրություն է համարում: 

«Ադրբեջանը նստած ինչ-որ պատճառ է ման գալիս, որ հերթական անգամ սա օգտագործի մեր դեմ: Չե՞ն կարող վաղը մեզ մեղադրել, որ մենք «սեպարատիզմ» ենք բուծում Հայաստանում, որ մենք պատրաստվում ենք ռևանշիզմով զբաղվել, «վտարանդի» կառավարություն և այլն, և այլն: Մենք գիտենք, որ Ադրբեջանը շատ վարպետորեն է այդ հիմքերը ստեղծում: Ասենք, սրա նպատակը ո՞րն է, սա արդյո՞ք վնաս չի ներկայացնում մեզ, նաև հաշվի առնելով, որ մենք այսօր ունենք բանակցային պրոցես Ադրբեջանի հետ»: 

Մինչդեռ բանակցային գործընթացն առանձնապես չի կաշկանդում, օրինակ,  Ադրբեջանին: 44-օրյա պատերազմից հետո այն ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին արհեստական խոսույթը: Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» անգամ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին նամակով խնդրել է աջակցել Հայաստան ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։ Գիտությունների ազգային ակադեմիայում ֆակուլտետ են ստեղծել, որն իբրև թե զբաղվելու է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի տեղանունների, բնակավայրերի լանդշաֆտի վերականգնմամբ»։ Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի վերջից արդեն որոշվել էր «Արևմտյան Ադրբեջանում» ծնվածների անձը հաստատող փաստաթղթերում պաշտոնապես նշել նրանց ծննդավայրի «պատմական տեղանունը»։

Back to top button