ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մարդու իրավունքները պարտություն են կրել աշխարհում. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Արցախում կատարվածն ապացույց է, թե ինչպես է 4 հազարամյա ժողովուրդը զրկվում իր տնից, հողից։ Այս մասին այսօր Երևանում հայտարարել է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի տնօրեն Էլիզա Ֆոն Ջոհեդեն-Ֆորջեյը՝ վերահաստատելով հաստատության ավելի վաղ արած պնդումը, որ Արցախում Ադրբեջանն իրականացրել է ցեղասպանություն։ Այս գլոբալ սխալի համար խիստ մտահոգված ենք և ամեն ինչ անելու ենք, որ արդարությունը վերականգնվի՝ հայտարարել է նա, հավելելով, որ եթե միջազգային հանրությունը 1915-23 թթ-ին Թուրքիայի նկատմամբ ճիշտ քաղաքականություն վարեր, ապա հետագա ցեղասպանությունները չէին կրկնվի։ Էլիզա Ֆոն Ջոհեդեն-Ֆորջեյն այս հայտարարությունն արել է ԳԱԱ–ում այսօր մեկնարկած «Հայաստանը քաղաքակրթական խաչմերուկ․պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովի իր ելույթում։

Ընդամենը վեց ամիս է անցել Արցախում հայկական երկրորդ ցեղասպանությունից՝ հայտարարեց Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի տնօրեն Էլիզա Ֆոն Ջոհեդեն-Ֆորջեյը՝ շեշտելով, որ այն խնդիրները, որոնց առնչվում է հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը՝ ցեղասպանությունները կանխարգելելու առումով, նոր չեն։ 

«Եթե արևմտյան աշխարհը 1915-1923 թթ ցեղասպանությունից հետո ճիշտ քաղաքականություն վարեր Թուրքիայի նկատմամբ, ապա  այսօր այս ամենը տեղի չէր ունենա։ Եթե տարիներ շարունակ Ադրբեջանի հայաֆոբիան՝ հայատյացությունը դատապարտվեր, ապա այսօրվա իրավիճակում չէինք հայտնվի»։

Չնայած երկրորդ աշխարհամարտից հետո Ռաֆայել Լեմկինի կողմից «Ցեղասպանություն» տերմինը սահմանելուց ի վեր ժամանակակից աշխարհում բավականին մեծ ջանքեր են գործադրվել ցեղասպանությունների կանխարգելման համար, լուրջ ձախողումներն ակնհայտ են՝ շեշտում է Լեմկինի ինստիտուտի տնօրենը։ Նա նկատում է՝ բավարար գործիքներ ներկայիս աշխարհում, այնուամենայնիվ, կան դրանք թույլ չտալու համար։ Նա գլխավոր պատճառն էլ է արձանագրում՝ ձևակերպելով. «մեծ պետությունների անամոթ անտարբերությունը, մեղսակցությունը».

«Մենք տեսնում  ենք նույն Միացյալ Նահանգների անամոթ մեղսակցությունը ցեղասպանություններին, օրինակ՝ մեկը Արցախում, մյուսը՝ Գազայում։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն, օրինակ, դատապարտում է Ոկրաինայում տեղի ունեցողը, բայց չի դատապարտում Արցախում  և Գազայում ցեղասպանությունը»։

Այս մոտեցումը բարոյական փլուզում է որակում Լեմկինի ինստիտուտի տնօրենը։ Նա արձանագրում է հանրահռչակված մարդու իրավունքների պարտությունը։ Ցեղասպանություններ թույլ չտալու համր պայքարը, ցավոք, թակարդված է մեծ պետությունների կողմից՝ ձևակերպեց Էլիզա Ֆոն Ջոհեդեն-Ֆորջեյը՝ նկատելով նաև, որ աշխարհաքաղաքական շահերն են առաջնային դարձել ներկայում։ Մինչդեռ Լեմկինի ինստիտուտը պահանջում է, որ այնպիսի կոալիցիա ձևավորվի, որը դուրս կմղի նման քաղաքականություն վարող պետություններին։ Հենց դա էլ հույս կտա, որ ցեղասպանությունների կանխարգելումը հաջողություն կունենա՝ շեշտեց նա։

Նաև այդ հաջողության ուղին գտնելու նպատակ ունի ԳԱԱ–ում մեկնարկած «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» խորագրով միջազգային համաժողովը։ Մեր օրերում մշակութային ցեղասպանության խնդիրներին նույնպես անդրադառնալու է գիտաժողովը։ Գիտության ու փաստերի ուժեղ զենքով հակադարձելու է պատմական զեղծարարությանը։ Հայաստանը որպես ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային առաջատար երկիր է դիտարկվում՝ որպես հիմնական նյութին տիրապետողի՝ նկատում է համաժողովի կազմակերպիչներից «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը.

«Երկու օրվա ընթացքում մենք  տարբեր նիստեր ենք անցկացնելու։ Քննարկումներ են գնալու հենց այդ թեմատիկայով, և այդ ամենի հիման վրա հետագայում որոշակի նյութեր ենք տպագրելու, փորձելու ենք որոշակի գործընթացներ անել։ Կարծում եմ, որ եթե թիրախային, նպատակադրված աշխատանք տանենք, ապա կհաջողենք»։     

Գիտաժողովը մեկ հարթակի շուրջ է հավաքել մոտ 20 երկրի գիտական ու փորձագիտական ներուժը։  Հայ փորձագետներից բացի, երկօրյա գիտաժողովին մասնակցում են նաև մասնագետներ Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։  

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը։ «Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում՝ նշել է նախագահ Խաչատուրյանը, հույս հայտնելով, որ այդ  տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են՝ նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու առումով։

Back to top button