ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Մայրաքաղաքից հեռու․ մասնագիտական տոնը՝ մարզային թատրոնների պատուհանից

Ասում են՝ թատրոնը մայրաքաղաքային արվեստ է կամ քաղաքը մայրաքաղաք է դարձնում։ Թատրոնի միջազգային օրը «Ռադիոլուրը» ոլորտի հաջողակներին ու թատերական նորությունները Երևանի սահմաններից դուրս  է փնտրել ու պարզել, որ թատերական արվեստը մարզերում ծաղկում է, իսկ հանդիսատեսի հետաքրքրությունը տարետարի մեծանում է։

  • «Թատրոնը հայրենասիրություն է»․ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն

«Թատրոնը մայրաքաղաքային արվեստ է» ձևակերպմանը մայրաքաղաքից շուրջ 100կմ հեռու՝ Գավառ քաղաքում, համաձայն չեն։ Վստահեցնում են՝ ոչնչով չեն զիջում, ավելի ուժեղ են ու դիմացկուն, հաղթահարում են մարզային թատրոնին բնորոշ խնդիրները։

«Եթե ուշադիր լինեք, կզգաք, որ թատրոնը ծաղկման փուլում է, ակտիվացել է հետաքրքրություն կա թատրոնի նկատմամբ։ Թատրոնը կյանքի մի մաս է, որից անմասն մնալ չի կարելի»,–  ասում է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը։

Գավառի պետական դրամատիկական թատրոնն ավելի քան 140 տարվա պատմություն ունի: Թատրոնի արխիվում պահպանվել են ազդագրեր, որոնք պատմում են, թե ինչպես 19-րդ դարի վերջին ուսուցիչների մի խումբ Գավառում սիրողական թատրոն հիմնեց: Արդեն 1885թ․–ին  Գավառի թատրոնն առաջնախաղ ուներ, բեմադրվել էր Րաֆֆու «Սամվելը»: Գրեթե 80 տարի թատրոնը «անիվների» վրա էր, հիմնական շենք չուներ մինչև 60-ականները, երբ կառուցվեց Գավառի թատրոնի առաջին շենքը։ Այն գործեց մինչև 2011-ը, այսօր արդեն Թատրոնը գործում է 8 տարի առաջ կառուցված ու շահագործման հանձնված նոր, շքեղ շենքում։

«Ունենք շատ լավ աշխատակազմ, դերասանական կազմը հիմնականում տեղի դերասաններն են, չնայած ունենք նաև հրավիրյալ դերասանուհի Երևանից։ Ծրագրում ենք նաև ռեժիսորներ հրավիրել։ Պետք է ամեն ինչ անենք, որ թատրոն–հանդիսատես կապը ավելի ամրապնդվի։ Հիմնական նպատակը հենց դա է․ կապել հանդիսատեսին թատրոնի հետ»,– ասում է Ղափանցյանը։

Հանդիսատեսի պակասից չեն բողոքում, լեփ–լեցուն դահլիճներ հաճախ են ունենում։ Այսօր նոր հաստիքների խնդիր ունեն, տնօրենը պատմում է՝ թատրոնը հսկիչներ, դերձակ չունի, բայց բացը սեփական ռեսուրսներով քիչ թե շատ լրացնում են։

«Ունեցել են նաև Շիրակի մարզից հանդիսատես, դպրոցականներ էին։ Մարզից են շատ այցելում, Սևանից, Ճամբարակից, Մարտունուց, իսկ հիմնական հանդիսատեսը Գավառից է։

Առաջիկայում նաև առաջնախաղ ունեն․ ֆրանսիական թատերախմբի հետ «Կյանքի 3 տարբերակ» պիեսն են բեմադրել, մարտի 30-ին առաջնախաղն է։

«Թատրոնը եկեք համարենք հայրենասիրություն, նվիրվածություն հայրենիքին, եթե կարողանում ենք այս պայմաններում այս մշակույթը, այս արվեստը պահել ուրեմն կարող ենք համարել դա հայրենասիրություն կամ հայրենասիրության մի տեսակ․․․»,– եզրափակում է Հայկ Ղափանցյանը։

  • «Թատրոնը քաղաքը մայրաքաղաք է դարձնում»․ Աշտարակի դրամատիկական թատրոն

Մայրաքաղաքից 24կմ հեռու էլ թատերական դռները շուրջ 1 տարի առաջ մի խումբ երիտասարդներ են բացել։ Աշտարակի դրամատիկական թատրոնը շուրջ 30 տարի չգործերուց հետո արդեն կայուն խաղացանկով ներկայանում է աշտարակցիներին ու Աշտարակի հյուրերին։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանը պատմում է՝ իր երազանքը մի թատրոն հիմնելն էր, որի տոմսերը ձեռք բերելը դժվար կլիներ։

«Համարում եմ ձեռքբերումը, որ կարողացել ենք մեկս մյուսին այնպես վարակել, որ հավատում ենք, որ Աշտարակի դրամատիկական թատրոնը դառնալու է հանրապետության լավագույն թատրոնը։ Տեղացի դերասաններ ունենք, չնայած քիչ են թվաքանակով, բայց համայնքի ներկայացուցիչներ են»։

Այստեղ ամեն ինչ նոր է, նոր է թատրոնի գեղարվեստական դեմքը, խաղացանկը։ Մի քանի ամսվա թատերական կյանքի ընթացքում արդեն մի քանի «sold out»–ներ են  ունեցել, այցեքարտը՝ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա ստեղծված «Բովանդակություն» ներկայացումն է։

«Նախորդ ներկայացումից հետո մի հետաքրքիր բան ասացին․ ասում են՝ իրականում թատրոնը մայրաքաղաքային արվեստ է, բայց նաև հակառակ ազդեցություն ունի․ քաղաքը դարձնում է մայրաքաղաք։ Ես վստահ եմ՝ լոկացիան կարևոր չէ, լավ բան նայելու արվեստի հետ հաղորդակցվելու համար կարևոր չէ դու վարում են 10 րոպե թե 1 ժամ։ Եթե հանդիսատեսը ցանկանում է լավ բան նայել հաստատ Աշտարակ հասնելը դժվար չէ»,– ասում է Գոռ Մարգարյանը։

  • «Մաղթում եմ, որ մեր ճակատագրին չարժանանան»․ Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  առաջնախաղի է պատրաստվում․ առաջիկայում նոր բեմադրությամբ՝ «Հրեշը լուսնի վրա» ներկայացմամբ հյուրախաղերի են մեկնելու։ Թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն ասում  է՝ տեղահանությունից հետո Երևանում բեմել արդեն ունեցել են, բայց դժվարությունները շատ են։

«Ընդհանրապես Երևանում պայմաններ չունենք խաղալու համար, դահլիճ չոունենք, գիտեք՝ վարձակալությունն էլ մեծ գումարի հետ է կապված, չգիտենք դրա տակից կկարողանանք դուրս գալ, թե ոչ։ Հիմա այս պահին փորձում ենք հովանավորներ գտնել, որ թե՛ տարածքի, թե՛ ֆինանսների հարցում օգնի մեզ, որ կարողանանք մեր թատերախումբը պահենք, որ չցրվեն տարբեր թատրոններում»։

Արցախի դրամատիկական թատրոնը գրեթե 1–դարյա պատմություն ունի։ 92 տարվա ընթացքում ավելի քան 500 բեմադրություն են ունեցել՝ դասականներից մինչև ժամանակակիցներ։ Թատրոնի պատմությունը 4 մասի են բաժանում․ խորհրդային տարիների գործունեություն, Արցախյան առաջին պատերազմից մինչև 44–օրյա պատերազմի փուլ, 44–օրյայից մինչև տեղահանություն ու արդեն հայաստանյան օրեր։

«44-օրյա պատերազմից հետո մինչև տարհանումը մենք 9 նոր բեմականացում ենք արել ու անգամ շրջափակման ժամանակ, այդ ծանր պայմաններում սեպտեմբերին մի քանի անգամ խաղացել ենք առանց գազ, առանց սնունդ։ Ներկայացումը կոչվում էր «գիշատիչների խնջույքը»,– պատմում է տնօրենը։

Երկու պատերազմ տեսած, տեղահանություն անցած Արցախի թատրոնի տնօրենը տոնական օրվա առթիվ նաև հստակ ձևակերպած մաղթանք ունի․․․

«Եթե Հայաստանի թատրոններին մաղթանքս հղեմ, ապա մաղթում եմ, որ մեր ճակատագրին չարժանան»։

Back to top button