ԿարևորՀասարակություն

«Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում»․ ՀՀ–ում ՂՀ  արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մարտի 27–ին կայացավ հայ–ղազախական գործարար համաժողով, որը կազմակերպվել էր Հայաստան Ղազախստանի Հանրապետության գործարար առաքելության շրջանակում։

«Հայաստանի և Ղազախստանի միջև ամենաբարձր մակարդակով այցերին ու շփումներին զուգահեռ կարևոր է, որ մենք՝ գործարար շրջանակներս, հաճախակի հանդիպենք, քննարկենք, մշակենք ու իրականացնենք համատեղ նախագծեր»,– ողջունելով միջոցառման մասնակիցներին` համոզմունք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ փոխգործակցության խորացմանը նպաստում են ինչպես երկու երկրների ԵԱՏՄ անդամ լինելը, այնպես էլ երկկողմ անմիջական կապերը։ Անդրադառնալով  ՀԱԳՄ և Ղազախստանի գործարաների միության միջև երկարամյա գործակցությանը, Ներսես Կարամանուկյանը վստահություն հայտնեց, որ Հայաստան առաքելությամբ ժամանած «Աստանա» դիվանագիտական ակումբի անդամ-գործարարների հետ հաստատվող փոխգործակցությունն ու ներկա համաժողովը օժանդակություն և գործունեության նպաստավոր պայմաններ կստեղծեն երկկողմ տնտեսական փոխգործակցության հետագա խորացման համար։  

«Հայաստանը Ղազախստանի համար կարևոր գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում,–իր խոսքում նշեց ՀՀ–ում ՂՀ  արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։–Մեր երկրներին կապում են ամուր հարաբերություններ և մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով։ Մենք բարձր ենք գնահատում ավանդական բարեկամական հարաբերությունները և կողմ ենք դրանց հետագա խորացմանն ամենալայն ընդգրկմամբ»։ 

Դեսպանի գնահատմամբ՝ հայ–ղազախական առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ինչին էապես նպաստում են նաև շփումներն ամենաբարձր մակարդակով։ Բոլատ Իմանբաևի խոսքով՝ այսօր Ղազախստանում գործում է հայկական կապիտալով 340 ընկերություն  և 76 ղազախ–հայկական համատեղ ձեռնարկություն՝ տարբեր ոլորտներում։ Ըստ հայկական կողմի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գրանցված է ավելի քան 100 ղազախական կապիտալով ընկերություն։ Անցյալ տարվա տվյալներով՝ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022 թվականի համեմատ աճել է 23,1 %։  «Սա, այդուհանդերձ, չի արտահայտում երկու երկրների տնտեսական ներուժը, և մենք հետաքրքրված ենք խորացնելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները»,– նշեց ՀՀ–ում ՂՀ  արտակարգ և լիազոր դեսպանը՝ հավելելով, որ այս գործարար առաքելությունը և համաժողովը հենց այդ խնդիրն են հետապնդում։  Երկկողմ կապերի խորացման գործում դեսպանը մեծապես կարևորեց նաև Ղազախստանի հայ համայնքի դերը։

Բոլատ Իմանբաևը տեղեկացրեց, որ գալիք շաբաթ տեղի է ունենալու հայ–ղազախական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական՝ 10–րդ նիստը, և, նրա խոսքով՝ ակնկալվում է, որ արդյունքում կընդուվեն նոր պայմանավորվածություններ, որոնք լրացուցիչ ազդակ կտան փոխշահավետ  առևտրատնտեսական և ներդրումային հարաբերություններին։ 

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի՝ երկկողմ համագործակցության մեծ ներուժ կա մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտներում։ Նա առանձին–առանձին անդրադարձավ այն բնագավառներին, որտեղ համատեղ գործակցությունը  խոստանում է լավ հեռանկարներ, այդ թվում՝ ոսկերչության, սարքաշինաթյան, դեղագործության, շինանյութերի արտադրության, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, սպասարկման ոլորտներին։ Արմեն Եգանյանի խոսքով՝ երկուստեք գործակցությանը կարող են նպաստել նաև ԵԱՏՄ–ի և ՀՀ–ում գործող ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները։ ՀՀ էկոնոմիկայի նախարության անունից ողջունելով միջոցառման մասնակիցներին նա վստահություն հայտնեց, որ հնչած ելույթները, շնորհանդեսները, քննարկումները, փորձի փոխանակումը կծառայեն հայ–ղազախական տնտեսական կապերի հետագա զարգացմանը։

Հայաստանում որդեգրված տնտեսական քաղաքականությունը և ներդրումային հնարավորությունները համաժողովի մասնակիցներին հանգամանալի ներկայացրեց «Enterprise Armenia»–ի ներդրումների ներգրավման և արտաքին կապերի գծով ղեկավար Տաթևիկ Գալոյանը։

Ղազախստանի տնտեսական հնարավորություններին անդրադարձան «Աստանա» դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սահմետովը և «KazakhExport»–ի արտաքին համագործակցության վարչության ներկայացուցիչ Արտյոմ Տոլստովը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Աստանա» դիվանագիտական ակումբի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Համաժողովի ավարտին կողմերի տարբեր ոլորտները ներկայացնող գործարարների միջև կայացան առանձին բանակցություններ։

Back to top button