ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաքվին մտահոգում է Բրյուսելում սպասվող ԵՄ-Հայաստան-ԱՄՆ հանդիպումը

Բաքվին մտահոգում է ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող ԵՄ-Հայաստան-ԱՄՆ հանդիպումը։ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ հաջորդ շաբաթ սպասվող հանդիպումից առաջ ադրբեջանական հայտարարությունները հաջորդում են մեկը մյուսին։  Այդ երկրի արտգործնախարարությունը «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակում սպասվող հանդիպումը, պաշտպանության նախարարությունն էլ անհանգստացած է Երևանին ռազմական աջակցություն տրամադրելու փաստից։ 

Բաքուն երբեք այնպիսի աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպիսին ստանում է Երևանը․ Ադրբեջանի արտգործնախարարությունն այսպես է արձագանքում ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող ԵՄ-Հայաստան-ԱՄՆ հանդիպմանը։ Բաքվի գնահատմամբ՝ սպասվող հանդիպումը կողմնակալ է, հիմնված երկակի ստանդարտների վրա։

«Վաշինգտոնի ու Բրյուսելի ընդգծված հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների դեպքում։ Նման զարգացումների դեպքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողության համար»,-նշվում է այդ երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Որքանով է հավանական, որ Բաքուն այս հայտարարությամբ իր սադրանքի համար է հող  նախապատրաստում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այդ հեռանկարը չի բացառում։

«Չեմ բացառում և չեմ պատրաստվում մեկնաբանել։ Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողություններին միանշանակ մեկնաբանություններ տալը։ Ես չեմ մասնակցելու այդ հանդիպմանը, չգիտեմ մանրուքները»։

Ավելի ուշ ևս մի արձագանք հնչեց Ադրբեջանի արտգործնախարարությունից, այս անգամ խոսնակ Հաջիզադեի կողմից։

Ըստ նրա՝ Բաքվին մտահոգում է հանդիպման օրակարգը, Երևանին ռազմական աջակցություն տրամադրելու Բրյուսելի և, մասնավորապես, Փարիզի ծրագրերը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Բաքվի այս հայտարարությունների ֆոնին  ապրիլի 5-ի հանդիպումն ավելի է կարևորովում։

«Ապրիլի 5-ին նախատեսվող հանդիպմանը դեռ 10 օր կա, իսկ Հայաստանի ներսում վատացողներին արդեն ձայնակցեց Ադրբեջանի ԱԳՆ-ն: Մոտ օրերս կարող ենք սպասել Ադրբեջանի ԱԳՆ-ի քույր ԱԳՆ-ի խոսնակուհու վատանալուն: Ապրիլի 5-ի հանդիպումը ավելի է կարևորվում, իսկ արդյունքները շատ արժեքավոր են լինելու»:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի կողմից սպասվող բրյուսելյան հանդիպման մասին հստակեցմանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ յուրաքանչյուր շփում ուղղված է երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և  խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակին, եզրահանգում է՝ Վաշինգտոնն, ըստ էության,  մանրամասների մեջ չի ուզում մտնել։

«ԱՄՆ պետքարտուղարն իհարկե սառը ջուր է լցնում այն տեսակետների վրա, թե Բրյուսելում Հայաստանին արվելու է ինչ որ հուժկու մի առաջարկ, ընդդեմ Բաքվի պահանջների: Ինչի՞ մասին է Միլլերի պատասխանը: Այն մասին, որ հանդիպումը «հավասարության» խախտում չէ, իսկ «հուժկու» աջակցություն լինելու է Նիկոլ Փաշինյանին՝ նրա արտահայտած դիրքորոշումները առաջ մղելու հարցում: Թե ինչ դիրքորոշումներ է արտահայտում վարչապետ Փաշինյանը այս օրերին հատկապես, կրկնելը թերեւս ավելորդ է»:

Բաքվի համար առանձին մտահոգության թեմա է Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման փաստը։ Անհանգստացած են, որ քաղաքացիական առաքելությունը երկարացրեց Հայաստանում տեղակայման ժամկետը ու մեծացրեց դիտորդների թիվը։ Առանձին դժգոհության թեմա է առաքելության կազմում կանադայից դիտորդտների տեղակայման լուրը, ինչն ըստ Բաքվի ՆԱՏՕ-ի առաքելության կարգավիճակ է տալիս ԵՄ առաքելությանը։

Մինչ Բաքուն մտահոգվում է, Հայաստանին աջակցելու հերթական կոչն է անում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։  Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենն  իր ղեկավարած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցի հրապարակման շրջանակում շեշտել է՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի Հանրապետությանը դեպի Արևմուտք ուղղության ընթացքում։

«Աշխարհի ժողովրդավարական երկրները և ԵՄ–ն պետք է աջակցեն  Հայաստանին, ինչը կարևորվում է  հատկապես 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումից և ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական սպառնալիքից հետո»։

Ռասմուսենի գլվավորած խմբի զեկույցում նշվում է, որ Հայաստանը հայտնվել է անվտանգության խիստ անկայուն միջավայրում՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել և ազդանշան է տալիս, որ Հայաստանի դեմ հարձակման է պատրաստվում։

Փաստաթղթի հեղինակներն  ընդգծում են՝  ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ:

Back to top button