ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Բաքվին ճնշելու հերթական կոչը  Լեմկինի ինստիտուտից. փորձագետները վստահ են՝ ոչ մի կոչ Ալիևին չի կանգնեցնի

Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ ապօրինի ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու համար Բաքվին ճնշելու կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Այդ մասին աշխարհին ուղղված կոչ-հայտարարությունն այսօր է հաստատությունը տարածել։ Ավելի վաղ նման բանաձև էր ընդունել նաև ԵԽ-ն։ Հայտարարություններն ու կոչերը, սակայն, Բաքուն ոչ միայն շարունակում է անտեսել, չվերադարձնելով հայ գերիներին, այլև նման հայտարարությունների ֆոնին ավելի վաղ տարածել էր Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի իբր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից հատվածներ, խոստանալով ամբողջական տեսանյութը տարածել մարտի 28-ին։ Փորձագետները կարծում են, որ իր քաղաքական նպատակներին հասնելու համար Բաքուն ոչնչի առջև կանգ չի առնի։

Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, առևանգված քաղաքացիական անձանց և Արցախի՝ ապօրինի ձերբակալված ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

 Հաստատության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Այս ձերբակալությունները տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և դրան հաջորդած՝ նրա քաղաքացիական բնակչության դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ։ Այս պաշտոնյաներից շատերը ձերբակալվել են 2023 թվականի ապրիլին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից կառուցված ապօրինի անցակետում։ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները ենթարկվել են խոշտանգումների, նվաստացումների, սպանությունների, անհետացումների և ցուցադրական դատավարությունների։ Դա արդեն փաստագրված է։ Հաշվի առնելով Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ տարածաշրջանում միջազգային ակտիվ ներկայության անհրաժեշտությունը երբեք ավելի հրատապ չի եղել»։

Լեմկինի ինստիտուտը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետի երկարաձգումը կապել է նրանց բանտարկության պատիժը ներպետական օրենսդրությամբ նախատեսված ժամկետից ապօրինի երկարաձգելու ծրագրերի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ԵԽ-ում տեղի ունեցած համաժողովում էր քննարկվել։ Այս տարվա հունվարի 25-ին էլ ԵԽԽՎ-ն այդ պարտադրանքով դադարեցրեց ադրբեջանական պատվիարակության լիազորությունները։

Ըստ էության, Բաքվին ժամանակ է տրված մտածելու, թե որ ուղղությամբ է շարժվելու, կարծում  է Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը կամ պետք է բավարարի միջազգային կառույցների կոչերը, հայտարարություններն ու բանաձևերը, կամ լքի Եվրախորհուդը, որի անդամ է 2001 թվականից։

«Առայժմ դեմարշ է անում, բայց երբ գա որոշում կայացնելու պահը, երբ որոշվի, թե երկարաձգելու՞ են ադրբեջանական պատվիարակների լիազորությունները, թե հարց է դրվելու հեռացնել ԵԽ-ից՝ Ադրբեջանը  պետք է ընտրություն կատարի՝ կամ լքում է, ԵԽ կամ էլ կատարում է ԵԽ պահանջները և սկսում է մեղմացնել  իր խոսելու տոնը, և սկսում է իր պարտականությունները կատարել,  որի մեջ մտնում է  ապահովել արցախցիների վերադարձը, քաղբանտարկյալներին ազատ արձակելը, բարեփոխումներ կատարելը, այսինքն այն, ինչ կուտակվել է այս 22 տարվա ընթացքում»։

Փորձագետը, սակայն, չի կարծում, որ Ադրբեջանը կկարողանա այդ ամենն անել, հետևաբար, ամենայն հավանականության կնախընտրի լքել ԵԽ-ն։

«Այդ դեպքում նրանց նկատմամբ մի շատ կարևոր լծակ մենք կորցնում ենք, դրա համար աբսուրդ է կարծես ասելը, բայց մեզ համար նախընտրելի է նրան պահել ԵԽ-ում  և ազդեցության լծակ ունենալ։ Հակառակ դեպքում մեկ այլ ազդեցության լծակ մնում են իսլամական  հարթակները, որտեղ մենք դերակատարում չունենք, մուտք էլ չունենք»։

Փորձագետների գնահատմամբ, բնականաբար, Ադրբեջանը հասկանում է, որ իրեն չեն ներելու, այնպես, ինչպես չներեցին ու կասցրեցին պատվիարակների լիազորությունները ԵԽԽՎ-ում։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը կարծում է, որ եթե Բաքուն որոշի դուրս գալ ԵԽ-ից, դրան կհաջորդի ինչպես տնտեսական կապերի խզումը, այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտներում հարաբերությունների կասեցումը։  

Ակնհայտ է, որ այդ ամենը Բաքվին ամենևին էլ չի հուզում։ ԵԽ-ում և միջազգային հարթակներում իր հասցեին հնչած կոշտ գնահատականներից հետո էլ, Բաքուն ո՛չ միայն չվերադարձրեց հայ գերիներին, այլև տարածեց Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի՝ իբր ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից հատվածներ՝ խոստանալով ամբողջական տեսանյութը տարածել մարտի 28-ին։ Կհրաժարվի՞ իր այդ մտադրությունից Բաքուն, թե ոչ՝ պարզ կդառնա շատ շուտով։  

Մինչ այդ, փորձագետները, քաղաքական շրջանակներն ու միջազգային իրավունքի մասնագետները դա դիտարկում են որպես Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական, հոգեբանական պատերազմի մաս և համոզված են, որ Բաքվի անոնսած տեսանյութի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Օրինակ, հնարավոր է՝ փորձ արվի Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնել արցախյան պատերազմների ժամանակ ու պատասխանատվությունը դնել Երևանի վրա։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն այս առումով, սակայն, նշում է, որ միջազգային կառույցներում կա ընկալում, որ գերության մեջ գտնվողի խոսքերը չեն կարող արժանահավատ լինել․

«Ես վստահ եմ, որ իրենք ինքնամեղադրող բնույթի հայտարարություններ են անելու, ինչը անմեղության կանխավարկածի խախտում է, քանի որ նրանց նկատմամբ քրեական դատավարություն է իրականացվում, իսկ քրեական դատավարության ամենակարևոր մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը անմեղության կանխավարկածն է, այսինքն, որ մեղադրյալը չդրվի մի վիճակի մեջ, որ ինքն իր դեմ հայտարարություն կատարի, իր դեմ ապացույցներ ներկայացնի կամ ինքնամեղադրող հայտարարություններ անի։ Եվ երբ կալանքի տակ գտնվող անձը, այն էլ թշնամական միջավայրում, հարցազրույց է տալիս և ինքնամեղադրող բնույթի հայտարարություններ է կատարում, մնում է միայն մեղադրական դատավճիռ տեղում գրել ու ձեռքը տալ, այսինքն դա ֆունդամենտալ խախտում է, և ամբողջ դատավարությունը դարձնում  է անարդարություն»։

Այն, որ Բաքուն նման դեպքերում գերիներին ստիպում է կարդալ պարտադրված տեքստերը՝ նորություն չէ։ Դրա հստակ ապացույց ներկայացրել է նաև հայտնի հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ադրբեջանական 7-ամսյա գերությունից հետո մանրամասն պատմել էր, թե որքան դաժան են վերաբերվում գերիներին Ադրբեջանում, իսկ հարցազրույցները վերցնում են հարկադրանքի ներքո։    

Back to top button