ԿարևորՀասարակությունՏնտեսական

Գաղափարից՝ բիզնես. երբ սփոփանքի խոսքերն ավարտվում են, օգնության է հասնում աշխատանքը

Ավարտվել է 12-շաբաթ տևողությամբ «Գաղափարից ձեռներեցություն» առցանց ծրագիրը՝ նախատեսված Արցախից տեղահանված կանանց համար։ Այն միտված էր զարգացնելու մասնակիցների խոսակցական անգլերենը, ձեռներեցությամբ զբաղվելու ու բիզնես վարելու հմտությունները։

Ծրագիրն ունի նաև մենթորային բաղադրիչ, որի շրջանակում իրենց ոլորտում կայացած սոցիալական ձեռներեցները կիսվել են փորձով ու ուղղորդել մասնակիցներին իրենց հետագա գործունեության մեջ։ Ծրագրի շահառուները Արցախից բռնի տեղահանված կանայք են, որոնք ձգտում են իրականություն դարձնել իրենց բիզնես-գաղափարները։

Արցախից տեղահանված 23-ամյա Էլինա Բալասանյանը դեռ շրջափակման ժամանակ է սովորել սեփական գործով հոգալ ապրուստը։ Արցախում փոքրիկ բանջարանոց ուներ, որը փրկում էր շրջափակման օրերին։ Նաև մեղվաբուծությամբ էր զբաղվում։ Այսօր էլ Արցախից դուրս է իր գործը ստեղծել, որպեսզի գումար վաստակի ու ընտանիքը պահի. որոշել է օրգանական հավերի ու հավկիթի վաճառքով զբաղվել։ Գաղափարը գաղթից հետո է առաջացել, բայց կապված է գաղթի ճանապարհին տեղի ունեցածի հետ։

Հենց ճանապարհին պատահած հավերին է իր հետ վերցրել և բերել Հայաստան։ Այժմ արդեն Էջմիածին քաղաքում հավաբուծությամբ զբաղվող Էլինան ծրագրում է գյուղ տեղափոխվել ու այնտեղ զարգացնել իր գործը։

«Կլինի Լուսե օրգանիկ բանջարեղեն, ծառեր, հետագայում նաև միրգ։ Հավերն էլ սնվում են ամբողջությամբ օրգանական սնունդուվ առանց հավելումներին։ Հետագայում կլինեն մեղր, թեյեր, օրգանիկ արտադրություն»։

Ի տարբերություն Էլինայի՝ Նախշունի բիզները տարիների պատմություն ունի, կարելի է ասել արդեն կայացած ձեռներեց է։ Նրա ասեղնագործած գոգնոցները, պայուսակներն ու վերնաշապիկները նույնիսկ իրենց ձեռագիրն ունեն։ «Նախշ» բրենդն արդեն ճանաչում են ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և արտերկրում։

«Ունեմ փոքրիկ «Նախշ» բիզնեսը, որը սկսվեց ոչ պատահական, քանի որ արվեստը մեր ընտանիքում մեծ դեր ուներ, մասնագիտությամբ էլ դիզայներ եմ։ Պայուսակներ, գոգնոցներ, մազակալներ, տարբեր աքսեսուարներ, կարում և նկարում եմ ինքս։ Վերջին շրջանում էլ պատվերներ ունեի նաև Արցախից դուրս»։

Խոհարարից մինչև ֆերմեր․ Նարինեն, որին Արցախում ճանաչում էին իր խմորեղեններով, Հայաստտանում որոշեց ուժերը փորձել անասնապահության մեջ։  Այժմ արդեն խոզաբուծությամբ  է զբաղվում։

«Հրազդանում էինք բնակվում, հիմա տեղափոխվել ենք Գեղարքունիքի մարզ, գյուղ Զովաբեր։ Զբաղվում ենք մեր փոքրիկ ֆերմայով։ Երկուսն արդեն  ծնել են, ձագեր ունեն։ Կշատացնենք»։

Այս կանանց միավորել է չհանձնվելու և ապագան կառուցելու գաղափարը։ Երբ սփոփանքի խոսքերն ավարտվում են, օգնության է հասնում աշխատանքը, հատկապես ստեղծագործական աշխատանքը։ Իսկ բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհին նրանց աջակցել են «Աջակիցներ» ՀԿ-ն և «FLA» լեզուների դպրոցը։ «Գաղափարից ձեռներեցություն» ծրագրի շահառու դառնալու համար պետք էր պարտադիր Արցախից բռնի տեղահանված լինել, ձեռքի որևէ շնորհք ունենալ և լինել 28-40 տարեկան՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Աջակիցներ» ՀԿ-ի նախագահ Անի Մանուկյանը։

«Հասկացանք, որ միայն ապրումակցելով չենք օգնի ոչ մեկին։ Փորձեցինք մեր հնարավորությունների սահմաններում օգնել բռնի տեղահանված կանանց։ 12 շաբաթվա դասընթաց է եղել՝ խոսակցական անգլերենի կոմպոնենտով։ Իսկ ձեռներեցությունը ՝ գաղափարների գեներացիայից մինչև ծրագրի ներկայացում, նաև առցանց վաճառքի կազմակերպում»։

Ծրագրի գաղափարը ծնվել է 2023թ-ի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Ծրագիրն իրականացվել է բացառապես բարեգործական հիմունքներով։Կազմակերպիչները խոստանում են այն դարձնել շարունակական։

Back to top button