ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ճախրանքը կասեցված է․ չկա ինքնաթիռ, չի լինի նաև թռիչք

Բարի գալուստ «Fly Arna»-ի զանգերի սպասարկման կենտրոն։

Նոր ամրագրման համար սեղմեք 1։
Ամրագրումը փոփոխելու կամ չեղարկելու համար սեղմեք 2։
Թռիչքի կամ մեր այլ ծառայությունենրի մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք 3։

«Fly Arna»-ի զանգերի սպասարկման կենտրոնի ավտոմատ համակարգը դեռ տեղյակ չի, որ այստեղ նոր ամրագրում անել կամ արդեն արված ամրագրումը փոփոխել էլ չի ստացվի։ Առնվազն՝ առաջիկա 6 ամիսներին։

«Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության՝  «Fly Arna»-ի միակ ինքնաթիռը, հունվարի 16-ից Զվարթնոցում անգործ կանգնելուց, փետրվարի 26-ին Շարժա թռչելուց հետո էլ չի վերադարձել, հանվել է հայկական ռեգիստրից։ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ ազգային ավիաընկերության գործունեությունը կասեցված է․

«Այս պահի դրությամբ «Fly Arna»-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության կարգերի և համապատասխանության՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է մինչև համապատասխան օդանավ ներգրավելը: Եթե 6 ամսվա ընթացքում այս օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի։ Տվյալ հարցը ուսումնասիրվում է, ու հստակ տեղեկատվություն լինելու դեպքում կփոխանցենք ձեզ այդ տեղեկությունը, բայց գլխավորապես խնդիրը ֆինանսական է»։

Միևնույն ժամանակ ՏԿԵ փոխնախարարը զգուշացրեց՝ ամբողջական տեղեկատվություն ակնկալելու կարիք չկա․ թեև ընկերությունը հիմնվել էր քաղաքացիների գումարներով, կոմերցիոն գաղտնիքի որոշ դրույթներ միանշանակ թափանցիություն թույլ չեն տալիս․

«Այն հատվածը, որը հնարավոր է հրապարակացնել, կարծում եմ խնդիր չի առաջանա, բայց պետք է նաև հաշվի առնել, որ գոյություն ունի կոմերցիոն գաղտնիք, որը կապակցվածք է նաև այլ ընկերությունների։ Պետք է հասկանալ՝ որը հնարավոր կլինի հրապարակել, որը ոչ»։

«Fly Arna»-ից հարցի պատասխանը ստանալ ևս չհաջողվեց․ ընկերության մամուլի պատասխանատուն գործունեությունը դադարեցնելու իր որոշման մասին հայտնեց Արմեն Սիմոնյանի՝ ընկերության գործունեության կասեցնելու մասին հայտնելու հետ գրեթե համաժամանակ։

Fly Arna-ն ստեղծվել է 2021-ի դեկտեմբերին։ Ընկերության 49%-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին՝ ANIF-ին, որը պետական հիմնադրամ է։ Այնտեղից պատասխան ստանալու մեր ջանքերը ևս անհաջողության մատվեցին․ հիմնադրամն այս փուլում ասելու ոչինչ չունի։

49% բաժնեմաս ունի նաև արաբական «Air Arabia» ավիաընկերության հետ փոխկապակցված «International Business Company»-ին։ Իսկ մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար, ԱՄԷ-ի, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:

Մինչև 23 թվականի նոյեմբերը ընկերությունը երկու ինքնաթիռ ուներ։ Դրանցից մեկը հետ է կանչվել՝ «Air Arabia»-ի ավիապարկ է փոխադրվել 23-ի նոյեմբերի 9-ին և այժմ թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում: Հունվարի 30-ին Fly Arna-ն պաշտոնապես հայտարարեց թռիչքների դադարեցման մասին և երկրորդ ինքնաթիռը Հայաստանը լքեց փետրվարի 26-ին։

Եվ եթե առաջիկա 6 ամիսների ընթացքում ընկերությունը նոր ինքնաթիռ չունենա, նրա՝ մինչև 2039 թվականը ուժի մեջ լիցենզիան կդադարեցվի։

Back to top button