ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայաստանի ականջը շոյել բանաձևերով, բայց համագործակցել Ադրբեջանի հետ․ փորձագետները` ԵՄ վարքագծի մասին

ԵՄ-ը նախ՝ բանաձևեր է ընդունում Ադրբեջանի դեմ, դատապարտում, պատժամիջոցների կիրառման մասին հայտարարում, բայց հետո էներգետիկ համագործակցությունն է զարգացնում, այդ երկիրը վստահելի գործընկեր որակելով։

Փորձագետների կարծիքով սա երկակի ստանդարտների կիրառման օրինակ է։ Սրան զուգահեռ փորձագետները նկատում են՝ եթե այսօր այդ բանաձևերը շոշափելի արդյունք չեն տալիս, դա չի նշանակում, որ ապագայում նշանակություն չեն կարող ունենալ։

«Բանաձևերն ու հայտարարությունները՝ Երևանին, տնտեսական համագործակցությունը՝ Բաքվին»․ այս տրամաբանությամբ է գործում ԵՄ-ը, ինչը հայ փորձագետներին որոշակի անհանգստություն է պատճառում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ասվածի հստակ դրսևորում է համարում ընդամենը մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանի ընդունած երկու բանաձևերը, որոնցում այդ կառույցը կոչ էր անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, իսկ դրանից մի քանի օր հետո Բաքվի հետ համագործակցության խորացման մասին է հայտարարում։

«Սրանք հայանպաստ բանաձևեր են, որոնք շատ դրական ազդեցություն կարող էին ունենալ։ Մենք նույնիսկ սպասում էինք, որ պատժամիջոցներ պետք է կիրառվեին ԵՄ կողմից , բայց այս պահին դա կարծես առ ոչինչ է, քանի որ ԵՄ հետ ունեցած Ադրբեջանի հարաբերությունները բավականին դինամիկ աճ են գրանցում, զարգացման նոր փուլ են թևակոխել։ Հետևաբար հիմա ՀՀ արտաքին քաղաքականության դերակատարների ուղիղ հարցը պետք է լինի այն, թե այդ դեպքում այս բանաձևերը ու՞մ էին ուղղված, եթե Ադրբեջանին են ուղղված, ե՞րբ են գործածության մեջ մտնելու»։

Բանաձևում ընդհուպ շեշտվում է, որ իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական բազմաթիվ նախազգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության որևէ փոփոխության: Բանաձևում նաև նշվում էր՝ ուժեղացնել Հայաստանի պաշտպանունակությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ՀԱՊԿ-ից դուրս նրա անվտանգության տարածքն ընդլայնելու նպատակով։

ԵԽ-ը կոչ է անում ԵՄ-ին և իր անդամ պետություններին ուժեղացնել դիտորդական մանդատը, դիտորդներ տեղակայել նաև Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի երկայնքով։

«Այստեղ գործում են երկակի ստանդարտները՝ քաղաքական աստառ տալու համար նմանատիպ բանաձևեր են ընդունվում՝ Հայաստանի ականջը շոյելու համար և քաղաքական որոշումներից զատ տնտեսական ֆակտորը կարևորված իրականացվում է Ադրբեջանի հետ»։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն այս առումով ֆեյսբուքում գրում է․

«Մինչ մենք ռուսամետ-եվրոպամետ ենք խաղում, Ադրբեջանը խորացնում է իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Մի կողմից Եվրոպական Խորհրդարանը ոչինչ չպարտադրող բանաձև է ընդունում, քննադատելով Ադրբեջանին, մյուս կողմից՝ էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը ուղևորվում է Բաքու, նստում բռնապետ Ալիևի կողքին ու հայտարարում «Այսօր Հարավային գազային միջանցքից դեպի Եվրոպա գազի հոսքերը 46%-ով ավելի են, քան 2021 թվականին։ 2023 թվականին ԵՄ-ն Ադրբեջանից ստացել է գրեթե 11 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումներ։ Եվ ահա ավելի ու ավելի մեծ թվով ԵՄ անդամ երկրներ և ընդլայնվող երկրներ շահագրգռված են Ադրբեջանից գազ ստանալու հարցում»։

Փորձագետը, շարունակելով մեջբերել ԵՄ հանձնակատարի Բաքվում արած հայտարարությունները, նաև շեշտում է նրա այն խոսքերը, որտեղ ԵՄ բարձաստիճան պաշտոնյան նշում է, որ բախվելով ռուսական բռնության աճին և իրենց դռների մոտ շարունակվող պատերազմին, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Եվրոպայի համար Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերություններում սովորական բիզնեսի վերադարձ չի լինի: Եվ այդ տարածքն այժմ լրացվում է այլ վստահելի էներգետիկ գործընկերների կողմից: Եվ հենց դա էլ իբր ԵՄ գտել է Ադրբեջանում։

Ադրբեջանագետը ԵՄ կողմից այս մոտեցումը բնական է համարում, հաշվի առնելով, որ Եվրոպան ունի իրական շահեր Ադրբեջանի հետ, սակայն անբնական է Հայաստանում ակնկալիքները ԵՄ-ից և կեղծ ու անպետք դիսկուրսները ՝ ՌԴ-ի ու Արևմուտքի մասին, ինչը նրա կարծիքով հանրությանը անիմաստ խաղերով զբաղված պահելու նպատակով են արվում։

Քաղքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ ԵՄ կողմից ընդունված բանաձևերը այսօր Հայաստանի համար ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեն, սակայն հայ ազգը հողի վրա իրական աջակցության կարիք ունի անվտանգությունն ապահովելու համար։ Բայց սա չի նշանակում, որ այդ բանաձևերը հարկավոր չեն։

«Կարճաժամկետ հեռանկարում դրանք արդյունավետ չեն, իսկ երկարաժամկետ հեռանկարում, եթե մենք դիտարկելու լինենք, ապա արդյունավետ են այնքանով ,որքանով Հայաստան պետությունը ի վիճակի կլինի միջազգային հանրությանը ցույց տալու նախկինում իր կողմից ընդունած բանաձևերը, իսկ Ադրբեջանին ստիպելու հարգելու ՀՀ կենսական շահերը տարածաշրջանում»։

Քաղաքագետի դիտարկմամբ այսօր Արևմուտքին ոչ այնքան հումանիտար խնդիրներն են հետաքրքիր, որքան տնտեսական շահերը, ու ԵՄ գործում է հենց այս տրամաբանությամբ։

Back to top button