ԿարևորՀասարակություն

Հայաստանը` Մարսի աշխարհագրական երկվորյակ. ի՞նչ գիտափորձեր են անցկացվելու գարնանը

Լուս․՝ OeWF/vog.photo

1988, ձմեռ, «Այաս» տիեզերագիտական խմբակ։ Դասարանը չի ջեռուցվում։ Ուսուցիչը՝ Ավետիք Գրիգորյանը, առաջադրանք է տալիս, որի լուծումը պետք է ներկայացնել գարնանը։

Առաջադրանք։ Մարսի վրա աշխատող տիեզերագնացներին անհրաժեշտ է էլեկտրամոբիլ՝ վայրէջքային սարքից կամ բնակելի մոդուլից հեռանալու համար։ Որքա՞ն կարող են հեռանալ՝ առանց վախենալու հնարավոր խնդիրներից։ Վախը բացառելու համար պետք է ունենալ էներգահամակարգ, որն էներգիա  կստանա միջավայրից, տվյալ դեպքում՝ քամուց։ 

2024, գարուն, AMADEE-24։Հայաստանում անցկացվող առաքելության գիտափորձերից մեկն առաջարկել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։ Գիտափորձի ընթացքում քամին փորձելու են օգտագործել որպես էլեկտրաէներգիայի աղբյուր։ 1988թ-ի գարնանը մշակված նորամուծությունը փորձարկվելու հնարավորություն է ստանում 2024-ի գարնանը։

Արդյո՞ք մարդը կարող է երկար ժամանակ ապրել մեկուսացված, սահմանափակ ռեսուրսների միջավայրում, երբ սահմանափակ է նաև ընտանիքի հետ շփվելու հնարավորությունը։ Այս հոգեբանական գիտափորձը ենթադրում է հույզերի ուսումնասիրություն՝ էքստրեմալ իրավիճակներում։

Իսկ արդյո՞ք հնարավոր է «չափել» մարդու հոգեվիճակը։ Սրտի աշխատանքն, օրինակ,  կարելի է չափել էլեկտրասրտագրության միջոցով, այս պարագայում տեսանելի չէ այն, ինչ ցանկանում են չափել։ Սակայն սա չի խափանում գիտափորձը, քանի որ կան չափողականության մշակված ստրատեգիաներ։

Քանակական չափման համար օգտագործվելու է հույզերի չափման ստանդարտացված հարցարանը։ Անալոգ տիեզերագնացները պարբերաբար լրացնելու են հետազոտական թեստերը, որոնք հետագայում վերլուծվելու են։ Բացի դրանից՝ նրանք օրագրային գրառումներ են անելու։

Անի Գրիգորյանն ավագ դպրոցում ցանկանում էր աստղաֆիկզիկոս դառնալ, սակայն մասնագիտական որոնումները նրան նախ մարդու ներքին տիեզերական աշխարհը հասկանալու դաշտ տարան։ Մասնագիտությամբ հոգեբան է, աշխատում է ԵՊՀ «Անձ և սոցիալական միջավայր» գիտահետազոտական լաբորատորիայում։ Ավստրիական տիեզերական ֆորումի դասընթացի քննությունները բարեհաջող հանձնելուց հետո որպես կամավոր միացել է առաքելության թիմին։

2024թ․-ի գարնանը Հայաստանը կվերածվի Մարսի աշխարհագրական երկվորյակի․ այստեղ կանցկացվի AMADEE-24 սիմուլացիան։ Տիեզերագնացները շուրջ մեկ ամիս անելու են այն, ինչ պատրաստվում են անել Մարս առաջին այցելության ժամանակ՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ինչքանով են տեխնիկական և կազմակերպչական միջոցները համապատասխանում առաքելությանը:

Ընդհանուր առաքելությունը տևելու է շուրջ մեկ ամիս՝ մարտի 5-ից ապրիլի 8-ը։ Արարատի մարզում 6 տիեզերագնացի համար տիեզերակայան է  կառուցվելու։ Նրանք ապրելու և աշխատելու են տիեզերակայանում։ Մեկ ամսվա ընթացքում ոչ ոք չի մոտենալու տիեզերակայանին, քանի որ ամբողջական սիմուլյացիա է տեղի ունենալու։ Կառավարման կենտրոնը գործելու է Վիեննայում․ Ավստրիան Երկիրն է լինելու, Հայաստանը՝ պայմանական Մարսը։ Գայանե Հակոբյանը նախորդ տարի որպես հրավիրված հետազոտող միացել էր Ավստրիական տիեզերական ֆորումին:

«Սկսեցի աշխատել իրենց հետ, մի քանի ամիս անց զանգահարեցին, ասացին` պետք է խոսենք, հետաքրքիր բան ունենք քեզ հայտնելու։ Շատ հետաքրքիր էր այդ պահը, որովհետև զրույցի ժամանակ հայտնեցին, որ Հայաստանը ընտրվել է որպես հյուրընկալող երկիր առաքելության համար։ Ես մի քանի րոպե լուռ  էի, չէի կարողանում խոսել, ու իրենք մտածեցին, որ կապը կտրվել է»։

Արդյո՞ք Մարսի վրա կյանք կա, արդյո՞ք մարդը կարող է երկար ժամանակ ապրել Մարսի վրա, ինչպե՞ս Մարսի վրա ստեղծել գյուղատնտեսական կուլտուրա կամ օրինակ կառուցել բնակելի վայր։ Այս հարցերին պատասխանող հետազոտությունները հետագայում իրականացնելու համար մարդուն անհարաժեշտ է նախապատսրաստական գիտելիքներ՝ ռեսուրսներն արդյունավետ բաշխելու համար։ Անալոգ առաքելությունները թույլ են տալիս երկրի վրա մոդելավորել գիտափորձեր, ստանալ որոշակի արդյունքներ, որոնք կհեշտացնեն ապագա առաքելությունները արդեն իրական՝ մարսյան միջավայրում։

Back to top button