ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հնարավորինս արագ ավարտել Հյուսիս–հարավը՝ տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար

Տրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի չորրորդ՝ Քաջարան-Ագարակ 32 կմ-ոց ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը։ Կապալառուներն իրանական երկու կազմակերպություններ են։ Հյուսիս-հարավ տարածաշրջանային ծրագրին ակտիվորեն մասնակցում է նաև Ադրբեջանը՝ փորձելով ոչ միայն խոչընդոտել Հայաստանին, այլ նաև դուրս մղել այս միջանցքից։ Նպատակը՝ հասնել նրան, որ փոխադրումների մեծ մասն անցնի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով։

Հյուսիս-հարավ ճանապարհի ամենաբարդ հատվածի շինարարության մեկնարկի մասին հայտարարվեց օրերս։ «Ճանապարհային դեպարատմենտ» հիմնադրամը տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է շինարարական հատված տեխնիկա տեղափոխվում։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը տրվել է։ Կապալառու կազմակերպություններն իրանական երկու շինարարական ընկերություններ են՝ «Abad Rahan Pars International Group»-ը և «Tunnel Sadd Ariana»-ն։ Այժմ իրականացվում են մոբիլիզացիոն-նախապատրաստական աշխատանքներ, ներմուծվում է շինտեխնիկա։  

Ըստ պատասխանատուների՝ Սիսիան-Քաջարանն այս ծրագրի ամենաբարդ նախագիծն է, 60 կմ երկարությամբ հատվածում 12 թունել, 27 կամուրջ է նախատեսվում կառուցել։ Թունելներից մեը Բարգուշատինն է՝ մոտ 9 կմ երկարությամբ։ ՏԿԵՆ Գնել Սանոսյանն ավելի վաղ մանրամասնել էր․

«Արդյո՞ք 60 կմ-ը մեկ լոտով կառուցել, թե՞ բաժանել 3 լոտերի։ Թունելն առանձի՞ն կառուցել, թունելից հյուսիսն ու հարավը՝ առանձին։ Քանի որ մեծ նախագիծ է, փորձում ենք այս փուլն այնպես անցնել, որ շինարարության ընթացքում խնդիրներ ի հայտ չգան։ Գերադասել ենք հիմա՝ այս փուլում, բոլոր հարցերը լուծել, որից հետո ընտրել շինարարական ընկերություն»։

Այս պահին հստակ է, որ ավելի քան 13 տարի ձգձգվող ռազմավարական ծրագրի նշանակությունը Հայաստանի համար այժմ էլ արդիական է։ Հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումնեը՝ այն այժմ ավելի մեծ կարևորություն ունի։

«Ամբերդ » հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Աննա Փախլյանն ընդգծում է․

«Բարդ տրանսպորտային հանգույց է նախատեսվում այդ հատածում կառուցել, որը կներառի տրանսպորտային 5 նոր հանգույց, 6 նոր էստակադա, 920 մետր երկարությամբ երկու նոր թունել։ Կլինեն  նաև 17 նոր կամուրջներ։ Հսկայածավալ աշխատանք է»։

Մոտ 60 կմ–ով  կկարճանա իրանական սահմանից մինչև վրացականն ընկած ճանապարհը՝ արձանագրում  է փորձագետը։ Սա կբարձրացնի տրանսպորտային բեռնափոխադրումների արդյունավետությունը։ Բայց ծրագիրը միայն սրանով չէ կարևոր։ Այն ունի տարածաշրջանային ու տարանցիկ  նշանակություն․

«Պլանավորված է, որ ծրագիրը թույլ կտա Հայաստանը դարձնել տարանցիկ գոտի՝ Հնդկաստանից մինչև Եվրոպա ապրանքների բեռնափոխադրման ճանապարհին։ Ընդհանրապես Հյուսիս հարավ ճանապարհը հսկայածավալ նախագիծ է, որն իր մեջ մոտ 7200 կմ երկարությամբ ձգվող տրանսպորտային ուղիներ ու հանգույցներ է ներառում։ Նախագիծն ամբողջությամբ ավարտելու դեպքում ՌԴ–ից մինչև Հնդկաստան ու մինչև Եվրոպա ծախսերը մոտ 30 տոկոսով կնվազեն, մոտ 40 տոկոսով կկրճատվի հեռավորությունը»։

Նախագիծը կապահովի հայկական  բեռների ելքն ավելի արդյունավետ մեխանիզմով՝ կարծում են փորձագետները։ Հյուսիս-հարավ տարածաշրջանային ծրագրին ակտիվորեն մասնակցում է նաև Ադրբեջանը՝ փորձելով ոչ միայն խոչընդոտել Հայաստանին, այլ նաև դուրս մղել այս միջանցքից՝ արձանագրում է տնտեսագետը․

«Այդ հատվածի ճյուղավորման մի մասը  դեռ պետք է Հայաստանի տարածքով բայց որոշակի վտանգ կա, որ Ադրբեջանի՝  իր  ճանապապարհների  ավելի արագ կառուցման ու գործարկման պարագայում Հայաստանը կորուստներ կունենա։ Սա առաջին դեպքը չէ, 30 և ավելի տարիներ շարունակ Ադրբեջանը և Թուրքիան փորձել են տարածաշրջանային նման նախագծերից դուրս մղել Հայաստանին, ինչը տնտեսության վրա թողել է իր բացասական ազդեցությունը»։ 

Այս ամենը հաշվի առնելով՝ փորձագետն ավելի է կարևորում ճանապարհն ի վերջո կյանքի կոչելն ու շահագործելը։ Դանդաղման հետևանքով կորուստներն ակնհայտ են, թեև հստակ հաշվարկներ դեռ չկան։  Ծրագրի ձգձգումից ամենաշատը տուժում է բեռնափոխադրումների ոլորտը։ Այստեղ ծախսերը մեծ են, ինչն էլ ի վերջո իր ազդեցությունն է թողնում սպառողի գրպանի վրա։

Back to top button