ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Կառլսոնը Պուտինի հետ խոսեց Աստծո և ռուսական հոգու մասին․ սկանդալային հարցազրույցի արձագանքները

ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին, երկու ժամ հարցազրույց տվել։  Պուտինը խոսել է ուկրաինական պատերազմի, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների և այլ թեմաների շուրջ։ Արևմտյան լրատվամիջոցները այս հարցազրույցը համարում են սկանդալային։ Բնորոշումները մեկը մյուսից խոսուն են՝ «Պուտինը դասախոսություններ էր կարդում, կատակում և երբեմն գռմռում», «Կառլսոնը ծիծաղեց, լսեց և հետո մի քիչ էլ լսեց», «Պուտինը լիովին կառավարում էր հանդիպումը, զրուցակիցը հազիվ թե խոսք ասաց», «Պուտինն ասաց, որ ԱՄՆ-ի թղթակցին ազատ արձակելու համար կարելի է գործարք կնքել»։

Սոցիալական ցանցերում ավելի քան 70 մլն դիտում գրանցած՝ Ռուսաստանի նախագահի՝ ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնին տված մոտ երկու ժամ տևած աղմկահարույց հարցազրույցը լի էր Պուտինի կողմից ճանաչողական մեջբերումներով, պատմական  էքսկուրսով։ Սակայն մյուս կողմից այն  ամբողջությամբ ողողված էր իր երկրի շահերը առաջ տանելու ակնհայտ շեշտադրումներով։ Հարցազրույցում Ռուսաստանի նախագահը անընդհատ շեշտում էր, որ  պատրաստ է բանակցելու, ընդհանուր հայտարարի գալու և պատերազմը կանգնեցնելու։  

«Ուկրաինան ահրեստածին պետություն է, ստեղծված Ստալինի կամքով»

Սա Պուտինի առաջին հացազրույցն էր արևմտյան լրագրողի հետ 2022 թ․ փետրվարի 24-ին  Ուկրաինայում սկսված  ռազմական գործողություններից հետո։  Թեմաները բազմազան էին։ Հարցազրույցի ընթացքում կարևոր մեսիջներ հնչեցին Պուտինի կողմից՝ ուղղված և՛ Ուկրաինային և՛ Արևմուտքին։ Նա անընդհատ մեջբերում էր ԱՄՆ, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին փաստեր, ակնարկներ, որոնք ճիշտ չեն ընկալվել ժամանակին։  

«ԽՍՀՄ փլուզումից հետո Ելցինը գնաց ԱՄՆ կոնգրեսում ելույթ ունեցավ և հիանալի բառեր ասաց, նա ամեն ինչ ասաց, դրանք ազդանշաններ էին՝ թույլ տվեք մեզ մոտենալ ձեզ»։

Նա պարզաբանեց, որ այդ ժամանակ Ռուսաստանը պատրաստ էր համագործակցելու, սակայն իրենց չլսեցին ԱՄՆ-ում։

-Այստեղ Կրեմլում, իշխանությունից հեռացող նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ հարցերեցի, որ եթե Ռուսաստանը հարց բարձրացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու, դա հնարավոր կլինի՞։ Նա պատասխանեց՝  հետաքրքիր կլինի, կարծում եմ դա հնարավոր է։ Իսկ երեկոյան, երբ հանդիպեցինք ընթրիքի սեղանի շուրջ, նա ասաց, որ խոսել է իր թիմի հետ․․․ Ոչ, ոչ, հիմա դա անհնար է։

Դուք այն ժամանակ անկե՞ղծ էիք, դուք կմիանայի՞ք ՆԱՏՕ-ին։

-Լսեք, ես հարց տվեցի՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ և ստացա պատասխան՝ ոչ։

-Իսկ եթե նա ասեր՝ այո, դուք կմիանայի՞ք ՆԱՏՕ-ին։

-Եթե նա ասեր՝ այո, մերձեցման գործընթաց կսկսվեր։

Պուտինը նաև հիշեցրեց, որ առաջարկել է ավագ Բուշին, որ Ռուսաստանը, ԱՄՆ  ու Եվրոպան միասնական ՀՕՊ ստեղծեն, ինչը զարմանք է առաջացրել Բուշի մոտ։  ԱՄՆ նախագահն ասել է, որ կմտածեն այդ ուղղությամբ, արդյունքում առաջարկը մերժվել է։

Ամերիկացի հայտնի լրագրող Կառլսոնին ակնհայտ զարմացնում էին այս հստակեցումները։ Նա պարբերաբար հոնքը բարձրանում էր, ծիծաղում էր Պուտինի պատասխաններից հետո։ Ամեն դեպքում՝ անկաշկանդ զրույցի տպավորություն էր։

Լրագրողը կտրուկ հարցեր էր ուղղում ուկրաինական պատերազմի մասին և ոչ միայն։

«Ինչպե՞ս կարելի է ավարտել պատերազմն Ուկրաինայում,  ե՞րբ եք վերջին անգամ խոսել Բայդենի հետ»։

Լրագրողի այդ հարցին Պուտինի կարճ արձագանքը հետևյալն է՝ «Դե, ես չեմ հիշում երբ եմ վերջին անգամ նրա հետ խոսել»։

Իսկ պատերազմը կավարտվի, ըստ Ռուսաստանի նախագահի, երբ ԱՄՆ-ն դադարեցնի զինել Ուկրաինային։ Նա հստակեցրեց, որ դեռ չեն հասել իրենց  նպատակներին, իսկ նպատակներից մեկը Ուկրաինայի ապազգայնացումն է։

Նա շրջանցեց ամերիկացի լրագրողի հարցը՝ արդյո՞ք Ռուասաստանը կբավարարվի այն տարածքներով, որ ունի այժմ։

Հարցազրույցի ընթացքում ամերիկացի լրագրողը կարողացավ անգամ, այսպես ասենք՝ հարց լուծել, համենայն դեպս տպավորությունն այդպիսին էր, ստանալ դրական արձագանք, ակնարկ  ամերիկացի լրագրող  Էվան Գերշկովիչին ազատ արձակելու հարցում։

Թեև Պուտինը բացատրում էր, որ Գերշկովիչը տիրապետում է գաղտնի տեղեկատվության, ամերիկյան հետախուզական ծառայություններն, ըստ նրա, կարող են մտածել, թե ինչպես կարող են օգնել լուծելու այս հարցը։

BBC-ն հարցազրույցի այս մասը բնութագրել է հետևյալ կերպ՝ «Պուտինն ասաց, որ ԱՄՆ-ի թղթակցին ազատ արձակելու համար կարելի է գործարք կնքել»։

Համաշխարհային մամուլը տարբեր որակումների է արժանացրել այս հարցազրույցը։ 

The New York Times–ը, The Guardian–ը խայտառակություն են որակել հարցազրույցը, հիշեցնելով, որ Կառլսոնը հաճախ է քննադատել ԱՄՆ-ին Ուկրաինային զինելու և աջակցելու համար։ Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ թշնամի են համարել բոլոր այն մարդկանց,  որոնք կազմակերպել են այս հարցազրույցը։

«Փոխանակ Ռուսաստանի առաջնորդին մեղադրեր, որպես ենթադրյալ պատերազմական հանցագործի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար և վիճարկեր նրա կեղծ պնդումները, Կառլսոնը շեղվեց ուղուց՝ խոսեց Աստծո և ռուսական ոգու մասին»,– գրում է BBC–ն:

Back to top button