Մոռացված ֆիլմերի ստվերները

«Քաոս»․ ֆիլմ՝ ստեղծված ցոփ ու շվայտ կյանքին հակառակ. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը «Քաոս» ֆիլմի նկարահանումները ստանձնեց՝  դեռևս չավարտված՝ «Այսօր արևոտ օր է» ֆիլմի ծանրությունը սրտին։ Վաղուց իր մտքում փայփայած վեպի էկրանավորումը օգնեց նրան վերստին զբաղեցնել ստեղծագործական միտքը ու որոշ չափով մոռանալ նախորդ ֆիլմի հետ կապված տհաճ պատմությունը։

Լաերտ Վաղարշյան

Լաերտ Վաղարշյանը հայ ֆիլմարվեստի պատմության մեջ առանձնանում է իր բարձր կուլտուրայով և նախընտրած ուրույն թեմաներով։ Դրա վկայությունն են նրա ոչ մեծաթիվ ֆիլմերը,  որոնց մեծ մասը, անարդացիորեն մոռացության լուսանցքում է հայտնվել։ Դրա ապացույցը անցյալ դարի 70-ականներին էկրանավորած «Քաոս» գեղարվեստական ֆիլմն է, որը ստեղծման հետաքրքիր պատմություն ունի։ Բան այն է, որ զանազան վարչական կազմակերպությունների  պաշտոնյաների հետ շփվելով, Լաերտ Վաղարշյանը մոտիկից ծանոթանում էր նրանց կյանքին և բարքերին ու ակամա գալիս այն եզրահանգման, որ այդ մարդկանց մոտ սպառողական հոգեբանությունը հասել էր վտանգավոր չափերի։ Կաշառակերությունն ու պետական միջոցների յուրացումն իր ցանցի մեջ էր առել համարյա բոլոր ասպարեզները։ Այդ ամենում նա ևս մեկ անգամ համոզվեց, երբ Գրողների միության հերթական համագումարում լսեց Սիլվա Կապուտիկյանի ելույթը, որի ժամանակ բանաստեղծուհին բազմաթիվ փաստեր էր ներկայացնում այն մասին, թե դրամապաշտությունը ինչպես է թափանցում մարդկանց հոգիներ։ Լաերտ Վաղարշյանի դուստրը Մարինա Վաղարշյանը պատմում է, որ 70-ականների Բրեժնևյան լճացնող քաղաքականությունը արվեստագետին հուշում էր այդ թեմայով ֆիլմեր նկարահանել։ Սակայն այդ տարիներին  ժամանակակից կյանքն էկրանին  այդպիսին ներկայացնելը համազոր էր ինքնասպանության։ Բայց Լաերտ Վաղարշյանը գտնում է իրեն հուզող մտքերը մարդկանց փոխանցելու ճանապարհը և որոշում է  էկրանավորել Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը։

«Հենց այդ ժամանակ դրամատուրգ Վադիմ Մելիքսեթյանը «Հայֆիլմի» խմբագրական կոլեգիային էր ներկայացրել «Քաոս» վեպի կինոսցենարը։ Կարելի է ասել հայրիկիս ցանկությունը զուգադիպեց   Վադիմ Մելիքսեթյանի կատարած աշխատանքին»,-պատմում է Մարինա Վաղարշյնաը։ 

Մարինա Վաղարշյան Պավել Ջանգիրով

Լաերտ Վաղարշյանի կյանքի ընկալմանն  ու  մոտեցմանը  համահունչ  կինոսցենարի հաստատումից հետո ֆիլմի նկարահանման համար «Հայֆիլմում» կառուցվում է հատուկ տաղավար, որտեղ տաղանդավոր դերասանների մի ամբողջ բույլի մասնակցությամբ պետք է ստեղծվեր հայ ունևոր խավի ցոփ ու շվայտ կյանքի մանրակերտը։
 Սոս Սարգսյան, Բաբկեն Ներսիսյան, Ազատ Շերենց. այս դերասանների կողքին իր առաջին գլխավոր դերակատարումն էր ստանձնել գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող Կարեն Ջանգիրովը։  Ճարտարապետ, լրագրող Պավել Ջանգիրովը պատմում է, որ եղբայրը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժին, սակայն կեսճամփին բախում է ռեժիսուրայի դուռը։ Դժվար է ասել, թե  հայոց շինարարությունն ինչ կորցրեց, բայց բազմաթիվ են թատերոնի ու կինոյի սիրահարները , որ շինարար Կարեն Ջանգիրովից ավելի նախընտրում են դերասան, ռեժիսոր Կարեն Ջանգիրովին։

«Մենք միասին էինք սովորում Պոլիտեխնիկական ինստիտուտում ես՝ չորրորդ կուրսի ուսանող էի նա՝ երկրորդ։  Ուսումնական տարվա ավարտին նա բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ որոշում է իր ուսումը շարունակել թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում։ Կարենը Պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսական կազմի մոտ շատ խոստումնալից մասնագետի համբավ էր ձեռք բերել  և դա էր պատճառը, որ  ինձ կանչեցին դեկանատ և ասացին «Համոզիր եղբորդ, այդ քայլին չգնա »։ Բայց նա հայտարարեց, որ իր որոշումն անբեկանելի է։ Ես հիշում եմ, որ այդ տարի ռեժիսուրայի բաժնում վեց անցողիկ տեղ էր և հարյուր քսան դիմորդ։ Սակայն Կարենը կարողացավ հաղթահարել ընդունելության քննությունները և դարձավ Գեղարվետա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի ուսանող»- ասում է Պավել Ջանգիրովը։

«Քաոս» ֆիլմն առանձնանում է նաև  երաժշտությամբ, որի հեղինակը կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանն է։ Օրերից մի օր Միրզոյանին հյուր եկած Լաերտ Վաղարշյանը նրան պատմում է, որ պատրաստվում է էկրանավորել «Քաոս» վեպը, և ապագա ֆիլմի համար երաժշտություն է հարկավոր։ Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործություններն ու հատկապես « Քաոս» վեպը գնահատող կոմպոզիտորը շատ արագ հեղինակում է  ֆիլմի երաժշտությունը։ Սակայն ֆիլմի առաջին դիտման օրը, երբ նա էկրանին տեսնում է Ալլա Թումանյանի խաղը, հասկանում է, որ երաժշտությունը շատ ավելի թույլ է և այլ բան է հարկավոր։   

Էդվարդ Միրզոյան

«Էդվարդ Միրզոյանը հորս ասում է, որ նոր երաժշտություն է գրելու, հայրս էլ շփոթվում  և հակադարձում է , որ ամեն ինչ հրաշալի է, բայց Միրզոյանը վճռական էր տրամադրված։ Դիլիջանի կոմպոզիտորների միության քոթեջում, մի  գիշերում նա գրում է երաժշտությունը։  Այդ ստեղծագործությունը՝ այսօր հայ դասական արվեստի երկրպագուներին  հայտնի է «Շուշանիկ սյուիտ» անվանմամբ և  տարբեր  համերգային երեկոներին կատարվում է ու  գեղեցիկ հույզեր արթնացնում ունկնդիրների հոգիներում։ Փաստորեն այդ ստեղծագործությունը ունեցավ ֆիլմից անկախ իր կյանքն ու ճանապարհը»,- ասում է Մարինա Վաղարշյանը։

Նկարահանման և մոնտաժային աշխատանքներն ավարտելուց երկու տարի անց՝1975 թվականին Մոսկվայում տեղի է ունենում կինոնկարի պրեմիերան։ Այդ պրեմիերային հաջորդում է ցուցադրությունը  Բաքվի կինոթատրոններից մեկում։ Դիտմանը ներկա են լինում նաև Կարեն Ջանգիրովի այնտեղ բնակվող հարազատները։ Պավել Ջանգիրովը տարիներ անց էլ չզսպելով ծիծաղը պատմում է, որ դիտմանը ներկա էր եղել նաև իրենց տատիկը, որը Միքայելի ծեծի տեսարանը դիտելուց հետո անսպասելի ոտքի է կանգնում և բղավում «Шакалы маего внука бьют»…

Բեմադրական առումով բարդ, ռեժիսորական բարձրարվեստ էկրանավորումով «Քաոս» ֆիլմը Լաերտ Վաղարշյանի ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Այն էկրան բարձրանալուց հետո սիրվել ու ընդունվել է ջերմ արձագանքով։ Բարդ ժամանակը ստվերել է այդ հաջողությունը։ Սակայն հույս ունենանք, որ այդ նույն ժամանակն էլ, որ լավագույն քննադատն է նաև ու գիտի ամեն ինչ դնել իր տեղը, արդար վճիռ կկայացնի, և Լաերտ Վաղարշյանի ֆիլմերն ու հատկապես «Քաոսը» կստանան երկրորդ կյանքի հնարավորություն։

Back to top button