ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որակյալ, արդի չափանիշերին համապատասխան մանկապարտեզներ․ քաղաքական ուժերն են խոստանում

Քարոզարշավի վերջին օրը՝ մեր թեմատիկ վերջին անդրադարձը։ Մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներին հետաքրքրող կարևորագույն թեման՝ մանկապարտեզների հարցն ու ընդունելության դժվարությունները, Երևանի ավագանու թեկնածուների խոստումների ցանկում են։ Գրեթե բոլոր ուժերն այս խնդիրը ներառել են նախընտրական ծրագրերում, ունեն ոլորտը բարեփոխելու իրենց առաջարկները։

Քաղաքաշինական սխալ նորմերից մինչև ֆինանսների բացակայություն․ այս տիրույթում են տեսնում մանկապարտեզներին առնչվող խնդիրները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի խոսքով՝ քաղաքաշինական սխալ մոտեցումների հետևանքով հասարակությունն այսօր  կրում է երեխային մանկապարտեզ ընդունել չկարողանալու բեռը։ Մանկապարտեզներից շատերը սեփականաշնորհվել են ու այլ նպատակներով են օգտագործվում։ «Հանրապետությունում» կարծում են, որ ճիշտ հաշվարկներով հնարավոր կլինի լուծել խնդիրը։ Պետք է հասկանալ՝ 100 000 բնակչի հաշվարկով քանի մանկապարտեզ է պետք։ Առաջարկում են՝ վթարային շենքերի ապամոնտաժմամբ նախադպրոցական հաստատություններ կառուցել։  

«Մենք տեսնում ենք այսպես, եթե այդ շենքերն ապամոնտաժվում են, ապա վերականգնվեն  քաղաքաշինական նորմերը, միավոր տարածքում որքան մարդ կարող է ապրել, այդ մարդու համար որքան մանկապարտեզ, դպրոց պոլիկլինիկա, ջրային այգի և այլն։ Այդ քաղաքաշինական ստանդարտները պետք է աշխատենք վերականգնել։ Մեր նպատակների մեջ մտնում է մաստեր պլանի հաստատումը, և այդ մաստեր պլանը մենք պետք է իրականացնենք իմաստունների միջոցով»։

17 000 երեխա մայրաքաղաքում հաճախում է մանկապարտեզ, նույնքանն էլ սպասում է մանկապարտեզ ընդունվելու իր հերթին՝ ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Այս կուսակցությունը խնդրի լուծումը նոր մանկապարտեզների կառուցման հետ չի կապում։ Ուսումնասիրել են ու պարզել, որ բացառությամբ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների, մյուս բոլոր համայնքներում եղած մանկապարտեզների շենքային պայմանները բավարար են ավելի շատ երեխա ընդունելու համար։ Հարցը ֆինանսական միջոցների սղությունն է, որը քաղաքապետարանը հատկացնում է յուրաքանչյուր երեխայի համար։ Մեկ երեխայի համար ամսական հատկացնում է 30.000 դրամ։ Միակ քաղաքական ուժն է, որ խոստովանում է՝ հերթերը վերացնելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ։ Լուծումը տեսնում են մասնավոր մանկապարտեզների համակարգի զարգացման մեջ։

«Մենք ասում ենք, որ պետք է ներդրվի մասնավոր մանկապարտեզների  զարգացումը։ Ինչու այսօր մասնավոր մանկապարտեզները չեն զարգանում, որովհետև դրանք ինքնարժեքով բարձր են, մյուս կողմից՝ այդ պարտեզները չունեն պետական վերահսկողություն։ Իսկ այն ծնողները, որոնք վճարունակ են, երեխային տանում են պետական մանկանպարատեզ, քանի որ կա վերահսկողություն։ Եթե մենք ավագանու որոշումներով ստեղծում ենք վերահսկողական մեխանիզմներ մասնավոր մանկապարտեզների համար,  որոնք կարող են առաջարկել հավելյալ ծառայություններ, տարբեր խմբակներ, ապա այս պարագայում վճարունակ ծնողները երեխաներին կտանեն այդ մանկապարտեզներ։ Այդ պարագայում ազատվելու են տեղեր այս երեխաների համար»։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության հաշվարկներով՝ մասնավոր մանկապարտեզներն անհասանելի են շատերին։ Աստղաբաշխական վարձավճարների պատճառով ոչ բոլորն են կարողանում դրանցից օգտվել։ Մանկապարտեզներում հերթերը թեթևացնելու համար առաջարկվող լուծումը ցանցի ընդլայնումն է։ Մեծ ծախսեր ենթադրող հարցին պետք է միջամտի նաև կառավարությունը։ Համայնքային բյուջեով լուծումներ գտնելն անհնար է՝ ասում է կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը։

«Հանուն արդարության ուզում եմ ասել, որ շատ փոփոխություններ կան պետական մանկապարտեզներում։ Չենք կարող համեմատել 10 տարի առաջվա մանկապարտեզների հետ։ Բայց դա բավարար չէ։ Մենք պետք է հնարավորինս շատ բարձրացնենք որակը պետական մանկապարտեզների թե՛ կոմֆորտի առումով, թե՛ զարգացման, թե՛ փորձենք վերապատրասման ուղարկել բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեն երեխաների դաստիարակության հետ»։

Ժամանակակից չափանիշներին և որակական պահանջներին  համապատասխան նոր մանկապարտեզների կառուցում․ «Հանրային ձայն» կուսակցության խոստումն է։ «Արդար Հայաստանը»  խոստանում է վերանորոգել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները, թեթևացնել բյուրոկրատական քաշքշուկը։

«Թվային կառավարման պետք է անցնել և թեթևացնել բյուրոկրատական քաշքշուկները։ Կոռուպցիոն ռիսկերի մասին չեմ ուզում խոսել։ Տնօրենների ընտրության վերաբերյալ։ Չեն վերացել ծանոթ–բարեկամով նշանակումները։ Կառավարման մոդելներ պետք է ներդրվեն։ Մեն կարևորում ենք երեխաների կրթությունը հենց նախադպրոցական տարիքից»։  

«Ազգային առաջընթաց» կուսակցության 42 էջանոց ծրագրում նախադպրոցական հաստատությունների վերաբերյալ կետ կա, որը, սակայն, վերաբերում է ոչ թե հերթերի թեթևացմանը, այլ այս կառույցներում կրթության կազմակերպմանը։ Նախատեսում են մշակել զարգացման ծրագրեր, ներառյալ՝ քաղաքացիական ուսուցման, առողջ ապրելակերպի, անվտանգության, բանասիրական և հայրենաճանաչության պարտադիր դասընթացներ։  «Միացյալ Հայաստան» կուսակցությունը շեշտը դնում է բոլոր վարչական շրջաններում մսուրային խմբերի ստեղծման վրա։ Պետք է հասկանալ նաև, թե որ համայնքում քանի մանկապարտեզ կառուցելու անհրաժեշտություն կա՝ասում է քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։

«Ամեն տարածքում պետք է հասկանալ բնակչության թիվն ու ըստ դրա որոշել մանկապարտեզների քանակը։  Այն սեփականաշնորհված մանկապարտեզները, որոնք որպես բիզնես են այսօր ծառայում պետք է վերադարձվեն հասարակությանը»։

«Ապրելու երկիր»  կուսակցությունը քաղաքային պլանավորման մեջ նախատեսում է ներառել  Child-friendly city նախաձեռնությունը։ Ինչը նշանակում է, որ Երևանում նոր կառուցվող և գոյություն ունեցող ենթակառուցվածքները՝ այդ թվում  մանկապարտեզները,  պետք է հարմար, հասանելի և անվտանգ լինեն երեխաների համար։  «Քաղաքացիական պայմանագիրն» էլ խոստանում է՝ 2024թ. հիմնանորոգելու են 33, 2025 թ.-ին՝ ևս 35 մանկապարտեզ, ինչի արդյունքում նախադպրոցական տարիքի ոչ մի երեխա զրկված չի լինելու մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։  Իշխող ուժը խոստանում է՝ այսպիսով 2026 թվականին Երևանի մանկապարտեզներից ոչ մեկն այլևս հիմնանորոգման կարիք չի ունենա։

Back to top button