ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ով ընկերոջ դիակը թողեց թուրքին, դավաճան է․ Արմենակ Ավդալյան․ «Կյանքին ասել այո՛»

Արմենակ Ավդալյանը ծնվել է 1975 թվականին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո տասնյոթ տարեկանում որպես կամավոր մասնակցել է արցախյան առաջին պատերազմին։ 1993 թվականին ամուսնացել է, ունեցել երք զավակ։ Միհրանը ավագն էր։ Ծնվել էր 1993 թվականի  փետրվարի 12-ին, դպրոցն ավարտելուց հետո 2011-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Արցախի Մարտակերտի շրջանում։ Ծառայության ընթացքում սեփական դիմումի համաձայն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական ինստիտուտ։ Ավարտելուց հետո 2016-ին առանց վիճակահանության մեկնեց  Մատաղիս՝ տեղի զորամասում ծառայության անցնելով որպես  դասակի հրամանատար։ 2017-ին Միհրանի ընտանիքը ևս Ջանֆիդայից տեղափոխվեց Մատաղիս։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Միհրան Ավդալյանը  Մատաղիսի չորրորդ գումարտակի  հետախուզության պետն էր։ Դրսևորելով բացառիկ քաջություն ու հնարամտություն նա երկու անգամ իր զինվորներին դուրս է բերել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածներից՝ փրկելով  նրանց կյանքը։ 2-րդ աստիճանի «Մարտական խաչով» պարգևատրվելու որոշումից ժամեր անց ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը զոհվեց Վարանգաթաղի բարձունքում ՝ հետմահու արժանանալով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

«Երկու օր չէին կարողանում Միհրանի մարմինն այդ տարածքից հանել, թշնամին թույլ չէր տալիս, բայց հատուկ ջոկատայինի տղաներն ասացին՝ մեռնենք էլ , պիտի մարմինը բերենք, որովհետև Միհրանը սկզբունք ուներ՝ ով ընկերոջ դիակը թողեց թուրքին, դավաճան է։ Մարմինը հանել ու երկրորդ օրը հասցրել են մեզ»,-պատմում է Արմենակը։

 Երկու որդիներից կրտսերին՝ Ռոբերտին, Միհրանը միայն լուսանկարով տեսավ, քանի որ ծնվել  է պատերազմից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին։ Բայց հասցրեց որդուն անվանակոչել քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։ Երազում էր նաև երրորդ որդու մասին, որին անվանակոչելու էր Քյարամ Սլոյանի անունով։

Back to top button