

Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերը նման են իրեն՝ գերակտիվ, խիստ, բայց միևնույն ժամանակ ծայրաստիճան բարի և զուսպ։ Հանդիսատեսին ուղղված սիրո և բարության ընդգծված ուղերձով նրա ֆիլմերը, բոլոր ժամանակներում դիտվում են մի շնչով։
Էդմոնդ Քեոսայանը՝ խորհրդային և հայկական կինոյի հսկան, անցյալ դարի 50-ականների սկզբին Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող էր, իր ներսում լսեց ուրիշ աշխարհի կանչեր։
Ընդունվեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտի ռեժիսուրայի բաժին և ավարտեց այն հաստատ որոշմամբ՝ ուսումը շարունակել Մոսկվայի՝ Գերասիմովի անվան կինեմատոգրաֆի համառուսական պետական ինստիտուտում։
Եֆիմ Ձիգանի արվեստանոցն ավարտելուց հետո կինոյում Էդմոնդ Քեոսայանի մեծ ճանապարհը սկսվեց «Աստիճան» կարճամետրաժ ֆիլմով, որը Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնում արժանացավ գլխավոր մրցանակի:
Այնուհետև նրա առաջին լիամետրաժը՝ «Խոհարարուհին» կինոկատակերգությունը, դառնում է խորհրդային վարձույթի առաջատարներից մեկը: Քեոսայանի ֆիլմերը նոր էջ բացեցին խորհրդային կինոյում՝ ապացուցելով, որ սովետական կինոն ևս կարող է ապահովել դրամարկղային աննախադեպ խոշոր հասույթներ։ Դրա վառ ապացույցը՝ 1966 թվականին «Մոսֆիլմ»-ում նկարահանված «Անորսալի վրիժառուները» ֆիլմն էր: Արկածային կինոնկարը դարձավ 60-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն։




«Կինոնկարի աննախադեպ հաղթարշավից հետո կինոյի ոլորտի այն ժամանակվա նախարար Ալեքսեյ Ռոմանովը Քեոսայանին հանձնարարեց նկարահանել «Անորսալիների նոր արկածները»:
Քեոսայանը բարդ վիճակում էր։ Հայտնի է, որ ֆիլմերի շարունակությունները հազվադեպ են կայանում իբրև արժեքավոր գործ և, սովորաբար, մնում են նախնական տարբերակի ստվերում։ Չնայած այն իրողությանը, որ «Ռուսական կայսրության թագը» ֆիլմը այնքան էլ չէր զիջում եռապատումի նախորդ մասերին, այնուամենայնիվ, նրա դեմ լավ նախապատրաստված մի արշավ է սկսվում խորհրդային մամուլում: Այս տհաճ իրադարձություններից հետո էր, որ Էդմոնդ Քեոսայանին գործուղեցին «Հայֆիլմ»,-ասում է Սիրանույշ Գալստյանը ։
«Հայֆիլմում» մեծ եռանդով գործի անցած Քեոսայանը, 1973-ին նկարահանեց «Տղամարդիկ» կատակերգությունը, որին հաջորդեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը։ Տնային դիտման սովորական կինոնկար. այսպես կարելի է անվանել Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» կինոնկարը, որի գլխավոր հերոսի դերակատար 40-ամյա Արմեն Ջիգարխանյանը 1977-ին ստացել է Բելգրադում անցկացվող Միջազգային կինոփառատոնի՝ տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակ։




«Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի հաջողությունից մեկ տարի անց Էդմոնդ Քեոսայանը նախաձեռնեց «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմի նկարահանումները։
Սերո Խանզադյանի՝ «Այրված տունը» պատմվածքը հետաքրքրել էր ռեժիսորին։ Նրա առաջարկով ռեժիսոր, սցենարիստ Առնոլդ Աղաբաբովը պատմվածքը վերածում է կինոսցենարի։ «Լքված հեքիաթների կիրճը» ֆիլմում իր առաջին գլխավոր դերն է մարմնավորել դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ Կինոյում մեծ ճանաչում ու սեր վայելող Արմեն Ջիգարխանյանի և Լաուրա Գևորգյանի խաղընկեր լինելն անհավատալի էր թվում երիտասարդ դերասանին։
Վերհիշելով տարիներ առաջ կատարված իրադարձությունները՝ Ալեքսանդր Խաչատրյանը պատմում է, որ ֆիլմի հերոսներից մեկի դերը ստանձնելու առաջարկը եղավ էդմոնդ Քեոսայանի հետ մի պատահական հանդիպման ժամանակ։
«Ընկերներիցս մեկի բնակարանում էինք, որտեղ հյուրընկալվել էր նաև Էդմոնդ Քեոսայանը։ Անկեղծ ասած ես չէի ճանաչում իրեն։ Այդ երեկոյից մի քանի օր անց զանգահարեցին և հրավիրեցին կինոլսման։ Ինձ համար անսպասելի հենց նույն օրը ասացին, որ ես եմ հաստատվել։ Ավելի ուշ իմացա, որ երբ ես իմ ընկերների հետ զրուցում էի, նա իր նստած տեղից անընդհատ ինձ էր նայում և որոշում է, որ ես եմ իր ապագա ֆիլմի դերակատարը»,- պատմում է Ալեքսանդր Խաչատրյանը:




Էդմոնդ Քեոսայանի ինքնակենսագրական «Համբարձում» ֆիլմը դարձավ կինոռեժիսորի վերջին նկարահանած ֆիլմը։ 1987 թվականին Էդմոնդ Քեոսայանը սցենարիստ, ռեժիսոր Ալեքսանդր Բորոդինսկու հետ միասին իր կյանքի պատմությունը վերածում է կինոսցենարի։ Ապրեցնելու ուժով օժտված Քեոսայանն իր հանդիսատեսի հետ կիսվում էր ամենանվիրական ու գաղտնի ապրումներով։ Թերևս դա էր պատճառը, որ նա որոշեց նկարահանել իր աքսորյալ մանկության մասին պատմող մի ֆիլմ։




«Իր ստեղծագործական ուղու ավարտին Քեոսայանին վերջապես հնարավորություն ընձեռնվեց նկարահանել տարիներ շարունակ մտքում մտմտած ֆիլմը: Հարցազրույցներից մեկում նա անկեղծորեն խոստովանել է. «Ես, իսկապես, երջանիկ եմ եղել, երբ նկարում էի այդ ֆիլմը» և հետո շարունակում. «Ես չեմ կարող մասնագիտական գնահատական տալ իմ նկարահանած ֆիլմին, որովհետև՝ երբ դու գնահատում ես քո ստեղծածը, այդ ժամանակ դադարում ես պրոֆեսիոնալ համարվել»: Այո, Քեոսայանը չէր կարող իր ստեղծածին գնահատական տալ, բայց կինոն գնահատողները կփաստեն, որ նա կարողացել է «Համբարձում» ֆիլմում վարպետությամբ վերարտադրել աքսորյալ Սիբիրի ու այդ տարիների տիրող մթնոլորտը, ինչը վկայում է նրա յուրահատուկ ռեժիսորական տաղանդի մասին»,-նշում է Սիրանույշ Գալստյանը:
Մի քանի սերունդներ են մեծացել Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուներ» եռապատումը դիտելով, իսկ Խորհդային Հայաստանի ամառային արձակուրդների եզրափակումը ազդարարող, ամեն ուսումնական տարվա մեկնարկին ցուցադրվող «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի հուզիչ և իմաստուն մեջբերումները մինչև օրս հիշվում են։
Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերը աչքի են ընկնում իրենց հատուկ ոճով, որոնք չեն ենթարկվում կինոյի աշխարհում գոյություն ունեցող կանոներին։ Չծերացող ֆիլմեր, որոնցից անվերջ կարելի է սովորել ու սովորել։