ԿարևորՏնտեսական

Տնտեսական բարձր աճ՝ գնաճի նվազման միտումով․ թվերը գոհացնում են կառավարությանը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում սկսվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Կառավարության անդամները գոհ են գրանցված ցուցանիշներից։ 2022 թվականին Հայաստանում 12.6 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը վերջին տասնհինգ տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է՝ խորհրդարանում ասել է գործադիրի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը ցուցանիշները ստվերի կրճատմամբ և իրականացվող բարեփոխումներով է պայմանավորել: Ֆինանսների նախարարն էլ այլ ցուցանիշ է կարևորել․ Հայաստանը 2022 թվականին Արցախին տրամադրել է 176 մլրդ դրամի վարկ․ սա ոչ միայն գերազանցում է պլանավորածը , երբևէ տրամադրված  ամենամեծ աջակցությունն է։

Գնաճը կայունանում է, գործազրկության մակարդակը նվազում՝ արձանագրում է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանին գոհացնում է նաև այս տարվա առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճի բարձր ցուցանիշը։

«ՀՆԱ 12,1 տոկոսանոց աճ ունենք։ Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն  հաշվարկված համախառն ներքին արդյունքի աճը, որ 12,1 տոկոս է, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, իսկ գնաճը՝ 3,2 տոկոս»։

2018-ի նկատմամբ 2022-ին գործազրկությունը նվազել է 6 տոկոսային կետով՝ 19–ից դառնալով 13 տոկոս: Ընդ որում՝ 2022-ի երրորդ եռամսյակում  ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 11,6 տոկոս, որը վերջին  14 տարիների ամենացածր ցուցանիշն է` ըստ Հայաստանի վարչապետի: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծում է, որ որոշակի կայունացում կա նաև գնաճի վարքագծում։ Ապրիլին այն վերադարձել է բյուջեով նախատեսված ցուցանիշներին։ Վարչապետը հույս ունի, որ այս դինամիկան կպահպանվի նաև առաջիկայում։ Վարչապետի լավատեսությունը նաև ֆինանսների նախարարն է կիսում․

«Եթե տարեսկզբին թիրախավորել էինք 7 տոկոս տնտեսական աճ, իսկ բյուջեն պլանավորելիս կանխատեսում էինք 11 տնտեսական աճ, հիմա ունենք 12․6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով 8 տրիլիոն 496 մլրդ դրամ է»։

Հայաստանի  տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղը ծառայությունների ոլորտն է, որը էականորեն ակտիվացել է ռուս–ուկրաինական պատերազմի ու  Հայաստան այցելուների աննախադեպ հոսքի պատճառով։ Սա ընդգծում է ֆինանսների նախարարն ու նկատում՝ շինարարության ոլորտը նույնպես իր ազդեցությունն ունեցել է։ Նվազել է նաև պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը։ Պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրլն 186 մլրդ դրամ կամ 10 մլրդ 637 մլն դոլար։ Խորհրդարանական ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին հետաքրքրում է՝ կա՞ արդյոք շեմ, թե որքան պետք է կազմի ներքին պարտքն ընդհանուր պարտքի կառուցվածքում։

«Ներքին պարտքն ավելի թանկ է, իսկ դրա շահառուն ՀՀ ռեզիդենտներն են, հետևաբար՝ մենք շատ ենք ծախսում, բայց այդ ծախսը գնում է ՀՀ քաղաքացիներին։ Որն է այն սահմանը, որ սա օպտիմալ չափ է»։

Ֆինանսների նախարարը կարծում է, որ ամեն երկիր ինքը պետք է որոշի իր շեմը։ Նախկինում  պարտքի կառուցվածքում դրամայինը 25 տոկոս էր գնահատվում։  Այժմ պետք է փոխվի թիրախը․

«Ինչքան կսահմանենք, այս պահին ես չեմ կարող ասել։ Կարծում եմ, որ պետք է շարունակենք դրամով պարտքի մասնաբաժնի ավելացումը»։

Հաշվեքննիչ պալատի գնահատականը դրական է՝ փաստում է  ֆինանսների ոլորտում քսան և ավելի տարիների փորձ ունեցող, այժմ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ միաժամանակ նկատելով 10 գերատեսչությունում հաշվեքննություն են անցկացրել ու 110 անհամապատասխանություն գտել։ Դրանք, Ջանջուղազյանի խոսքով, էական ազդեցություն չեն ունեցել բյուջեի կատարողականի վրա։

Back to top button