ԿարևորՔաղաքական

Երևանը և Բաքուն շոշափելի առաջընթաց են գրանցել բանակցություններում. Բլինքեն

Երևանը և Բաքուն շոշափելի առաջընթաց են գրանցել բանակցություններում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Առլինգթոնում Հայաստնի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների եզրափակիչ հանդիպմանը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում կողմերը քննարկել են մի քանի շատ բարդ հարց և շոշափելի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, ինչպես ես եմ տեսնում, որ տեսադաշտում, հասանելիության սահմաններում կա համաձայնություն, և այդ համաձայնության ձեռք բերումը ոչ միայն պատմական կլինի, այլև մեծապես կբխի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից և շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս»,- նշել է պետքարտուղարը։

«Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների ստեղծած հիմքը ցույց են տալիս, որ մենք համաձայնության հասնելուն մոտ ենք: Մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, մենք դա գիտենք, բայց ԱՄՆ-ն պատրաստ է օգնել երկու երկրներին հատել վերջնագիծը»,- ասել է Բլինքենը։

Նա շեշտել է, որ դա հեշտ չէ, բայց նաև նշել, որ կողմերի՝ առաջ շարժվելու հանձնառությունը, խնդրահարույց հարցերով զբաղվելու վճռականությունը ոգևորիչ է:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ:

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:

Back to top button