Մոռացված ֆիլմերի ստվերները

Հենրիկ Մալյանի չնկարահանած ֆիլմը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1980-ականների կեսերին Հենրիկ Մալյանը պատրաստվում էր նկարահանել «Կոմիտաս» ֆիլմը։ Կատարված էր հսկայածավալ աշխատանք, ձևավորված էր նկարահանող խումբը, պատվիրված էին դերակատարների զգեստները, սակայն ֆիլմը չնկարահանվեց։

Հենրիկ Մալյան

Հենրիկ Մալյանը ռեժիսորական գործունեությունը սկսեց անցյալ դարի 60-ականներին։ «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ դեպի կրկես», «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Կտոր մը երկինք» ֆիլմերի կողքին, որ նրան ճանաչում ու փառք էին բերել, կարող էր լինել մի մոնումենտալ ֆիլմ՝ «Կոմիտասը», սակայն ինչպես նշում է կինոռեժիսորի դուստրը՝ Նարինե Մալյանը «Կոմիտաս»-ի ֆենոմենը ներկայացնող այդ ֆիլմը մնաց Մալյանի կյանքի չիրականացած երազանքը։

Նարինե Մալյան

«Կոմիտասը առեղծվածային կերպար էր, բայց կարծում եմ, որ նա Մալյանին թույլ կտար լավ ֆիլմ նկարահանել իր մասին»- ասում է Նարինե Մալյանը։

Հենրիկ Մալյանի համար Կոմիտասը ոչ միայն պաշտամունք, այլ նաև հայ ազգի հավերժության խորհրդանիշն էր։ Երկար տարիներ Մալյանը մանրակրկիտ ուսումնասիրում էր Կոմիտասի կյանքն ու գործունեությունը: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որը նույնպես ներգրավված էր չնկարահանված «Կոմիտաս» ֆիլմի աշխատանքներում, զարմանքով հիշում է, թե Մալյանն ինչպիսի ուշադրությամբ և խորությամբ էր ուսումնասիրել Կոմիտասի կենսագրությունն ու երաժշտական ժառանգությունը։

Տիգրան Մանսուրյան

«Մալյանը արխիվներում փնտրում, գտնում էր Կոմիտասի կենսագրության այնպիսի փաստեր, որոնց ոչ ոք չէր անդրադարձել: Այդ առումով նա բացառիկ մի աշխատանք էր կատարել», —նշում է Տիգրան Մանսուրյանը:

Բեմադրող նկարիչ Լիդա Գևորգյանն ու Հենրիկ Մալյանը շատ անգամներ են համագործակցել։ Արդյունքում անցյալ դարի 80-ականներին էկրան բարձրացավ նաև «Կտոր մը երկինք» ֆիլմը, որ կարճ ժամանակում սիրվեց ու գնահատվեց հանդիսատեսի կողմից։ Այդ ֆիլմից որոշ ժամանակ անց Մալյանն այցելեց Լիդա Գևորգյանին և մտերմիկ զրույցի ընթացքում պատմեց, որ պատրաստվում է Կոմիտաս վարդապետի կյանքին նվիրված ֆիլմ նկարահանել:

Լիդա Գևորգյան

«Միշտ սիրով եմ համագործակցել Մալյանի հետ: Կոմիտաս վարդապետի կյանքին ու գործունեությանը նվիրված այդ ֆիլմի սցենարի առաջին ընթերցողներից եմ, սակայն, ցավոք այդպես էլ բախտ չվիճակվեց հասնել նկարահանումներին»,- պատմում է Լիդա Գևորգյանը:

Ի վերջո, հաղթահարելով Խորհրդային Միության արդեն սովորական դարձած արհեստական արգելքները, 1986 թվականի ապրիլի 24-ին Մալյանն իր նկարահանող խմբի հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում էր: Նկարահանվում էր ֆիլմի առաջին կադրը: Բեմադրող կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը վերջին ցուցումներն էր տալիս օգնականներին: Նկարահանումը սկսելուց մի քանի րոպե անց Մալյանը մոտենում է ֆիլմի երկրորդ ռեժիսոր Հրանտ Հակոբյանին և հանձնարարում հետևել աշխատանքի ընթացքին, որովհետև ինքը Սերգեյ Իսրայելյանի հետ պետք է գնա Կենտկոմ՝ Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպման:

Հրանտ Հակոբյան

«Որոշված էր, որ Ծիծեռնակաբերդում մարդկանց հոսքը պատկերող կադրեր պետք է նկարահանվեին: Մենք ստացանք այդ կադրերը, այնպես, ինչպես ցանկանում էր Մալյանը: Երեկոյան, երբ նրանք վերադարձան, մենք նստեցինք խոտածածկույթին, և Մալյանն ինձ հարց ուղղեց․

«Հրանտ, եթե դու հնարավորություն չունենայիր ֆիլմը նկարահանել այն վայրերում, որտեղ եղել է Կոմիտասը, դու  կնկարահանեի՞ր ֆիլմը»:  

-Ես պատասխանեցի՝ ոչ,  նա էլ կտրուկ պատասխանեց՝ ես էլ, — պատմում է Հրանտ Հակոբյանը:

Մալյանի ստեղծագործական կենսագրության մեջ չափազանց կարևոր այս ֆիլմը այդպես էլ իրականություն չդարձավ: Ո՞ւմ մեղքով և ինչո՞ւ, այս հարցերի պատասխաններն այսօր գտնելն անհնար է, որովհետև այս պատմության մասնակիցներից շատերը այսօր ողջ չեն, սակայն մի բան հստակ է, որ հերթական անգամ մենք մեր անհանդուրժողականությամբ, դիմացինին անարդար քննադատելու, չխրախուսելու պատճառով հայ հանդիսատեսին զրկեցինք Կոմիտաս վարդապետի մասին պատմող մի մոնումենտալ կինոստեղծագործություն ունենալու հաճույքից և հարստությունից:

Back to top button