ՆԱՏՕ–ն կաջակցի Ուկրաինային, բայց դաշինքի դռներն արագ չի բացի
Եվրոպական մեկ տասնյակից ավելի երկրներ աջակցում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, սակայն, հայտարարում է, որ դաշինքը շատ արագ չի կարող իր դռները բացել Ուկրաինայի առջև՝ պարզաբանելով՝ անդամակցության որոշումը պետք է պաշտպանվի դաշինքի 30 երկրների կողմից և ընդունվի կոնսենսուսով։
Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին:
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն այս պահին իրատեսական չի համարում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը շեշտում է, որ Ստոլտենբերգի պատասխանը Կիևին բխում է դաշինքի կանոնադրությունից, ըստ որի՝ հակամարտող և արտաքին խնդիրներ ունեցող ցանկացած երկրի մուտք դաշինք արգելափակված է։ «Եթե ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին քաղաքականապես ձեռնտու լիներ, որ Ուկրաինան անդամակցեր դաշինքին, ապա երբևէ չէր շահարկվի կանոնադրային խնդիրը, դա հնարավոր էր շրջանցել, խնդիրը նպատակահարմարության մեջ է»,- ասում է Սուրեն Պետրոսյանը։
Բրյուսելը և Մոսկվան, քաղաքագետի կարծիքով, հայտնվել են ամերիկյան ծուղակում և գծային կախվածության մեջ են ԱՄՆ-ից։ Երկու կողմերն էլ Վաշինգտոնի համար բուֆերային գոտի են առավել գլոբալ հակամարտության համար, որի թիրախում Չինաստանն է՝ ասում է Պետրոսյանը։