ԼուրերՀասարակություն

Ճանապարհային երթևեկության նշանները խանգարո՞ւմ են, թե՞ օգնում․ կարծիքները տարբեր են

Ծովակալ Իսակովի պողոտա- կենտրոնական փողոցի խաչմերուկով զրուցակիցս, որ ներկայանալ չցանկացավ, գրեթե ամեն օր երթևեկում է։ Պատմում է՝ վարորդների համար առավել հայտնի Արգավանդի խաչմերուկում ձախ եզրային գոտուց հերթական անգամ ձախ շրջադարձ է կատարել և մի քանի օր հետո ծանուցվել տուգանքի մասին։ Պարզաբանում է՝ խաչմերուկում ճանապարհի գծանշման համաձայն, ինքը իրավունք ուներ ձախ շրջադարձի, բայց միայն տուգանքը ստանալուց հետո է նկատել, որ խաչմերուկի եզրին կախված երթևեկության նշանը փոխվել է և թույլատրում է ձախ գոտուց միայն հետադարձ կատարել։ Զրուցակիցս տուգանքի որոշումը բողոքարկել է, ՃՈ–ն էլ բավարարել է բողոքը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանն ասում է՝ նման իրավիճակներ հաճախ են լինում, բայց ոչ բոլոր վարորդներն են բողոքում․ նախընտրում են վճարել տուգանքը՝ դատական քաշքշուքի մեջ չընկնելու համար։

«Շատ հաճախ է փոփոխվում նույն խաչմերուկի երթևեկության կարգը։ Օրինակ, եթե նախկինում աջ գոտուց վարորդները հնարավորություն են ունեցել երթևեկել աջ և ուղիղ, ապա փոփոխություն է արվում և իրավունք է տրվում երթևեկելու միայն աջ, իսկ վարորդները շարունակում են այդ խաչմերուկով երթևեկել նախկին կարգով։ Մինչ առաջին տուգանքը ստանալը հնարավոր է արդեն մի քանի անգամ նույն խախտումն արած լինեն»,– ասում է Քեհյանը։

Քեհյանը նկատում է՝ ճանապարհային երթևեկության նշանների և գծանշումների հակասություններ մեծ մասամբ առաջանում են այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում, և երթևեկությունը ժամանակավորապես փոփոխված է, բայց լիազոր մարմինը համապատասխան նշաններուվ կահավորումը, ինչպես հարկն է, չի արել։

«Երևան–Գյումրի ճանապարահատվածում դեռ անավարտ է շինարարությունը, բավարար լուսավորվածություն չկա, և մեծ խոչընդոտներ են առաջանում վարորդների համար։ Չեմ կարծում, որ այնտեղ ինչ–որ փոփոխություն է արդեն արվել»,– ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը։

Ճանապարհային երթևեկության նշաններին ու կարգավորումներին օրերս անդրադարձել էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա կարծում է, որ պետությունը կանխարգելելու փոխարեն հաճախ շեշտը դնում է միայն պատժելու վրա, հաճախ արագաչափ սարքերի մասին զգուշացնող նշանները չունեն լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են կամ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը հակադարձում է․

«Մենք օրենքով չունենք նման կարգավորում, որ պարտադիր պետք է լինեն արագաչափի մասին զգուշացնող նշաններ։ Հետևաբար, դրանց բացակայությունը խնդիր չէ։ Բացի այդ, հիմա մենք Երևանում չունենք այնպիսի փողոց, որտեղ կարելի է 60կմ/ժ–ից ավելի արագ երթևեկել, հետևաբար, գոնե Երևանի մասով խնդիր առհասարակ չկա»։

Վերջին 2 տարում մայրաքաղաքում շուրջ 1 միլիոն մետրից ավելի գծանշում է կատարվել, հավելյալ 1100 նշան է տեղադրվել՝ արձանագրում է ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը։ Վստահեցնում է, որ շատ խնդիրներ արդեն լուծվել են։

«Ճանապարհային նշանները, որոնք նախկինում տեսանելի չէին կամ հակասություններ են առաջացրել, վերացվել են։ Հիմա Երևանում երևի 4-5 տեղ է մնացել, որտեղ, հնարավոր է, ինչ–որ վիճելի խնդիր լինի։ Օրինակ՝ Սարի թաղում շրջանաձև երթևեկությամբ ճանապարհահատվածի կահավորման խնդիր կա։ Այնտեղ շրջանաձև երթևեկության նշանի հետ տեղադրված է նաեւ գլխավոր ճանապարհի նշան․ սա խնդիր է»,– նկատում է Արտակ Խաչատրյանը։

Կան նաև լուսացույցների հետ կապված խնդիրներ։ Տիգրան Քեհյանը հիշում է՝ կար ժամանակ, որ դեղատների կանաչ լուսավորում ունեցող նշանները վարորդները խաչմերուկին մոտենալիս շփոթում էին լուսացույցի կանաչ նշանի հետ։ Այսօր խնդիրը գրեթե լուծվել է։

«Երևանում կան տեղեր, որտեղ լուսացույցները բացակայում են կամ ոչ համաչափ են աշխատում։ Մի դեպքում կանաչից հետո դեղին և կարմիր լույս է վառվում, մյուս դեպքում՝ կանաչից հետո միանգամից կարմիր է, այսինքն, տարբեր տեղեր լուսացույցը տարբեր կերպ է աշխատում, ինչը վարորդներին շփոթության մեջ է գցում։ Որոշ տեղերում էլ լուսացույցները այնպես են տեղադրված, որ արևի ճառագայթների տակ հնարավոր չէ գույնը տեսնել, կամ էլ դրանք թաքնվում են ծառերի թփերի արանքը»,– ասում է Քեհյանը։

Փորձագետ Արտակ Խաչատրյանն ասում է՝ հաճախ են բողոքներ ստանում վարորդներից՝ ճանապարհի այս կամ այն հատվածում երթևեկություն կազմակերպելու մասին։ Բողոքների հիման վրա վարորդների իրավունքների պաշտպանները դիմում են ՃՈ–ին․ եթե կարիք լինում է, շտկումներ են իրականացվում։

«Հասարակ մի օրինակ․ երբ Մյասնիկյան պողոտայից թեքվում եք դեպի Գայի պողոտա, վարորդների լեզվով ասած, գազանանոցից գնում եք դեպի Մասիվ, այնտեղ ժամանակին երթևեկության 3 գոտի կար, որոնցից միայն մեկն էր ձախ շրջադարձի հնարավորություն տալիս, և օրական 50-60 խախտում էր լինում։ Մեր բողոքներից հետո այնտեղ փոփոխոթյուններ եղան և դարձավ 4 գոտի»,– ասում է Արտակ Խաչատրյանը։

Երթևեկությանն ու դրա կարգավորումները ավելի անմխիթար վիճակում են մարզերում՝ նկատում են փորձագետները։ Շատ համայնքներում ճանապարհային երթևեկության նշանները գրեթե բացակայում են։ Իսկ ընդհանրապես նկատում են՝ խնդիրների լուծման ճանապարհին առաջին անելիքը կրթական է։ Մանկուց պետք է սովորել  անվտանգ երթևեկության անվտանգության կանոնները, քանի որ եթե նույնիսկ ոչ վարորդ, ապա հետիոտն դառնում են բոլորը։

Back to top button