ԿարևորՄշակույթ

Եթե Ստեփան Զորյանն ապրեր մեր օրերում․ այսօր գրողի տարեդարձն է

Ի՞նչ կլիներ, եթե Ստեփան Զորյանը լիներ մեր ժամանակակիցը, առաջին հերթին, հավանաբար կքննադատվեր գրականության նոր չափորոշիչներով դասագրքում ներառվելու համար, ասում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը․

«Մեր ժամանակներում կարիք չկա ալեգորիաներով խոսելու, այդ պատճառով հավանաբար Ստեփան Զորյանը չէր գրի իր պատմավեպերը։ Նա կգրեր բոլոր այն հակասությունների մասին, որոնք կային դեռ ամենասկզբում, եթե անդրադառնանք թավշյա հեղափոխության թեմային, ապա նա կգրեր սոցիալական, ընտանեկան կոնֆլիկտների մասին, որոնք առաջին հայացքից որոշարկող դեր չունեն, սակայն հետագայում վերածվում են մեծ ողբերգությունների»։

Ի՞նչ կասեր Զորյանը՝ նորարարական մոտեցումներով բեմադրված իր «Խնձորի այգու» մասին, եթե իր 131 և թանգարանի 30 ամյակին կարողանար ներկա գտնվել: Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը պատմում է․

«Ստեփան Զորյանի «Խնձորի այգին»՝ Վահե Շահվերդյանի կողմից նորարարական ձևով բեմադրված երբ նայում եմ, հասկանում եմ, որ ստեղծագործությունը նաև այս ժամանակների համար է գրված։ Զորյանը եթե տեսներ, գուցե չհամաձայնվեր այս մոտեցման հետ, բայց գուցե և լինելով մեր ժամանակի մարդ արդեն՝ իրեն դուր գար»։

Ստալինյան ժամանակաշրջանում իշխանությունների հետ  Զորյանի դրական հարաբերությունները հաճախ թյուր մեկնաբանումներ են ստանում՝՝ որակվելով որպես անսկզբունքայնություն։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը բացատրում է իրական պատճառները․

«Զորյանը կոնֆլիկտներ չէր սիրում, շատ զուսպ մարդ էր և այն, ինչ արտաքնապես չէր արտահայտվում, արտահայտվում էր իր ստեղծագործության մեջ։ Նա այն մարդկանցից է, ով այդ ժամանակներում պահում էր օրագիր՝ պատմելով իր ժամանակների և մարդկանց մասին, որը հայտնաբերելու դեպքում վատ հետևանքներ կարող էր ունենալ»։

Դասական չլինելու, մեծ ողբերգությունների վերածվող փոքրիկ կոնֆլիկտների մասին գրելու և ժամանակ առ ժամանակ լռելու համար Զորյանին այսօր գուցե չընդունեին, պատմություններ հյուսեին իր անվան շուրջը, որոնք հաստատ չէին գերազանցի սակայն  իր՝ Զորյանի ստեղծած պատմությունները՝ «Պապ թագավորից» մինչև Խորհրդային միության «Տխուր մարդիկ»։

Back to top button