Ստարտափ Հայաստան

Պատանիների ստեղծած առողջապահական ստարտափը կօգնի հոգ տանել Ձեր առողջության մասին․ «Ստարտափ Հայաստան»

Ֆիլմերում հաճախ կհանդիպենք այնպիսի կերպարների, որոնք տանը սովորական մարդիկ են՝ իրենց առօրյա հոգսերով, գործերով և ապրելակերպով, իսկ դրսում կերպարանափոխվում և դառնում են որևէ ոլորտի իսկական գիտակներ կամ հերոսներ։

Դպրոցական տղաներն իրենց տարեկիցների պես հաճախում են դպրոց, օգնում են տան գործերում ու արդեն մտածում աշխատելու մասին, իսկ մեկ այլ իրականությունում այսօր նրանք ստարտափի հեղինակներ են, որոնք մեկ տարի առաջ գաղափար էլ չեն ունեցել, թե ինչ բան է ստարտափը։

Ստարտափ ակումբի միջոցով նրանք ոչ միայն ծանոթացան ստարտափ մշակույթին, այլև իրենց առաջին քայլերն արեցին դեպի նորարարական աշխարհ։ Ստեղծեցին Belthy առողջապահական ոլորտի ստարտափը։

Թիմում ամեն մեկն իր գործն ունի։ Վանանդն, օրինակ, իր ձեռքն է վերցրել այն հատվածն, որի մասին այդքան էլ տեղեկացված չի եղել, բայց աշխատասիրության շնորհիվ այսօր արդեն լուրջ հաջողությունների է հասել, իսկ Գևորգը համավարակի այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատեցնում ստարտափի կայքէջն ու ֆեյսբուքյան էջը։

Նորարարական այս գաղափարը գուցե ապագայում շատերիս սմարթֆոններում հայտնվի և դառնա անհրաժեշտություն։ Մեր օրերում ժամանակը շատ է թանկացել։ Այսօր արդեն բազմաթիվ հավելվածներ կան, որոնց օգնությամբ մենք ժամանակ ենք խնայում բանկերում, ավտոլվացման կետերում, գեղեցկության սրահներում և, շնորհիվ տղաների, կարող ենք ժամանակ խնայել նաև առողջապահական ոլորտում։

Շատերի մոտ գուցե հարցեր առաջանան։ Ի՞նչ ինֆորմացիա են տեղադրում կայքում, ի՞նչ խորհուրդներ են տալիս, որտեղի՞ց են վերցնում այդ տեղեկությունները, ի վերջո, սա լուրջ ոլորտ է, մարդկանց կյանքի հետ գործ ունենք, ինչպե՞ս են մշակում կայքը, որպեսզի այնտեղ տեղ գտած տեղեկությունն արժանահավատ լինի։

Տղաները երկար և բովանդակալից քննարկումներ են ունեցել ոլորտի մասնագետների հետ, ամեն ինչ հաշվարկել են, գիտակցել իրենց գործի պատասխանատվությունը։

Տղաների հաջողությունների հիմքում աշխատասիրությունն է, իրենց և շրջապատի համար կաևոր և օգտակար բան անելու, մարդկանց օգնելու ձգտումը։ Այսօր ՀՀ մարզերում երիտասարդները մեծ թափով և արագությամբ են սովորում և տեղայնացնում զարգացած աշխարհի նորությունները և այդպես Հայաստանն ավելի լավը դարձնում։

Back to top button