Արտառոց ցուցադրություն նկարիչների միությունում
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Նկարիչների միությունում «Թերլեմեզյան հուշեր» խորագիրը կրող ցուցահանդեսում Մաքսիմ Գիքինյանի նկարը ուշադրության կենտրոնում է արդեն մի քանի օր: Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դարձել է ոգեշնչման աղբյուր գեղանկարչի համար, իսկ հենց նկարը՝ քննարկման առարկա ցուցասրահում ու դրա սահմաններից դուրս:
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում 70-ամյա Մաքսիմ Գիքինյանի նկարն է ցուցադրված, իսկ ֆեյսբուքյան հարթակում նույն այդ նկարի շուրջ աղմուկ է: Պատճառը՝ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն է, ով դարձել է ոգեշնչման աղբյուր գեղանկարչի համար։
Ահաբեկչի նկարը եռագույնի ֆոնին շատերի համար անհասկանալի ու անընդունելի է, նկարչի համար անհասկանալի է իր նկարի շուրջ ծավալված աղմուկը: Կարծում է՝ Բրեյվիկին նկարելով սխալ քայլ չի արել.
«Մի հատ հասարակ նկար եմ նկարել, ես հանցագործություն չեմ գործել: Ինքը էդ դժվար կացության մեջ հայ ազգին չի մոռացել, որովհետեւ ասել ա, փառք Հայաստանին»:
Ֆեյսբուքյան օգտատերերը պարզաբանումներ են պահանջում Նկարիչների միությունից: Մեջբերում եմ ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Գալստյանի գրառումը:
«Ուզում եմ զուտ արձանագրել այն փաստը, որ այսօր Նկարիչների միության երկրորդ հարկում ինչ-որ անհասկանալի խմբակային ցուցահանդեսի կազմում տեսել եմ Մաքսիմ Գիքինյան անունով նկարչի ահա այս գործը՝ վերնագրված «Անդերս Բերինգ Բրեյվիկ. Փառք Հայաստանին»: Եզրակացությունները թողնում եմ ձեզ, մենակ ասեմ որ նկարիչների տուն ես այլեւս ոտք չեմ դնելու»:
Նկարիչների միությունում նկարի վերաբերյալ կարծիքը եւս բացասական է: Ցուցահանդես կազմակերպողը միությունը չէ, դահլիճները տրվում են ցուցադրության: Նկարիչների միության վարչության անդամ Զարուհի Մուրադյանը վստահեցնում է, որ նկարը , մեղմ ասած, իրենց ճաշակով էլ չէ.
«Պատահաբար Վիգեն Գալստյանի էջում տեսել եմ այդ նկարը, քարտուղարությունից ստացել եմ բացատրություն, որ դահլիճը տրվել է վարձով մի խումբ նկարիչների: Ես անձամբ կարծում եմ, որ նկարը պետք է հանվի: Սկանդալային օրը հանվել է, հետո հեղինակը եկել, նորից կախել է»:
Վաղը՝ օգոստոսի 10-ին, նկարը վերջնականապես կիջնի Նկարիչների միության ցուցասրահի պատից. ցուցահանդեսի փակման օրն է: Իսկ մինչ այդ միության նկարիչ-անդամները նախագահ Սուրեն Սաֆարյանին առաջարկել են վարչության նիստ հրավիրել և քննարկել ներքին կանոնադրության հարցը, որ հետագայում նման միջադեպերից հնարավոր լինի խուսափել: