Տրանսպորտային ցանցի համար ի՞նչ լուծում են առաջարկում մրցապայքարի դուրս եկած ուժերը
Մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրն ընդգրկված է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում:
Տրանսպորտի հարցը խնդիր է ոչ միայն քաղաքային տրանսպորտից օգտվողների, այլև տաքսիների վարորդների, սեփական մեքենաներով երթևեկողների, հետիոտների և ամբողջ քաղաքի համար:
Ինչպե՞ս են լուծելու մայրաքաղաքի տրանսպորտային, երթեւեկության խնդիրները. Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ավագանու թեկնածուները նախընտրական լուծումներ են ներակայացնում:
Հանրային տրանսպորտի կանգառի մակետը «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ներկայացնում է տրանսպորտային խնդրիների մասին խոսելիս: Արևային էներգիայով աշխատող կանգառներն իրենց խնայած էներգիայով տրանսպորտի մեկ այլ հարց կարող են լուծել:
Բոլոր ուժերի ծրագրերում ընդհանուր լուծումներ կան, ինչը դրական է, նկատում է «Ժառանգության» թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը:
Կարելի է պետական հիմնարկները տեղափոխել ծայրամասեր՝ բեռնաթափելով կենտրոնը, քաղաքային բյուջեի մուտքերի տարբերակներից մեկը հյուրանոցների վրա հատուկ սակագներ դնելն է, ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է, ասում է Խուրշուդյանը:
«Հիմա, որ տուրիզմը զարգանում է, տուրիստների սպասարկման, այդ թվում ճանապարհային, ենթակառուցվածքային, բեռն ընկնում է քաղաքի վրա, իսկ դրանից ոչ մի վճար չի ստանում: Ամբողջ աշխարհում ընդունված է city tax»: Այսինքն՝ հյուրանոցները քաղաքային հարկ են վճարում, որը գնում է քաղաքային բյուջե»:
Հայք (Հայկազուններ) կուսակցությունում ընդգծում են՝ աշխարհը գնում է դեպի էլեկտրական տրանսպորտի զարգացում: Կարծում են, որ մենք էլ չպետք է հետ մնանք համաշխարհային միտումներից:
Կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանն ասում է՝ Երևանի աշխարհագրական դիրքը ամֆիթատրոնի նման է, մինչդեռ իշխանությունները վերացրեցին ճոպանուղին։ Առաջարկում է վերակագնել հինն ու մի քանի ուղղություններով կառուցել նորերը:
«Իմ քայլը» հակված է Երևանի տրանսպորտային խնդիրները լուծել ներդրումների միջոցով, որոշների հետ արդեն բանակցություններ կան: «Իմ քայլից» Հրաչ Սարգսյանը ծրագրի բարեփոխումներից է խոսում:
«Երկիր Ծիրանի»- ում խոստանում են՝ Երևանի կառավարման ղեկը ստանձնելով՝ առաջինն այս խնդիրն են լուծելու, իսկ թե ինչպես, «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն է մանրամասնում:
Երևանը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն տրանսպորտային համակարգն ունեցող մայրաքաղաք։ «Օրինաց երկրի» դիրքորոշումը քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանն է ներկայացնում:
Երևանը կենդանի համակարգ է՝ խախտված արյունատար համակարգով, տրանսպորտային խնդրի ծայրահեղ վատ վիճակը համեմատությամբ է ներկայացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Երևանի նախորդ կառավարիչները՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեծածավալ աշխատանք արդեն կատարել են, «Հայ հեղափոխական դաշնակցության» քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը կառուցողական լուծումներ է առաջարկում՝ համագործակցության սկզբունքով:
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը նախընտրական ծրագրի որ կետից էլ խոսում է՝ առանձնացնում է կարեւորը. երևանցին պետք է լինի ներդնող իր քաղաքում և երևանցին ինքն անմիջականորեն պետք է զգա այդ ներդրումի օգուտը:
«Ռեֆորմիստների» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը վստահեցնում է՝ տրանսպորտի խնդիրն էլ վերևից եկած հրահանգներով չի լուծելու:
Երևանի կենտրոնում պետք է երթևեկեն միայն տրոլեյբուսներն ու ավտոբուսները՝ «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արթուր Գասպարյանն է ընդգծում՝ տրանսպորտային խնդիրները վերգետնյա ու ստորգետնյա խնդիրների բաժանելով:
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը տրանսպորտային խնդրին անդրադառնալով ասում է՝ պետք է վերացնել կարմիր գծերն ու բեռնաթափել կենտրոնը:
Նախընտրական ծրագրերում խնդիրը մեկն է, լուծումները՝ տարբեր: