Ինչպես են գանձաքարցիները հոգում իրենց ապրուստը
Վերջին ֆիլմը՝ ի դեպ հնդկական, Գանձաքարի կինոթատրոնում 30 տարի առաջ են դիտել: Ժամանակին համայնքի ամենաակտիվ հոգևոր մշակութային օջախն այսօր կիսաավերակ վիճակում է: Այն վերականգնելու համար բնակիչներն անգամ ինչ- ինչ հնարամիտ միջոցների են դիմում, առայժմ ապարդյուն:
Այդուհանդերձ, պետք է ասել, որ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ամենամեծ խնդիրն այսօր կինոթատրոնը չէ, այլ աշխատատեղերի բացակայությունը: Գյուղը նպաստավոր է անասնապահության համար, սակայն նպաստավոր ասվածն էլ խիստ հարաբերական է:
Գանձաքարի խնդիրների մասին Ալիսա Գևորգյանի ռեպորտաժում, որը նա պատրաստել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:
Տավուշի մարզի Գանձաքար համայնքն ունի 3860 բնակիչ, որից՝ 180-ն աշխատում է պետական համակարգում, Իջևանի մի քանի մասնավոր ընկերություններում, մյուսների հիմնական զբաղմունքն, ըստ համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի, շարունակում է մնալ անասնապահությունը, ինչպես խորհրդային տարիներին:
Գյուղն անասնապահության համար նպաստավոր է, շուրջ 800 հեկտար խոտհարք ունի: ժամանակին տնտեսական զարգացման ծրագիր են մշակել՝ հիմքում ունենալով տոհմային կաթնատու անասնապահությունն ու կաթի վերամշակումը:
Ըստ համայնքի ղեկավարի, ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել պետության, համայնքի բնակիչների ու մասնավոր ներդրողի համատեղ ջանքերով:
Ծրագիրը ինչ ինչ պատճառնեչով չի արժանացել նախկին կառավարության հավանությանը, մտադիր են ներկայացնել նոր կառավարությանը:
Մինչ խնդրի լուծումը աշխատանք փնտրող գանձաքարցիներն իրենց ապրուստը կշարունակեն հոգալ արտագնա աշխատանքի միջոցով: Ցավալին այն է, որ երիտասարդների հայացքն արդեն դրսին է ուղղված:
Գանձաքարի բնակիչ Սարոն միայն վերջերս է վերադարձել Ռուսաստանից: Ուզում է գյուղում մնալ, բայց ինչպես, աշխատանք չկա ասում է:
Գյուղամիջի խանութում աչքի է զարնում չափազանց համեստ տեսականին: Ինչու է խանութն այսքան դատարկ, հարցիս վաճառողն ու կարծես միայն շփման նպատակով խանութում հայտնված գյուղացիներն արձագանքում են:
«Դատարկա, որովհետեւ առեւտուր անող չկա: Էսօր երկու կիլո միս եմ առել, այն էլ նիսյա»:
Այսօր կինոթատրոնից միայն կիսախարխուլ պատերն են մնացել, իսկ մեր զրուցակիցը վերջին ֆիլմն այստեղ դիտել է 30 տարի առաջ: «Հնդկական ֆիլմ էր, սիրո մասին, ես էլ ջահել, սիրահարված տղա, մինչև հիմա հիշում եմ ֆիլմի բոլոր տեսարանները»,-իր 30 տարվա ապրումները մեզ հետ կիսեց Գանձաքարի ռոմանտիկ բնակիչը: