ԿարևորՀասարակություն

«Ելք»-ը երթ կանցկացնի ընդդեմ թանկացումների

հրապարակված 09.43
լրացված 17.52-ին

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցությունը  հունվարի 19-ին պատրաստվում է  երթ անցկացնել՝ ընդդեմ թանկացումների:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ  2018 թվականի առաջին օրերից  ծավալվող  թանկացումները սպառնում են սոցիալական լուրջ հետևանքներով,  և հանրությունը պետք է կառավարությանը ստիպի գնաճը զսպող քայլերի գնալ:

Ո՛չ թանկացումներին և  հարկային բեռի ավելացմանը՝ այս կարգախոսով  է հունվարի 19-ին բողոքի երթ հրավիրում  Ազգային ժողովի Ելք խմբակցությունը: Նախատեսում են, որ երթով կշարժվեն քաղաքի կենտրոնական փողոցներով ՝ մեկնարկը տալով Մոսկվա կինոթատրոնի հրապարակից: Թե ինչպես կարձագանքի հանրությունը Ելքի կոչին, խմբակցությունում դեռ չգիտեն, բայց համոզված են, որ խնդիրը մտահոգում է հանրության լայն շերտերին:

«2018թ. հունվարից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով բարձրանում է միջին խավի հարկային բեռը՝ 150 հազար աշխատավարձ ստացող քաղաքացիները կվճարեն 28 տոկոս եկամտահարկ նախկին 26 տոկոսի փոխարեն: ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով պայմանավորված էլ փոխվել են ակցիզային դրույքաչափերը, թանկացել են բենզինը, դիզվառելիքը, ալկյոհոլային խմիչքները, ծխախոտը»:


«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով՝ այս իրավիճակն է  ստիպում  մտածել այնպիսի քայլերի մասին, որոնք իշխանություններին կստիպեն վերանայել  վարվող քաղաքականությունը:

Ելքի ներկայացուցչի կարծիքով՝  նախաձեռնության ազդեցությունը ուղղակիորեն կախված է հանրության արձագանքից:  Թերևս նաև քաղաքական մյուս  ընդդիմադիր ուժերի արձագանքից: Արդյոք  Ծառուկյան դաշինքը   պաշտպանելու է Ելքի նախաձեռնությունը:

Բողոքի երթին միանալ-չմիանալու հարցը դեռևս  չի քննարկվել ՝ ասում է խմբակցության ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, նաև  նկատում, որ  ամեն քաղաքական ուժ ինքն է ընտրում պայքարի իր մարտավարությունը:  Դաշինքում, սակայն, համոզված են, որ կառավարությանը պետք է ստիպել գնաճը զսպող քայլերի գնալ:

«Մենք չենք քննարկել այդպիսի հարց, բայց այն, որ կառավարությանը պետք է ստիպել, նրա առաջ խնդիր դնել, որ դու ոնց ես մեկնաբանում այս հարցը, որը բերում է ժողովրդավարական լուրջ դժգոհությունների: Պետք է քաղաքական զինանոցի տարբեր մեթոդները կիրառենք: Ապրիլի 2-ի ընտրություններից անցել է 9 ամիս, ժողովուրդը գնացել եւ ձայն է տվել այն իշխանությանը, որը գները բարձրացնում է: Հիմա ժողովուրդը ինքը պետք է գտնի մեխանիզմներ, դիմումով պահանջի՝ ես քեզ ձայն եմ տվել իշխանություն, որ դու կյանքս լավացնես: Հիմա լավանու՞մ է, թե՞ չի լավանում»:


Միքայել Մելքումյանը հստակ կախատաեսում չունի, թե ինչ աջակցություն կստանա Ելքի նախաձեռնությունը հանրության կողմից:

«Որ ժողովրդի մոտ դժգոհություններ կան,  դա փաստ է, բայց  թե ինչ ծավալի մարդ դուրս կգա, չեմ կարող կանխատեսումներ անել: Պետք է այնպես անել, որ ժողովուրդը նորից չաղքատանա: Աղքատության զսպման ձեւերն ամեն քաղաքական ուժ ինքը պետք է որոշի: Մենք համենայնդեպս, նման հարց չենք քննարկել»:

Փոխարենը խիստ միանշանակ է խորհրդարանական մեծամասնության դիրքորոծումը: ՀՀԿ-ում համոզված են, որ թանկացումների դեմ պայքարում են ոչ թե  բողոքի երթերով, այլ՝ աշխատանքով ու  առաջարկություններով:  Այդ կարծիքին է, մասնավորապես,  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

« « Ելք»  դաշինքին կհորդորեի, որ առաջին հերթին ճիշտ առաջարկություններով փորձի ցույց տալ այն ճանապարհը, որ առաջիկայում կատարվող աշխատանքների շնորհիվ կարող է բերել գնանկման»:

Նկատենք, որ Հարկային նոր օրեսնգիրքը ընդունել է դեռևս նախորդ գումարման խորհրդարանը: Այն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարից: Սակայն մինչև   ուժի մեջ մտնելը  փաստաթուղթը հասցրել է երեք անգամ փոփոխությունների ենթարկվել: Վերջին ծավալուն փոփոխություններն օրենսգրքում կատարվել են  2017-ի դեկտեմբերին: Դրան կողմ է քվերակել 56 պատգամավոր ,   միայն կոալիցոին ՀՀԿ-ից  ու Դաշնակցությունից:

Back to top button