ՄշակույթՑեղասպանություն 100

«Խոստումը» հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայներով: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լեւոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ այլք:
«Խոստում»-ի հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:
Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու ճշմարտությունը պատմել աշխարհին:
Միքայել Բոգոսյանի դերը կրկնօրինակել է սիրված դերասան Սամվել Թոփալյանը, ում խոսքով ֆիլմում կա սեր, կա կյանք, կա ճակատագիր… ու այս ամենի հետ նաեւ մարդու դաժանություն, ազգի հանդեպ ատելություն: Զարուհի Հովհաննիսյանը կներկայացնի Աննայի կերպարը, որը դերասանուհու խոսքով զուսպ է, բայց զգացմունքային:
Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է օրերս՝ Լոս Անջելեսում: Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն առաջադրվել էր Օսկարի՝ «Ռուանդա» ֆիլմի համար, գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ լե Բոնը: Կինոյի երաժշտության հեղինակը աշխարհահռչակ “System of a down” խմբի մենակատար Սերժ Թանկյանն է:
Back to top button