Սոցհարցումներ. ընտրողների 41 տոկոսն արդեն որոշել է ում ընտրի


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Նախագահական ընտրություններին ընդառաջ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի հունվարի 18-19-ին անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում 11%-ով աճել է ընտրողների հետաքրքրությունը, այսօր հայտարարեց կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Քաղաքականությամբ մեր երկրում հետաքրքրվում է ազգաբնակչության 71%-ը, վկայում են հարցման արդյունքները: Այս ցուցանիշը մեր երկրի համար համարվում է ստանդարտային, ասում է Ադիբեկյանը։
Նախընտրական քարոզարշավի նախօրեին անցկացված հարցումը վկայում է, որ փետրվարի 18-ին ընտրություններին ընտրողների ակտիվությունը կկազմի 58 տոկոս:
Պոտենցիալ մասնակիցների 41 տոկոսը արդեն որոշել է, թե ում օգտին է քվեարկելու, 20 տակոսը դեռևս փնտրտուքների մեջ է։
«Հարցվածների 72 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին, 20 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյան` 3,5-ական տոկոս»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը։
Ընտրապայքարի մնացած 4 թեկնածուների ձայները բավականին քիչ են և այդ տվյալները նշված չեն «Սոցիոմետրի» հետազոտության արդյունքներում:
Նշենք, որ այս հարցմանը մասնակցել է 1650 քաղաքացի: Ադիբեկյանը հայտնեց, որ մինչ ընտրությունները կանցկացվի ևս 2 հարցում` փետրվարի 1-ին և 10-ին:
Հետգրության կարգով. կարծես հացադուլը դառնում է այս ընտրարշավի բնորոշ գիծը: Արդեն հայտնի է, որ հացադուլավոր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին կհետևեն երկու գործընկերները` Պարույր Հայրիկյանը և Արամ Հարությունյանը:
Ղուկասյանին կարող է միանալ և առաջադրված, սակայն չգրանցված նախագահի պաշտոնի հավակնորդ Մարտիկ Սարգսյանը, ինչի մասին լրագրողներին հայտնեց Ահարոն Ադիբեկյանը։