Վերնատուն

Գրականությունը՝ մտածելու ձև․ ֆրանսահայ գրող, մտածող Գրիգոր Պըլտյանի աշխատարանը Հայաստանում. «Վերնատուն»

«Արէ» մշակութային հիմնադրամը և Ժամանակակից արվեստի ինստիտուտը մեկնարկում են «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» կրթական աշխատարանների շարքը: Գրի մշակույթի, դրա սահմանների ու գրելու փորձառության մասին առաջին աշխատարանն անցկացրեց արդի հայ գրականության, քննադատության ու մտքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ ֆրանսահայ գրող, տեսաբան Գրիգոր Պըլտյանը։

Գրիգոր Պըլտյանի հետ մենք զրուցեցինք գրելու ընթացքում մարմնի դերի կարևորության, գրողի ժամանակակից առաքելության, «ներկան մտածելու» հրամայականի, ինչպես նաև լեզվի՝ հատկապես արևմտահայերենի ինքնիշխանության և այլ բաների մասին։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է գրելու փորձառությունն արհեստական բանականության և բառի ու խոսքի արժեզրկման ժամանակաշրջանում, գրողը նշեց. «Գրելը անձնական փորձառութիւն է, ուրիշ ոչ ոք կրնայ ընել զայն քու փոխարէնդ. դուն ինքդ պէտք է անցնիս այդ փորձառութեան մէջէն։ Փորձառութիւնը կ՚ենթադրէ արգելքներ, դժուարութիւններ, վայելքի եւ վերացումի պահեր. մարմինն ու հոգին այդ փորձառութեան մաս կը կազմեն։ Փորձառութիւն բառին մէջ կայ փորձելու, փորձարկելու եւ նաեւ փորձանքի գաղափարը։ Այս ամէնը մեր լեզուին մէջ կայ, ու որոշ չափով մեր լեզուն կը մտածէ այս ամէնը»։

«Գրողը կը բնակի լեզուին մէջ,- ասում է Պըլտյանը,-որքան մարդ իր մարմնին մէջ է, այնքան ալ լեզուին մէջ է։ Առանց լեզուի մենք մեզ չենք կրնար երեւակայել։ Գրողը մտածող էակ է։ Գրողին աշխատանքը իր գրին մէջ է եւ ոչ անպայման խօսելուն։ Հիմա չեմ տեսներ գրողներ, որոնք կը միջամտեն ընկերային ընթացքներուն։ Ինչ որ զիս կը մտահոգէ, մտածումի բացակայութիւնն է կամ այն, ինչ որ մտածումի ազատութիւնը կը վտանգէ»։

Ինչ վերաբերում է ներկան մտածելուն, մենք կարծում էինք, թե Բեռլինի պատի փլուզումից հետո աշխարհը նոր փուլ պիտի թեւակոխեր, և պատերազմները պիտի դադարեին։ Սակայն հանկարծ հասկացանք, որ պատերազմներն ավելի քան երբեք վտանգում են մարդկությանը։ Այն, ինչ եղավ Հայաստանի պարագայում, մոտավորապես նույնը կատարվեց նաև այլ վայրերում։ Մենք չենք կարող մտածել անջատ՝ առանց աշխարհի գործընթացները հաշվի առնելու, լոկ մեր ավանդույթներով։ Ավանդույթները մենք ամեն օր ենք կառուցում։

Յուրաքանչյուր սերունդ և իշխանություն ինքն է հորինում իր ավանդույթը։ Ամեն գրող նույնպես իր սեփական ավանդույթն ունի։ Այսօր գրականությունն առաջնահերթություն չի թվում. սփյուռքում կան գրողներ, բայց նրանք քիչ են։ Սփյուռքի մեջ ավանդույթ պահելը չափազանց դժվար է. այնտեղ ամեն գրող գրականությունն ինքն իրենով է սկսում։ Սփյուռքում գրականությունը հաստատութենական կամ ինստիտուցիոնալ չէ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կամ այլ երկրներում է։

«Գրականութիւնն ինծի համար մտածելու ձեւ է,- եզրափակում է Գրիգոր Պըլտյանը,- մեր արժէքները կը փորձեմ վերստին նայիլ, նորովի։ Մենք կը հորինենք աւանդութիւնը։ Մտածելը հաճոյք է, նոյնիսկ եթէ ելքը չես գտներ։ Եւ կը դառնայ վայելք, երբ կարենաս այդ մտածումին ձեւ տալ»։

Կարդացեք նաև

Back to top button