368 տարի շարունակ Տաթևի Մեծ անապատը պահպանել է իր լռությունը։ Շուտով այն այլևս նույնը չի լինի։ Միակ բնակիչը՝ Տեր Հակոբը, չի թաքցնում երկակի զգացողությունները․ ուրախ է, որ վանական համալիրը կվերականգնվի ու նոր շունչ կստանա, բայց գիտի՝ ավելացող այցելուների հետ կպակասի նաև իր ամենաթանկը՝ անդորրը։
Ֆրանսիացի գործընկերները, սակայն, խոստացել են բարեկարգման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ոչ միայն 17-րդ դարի վանական համալիրի ու դեպի այն տանող ճանապարհի վերականգնմանը, այլև հնարավորինս պահպանել այս վայրի խաղաղ մթնոլորտը։ Պատմական Տաթևի Մեծ անապատում այս օրերին հայերենն ու ֆրանսերենը խառնվել էին իրար։




