ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Սթարմերը հեռանում է․ ինչո՞ւ է հրաժարական տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետը

Մեծ Բրիտանիան կրկին կանգնած է իշխանություն փոխելու շեմին։ Ընդամենը երկու տարի առաջ տպավորիչ հաղթանակով իշխանության եկած Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին՝ ընդունելով իրողությունը, որ այլևս չի վայելում սեփական կուսակցության վստահությունը։

Ո՞ր իրադարձությունները հանգեցրին այս որոշմանը, ինչպե՞ս է միջազգային մամուլը գնահատում Սթարմերի անկումը, և ինչո՞ւ էր ԱՄՆ նախագահը օրեր առաջ կանխատեսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հեռացումը։

Միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ Մեծ Բրիտանիայի 63-ամյա վարչապետ Քիր Սթարմերի՝ հրաժարականի մասին հայտարարությունը հաջորդում է ամիսներ շարունակվող ներքաղաքական ճնշմանը։ Reuters-ի գնահատմամբ՝ քաղաքական գործիչը, որ 2024 թվականին իշխանության էր եկել կայունություն և պրագմատիզմ խոստանալով, աստիճանաբար կորցրեց թե՛ ընտրողների, թե՛ սեփական կուսակցության վստահությունը։

Գործակալության տվյալներով՝ ավելի քան երկու տասնյակ աղբյուրներ կուսակցությունում Սթարմերի գլխավոր խնդիրը համարել են քաղաքական հստակ տեսլականի բացակայությունը։ Ամփոփելով Reuters-ը հետևյալ եզրահանգումն  է անում.

«Սթարմերին իշխանության բերած գաղափարական դատարկությունն ի վերջո դարձավ նրա անկման պատճառը։ Նա հաճախ ընկալվում էր որպես առաջնորդ, որ չունի հստակ ուղղություն և քաղաքական մեծ գաղափար»։

Միջազգային լրատվամիջոցները նկատում են, որ Սթարմերի դիրքերը հատկապես թուլացել են մայիսի 12-ին անցկացված տեղական ընտրություններից հետո, երբ Լեյբորիստական կուսակցությունը գրանցեց վերջին տասնամյակների ամենացավոտ արդյունքներից մեկը։ Դրան հաջորդեցին նախարարների հրաժարականներ, կուսակցությունում բացահայտ դժգոհություններ և վարչապետի հեռացման պահանջներ։

Վճռորոշ շրջադարձը, սակայն, այն բանից հետո էր, երբ Սթարմերի գլխավոր մրցակից Էնդի Բըրնհեմը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրապայքարում՝ ստանալով Համայնքների պալատ վերադառնալու հնարավորություն։ Բըրնհեմը արագորեն սկսեց դիտարկվել որպես առաջնորդ, որ կարող է վերակենդանացնել Լեյբորիստների դիրքերը և դիմակայել աջ պոպուլիստական ուժերի աճող ազդեցությանը։

Հրաժարականի մասին հայտարարելով՝ Սթարմերն ընդունեց, որ կուսակցությունն այլևս իրեն չի տեսնում հաջորդ ընտրություններում հաղթանակ ապահովող առաջնորդի դերում։

«Հարցը, որ հիմա իմ կուսակցությունն է տալիս, հետևյալն է․ արդյո՞ք ես լավագույն մարդն եմ հաջորդ համապետական ընտրություններին մեզ առաջնորդելու համար։ Ես լսել եմ իմ կուսակցության պատասխանը և ընդունում եմ հարգանքով»։

Միջազգային մամուլը չի շրջանցում նաև այն հանգամանքը, որ Սթարմերի հեռանալը փաստացիորեն կանխատեսել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հրաժարականից մեկ օր առաջ Truth Social սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ՝ Թրամփը հայտարարել էր, որ Բրիտանիայի վարչապետը շուտով կհեռանա պաշտոնից.

«Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից։ Նա ձախողվել է երկու շատ կարևոր հարցերում՝ միգրացիայում և էներգետիկ քաղաքականության մեջ։ Նրան մաղթում եմ ամենայն բարիք»։

Լրատվամիջոցները նշում են, որ Սթարմերի վարկանիշի անկման պատճառներից էին միգրացիոն քաղաքականության շուրջ դժգոհությունները, կենսամակարդակին առնչվող խնդիրները, պետական ծառայությունների արդյունավետության վերաբերյալ քննադատությունը և կառավարության կադրային ճգնաժամը։

Իսկ  բրիտանական Guardian-ը գրում է, որ հրաժարականի որոշումը նախապատրաստվել էր օրեր շարունակ։ Ըստ պարբերականի՝ Սթարմերը շաբաթավերջին խորհրդակցություններ էր անցկացրել մերձավոր թիմակիցների հետ և հանգել այն եզրակացությանը, որ իշխանության պահպանման փորձը միայն կխորացնի կուսակցությունում ճգնաժամը։ Guardian-ը փոխանցում է.

«Աջակիցների մի մասը դեռ կոչ էր անում պայքարելու մինչև վերջ, սակայն փոփոխությունների անհրաժեշտությունն արդեն դարձել էր գերակշռող տրամադրություն կուսակցությունում»։

Հեղինակավոր լրատվամիջոցը նկատում է, որ այսպիսով ընդամենը երկու տարի առաջ պատմական հաղթանակ գրանցած Քիր Սթարմերը հեռանում է իշխանությունից՝ չկարողանալով պահպանել այն վստահությունը, որն իրեն բերել էր Դաունինգ Սթրիթ։ Նրա հրաժարականով ոչ միայն ավարտում է բրիտանական քաղաքականության հերթական գլուխը, այլև նոր պայքարի սկիզբ է դրվում  Լեյբորիստական կուսակցությունում այն հարցի շուրջ, թե ով և ինչպես պետք է առաջնորդի երկիրն ու ինչ տեսլականով պետք է մասնակցի  ընտրություններին։

Կարդացեք նաև

Back to top button