Սփյուռքի ձայնը

Երբ արմատները կանչեցին տուն․ ինչպես կամավորությունն ու մասնագիտական փորձը Հենրիկին բերեցին հայրենիք. «Սփյուռքի ձայնը»

Հենրիկ Մանուկյանի պատմությունն սկսվում է մի դիպուկ մետաֆորով, որը նա լսել էր մի տիեզերագնացից․ «Եթե ծառը շատ ես տեղից տեղ շարժում, այն արմատներ չի գցում»։ Երեք տարեկանից Իսպանիայում ապրած, այնուհետև Կոլումբիայում ու Նորվեգիայում մասնագիտական բարձունքներ հաղթահարած հայ երիտասարդի համար 2025 թվականը դարձավ հենց այդ «արմատների» տարին։ Շատերի նման նա էլ եկել էր ընդամենը մեկ ամսով՝ կարոտն առնելու, բայց մնաց՝ հասկանալով, որ իր փորձն ու գիտելիքը հայրենիքին պետք են հիմա։

2020 թվականը՝ որպես արթնացման սերմ

Հենրիկն անկեղծանում է՝ մինչև 2020 թվականի պատերազմը նա բավականին հեռու էր հայկական համայնքային կյանքից։ Թեև մայրը տանը միշտ պարտադրել էր հայերեն խոսել ու պահպանել ավանդույթները, Հենրիկը զգում էր իրեն աշխարհի քաղաքացի, ով հայերի հետ շփվելու մեծ ձգտում չուներ։ «Կարող եմ ասել, որ 20 թվի պատերազմը մեզ միացրեց։ Այդ պատերազմն իմ մեջ մի սերմ դրեց, որն աճեց 2025-ին, երբ վերջապես եկա Հայաստան»,- ասում է նա։

Կամավորությունը՝ որպես կամուրջ և «փորձաշրջան»

Հայաստան գալու որոշումը հանկարծակի չէր, բայց մնալու որոշումը ծնվեց կամավորության շնորհիվ։ AVC-ի (Հայ կամավորների միություն) միջոցով Հենրիկը սկսեց աշխատել Մատենադարանի PR բաժնում։ Թեև նա մասնագիտությամբ բուժեղբայր է և առողջապահության կառավարման մասնագետ, կամավորությունը նրան հնարավորություն տվեց ճանաչել հայկական մշակույթն ու մարդկանց՝ առանց մասնագիտական «չոր» սահմանների։ Կամավորությունը Հենրիկի համար դարձավ այն գործիքը, որը նրան տվեց Հայաստանում ապրելու «լիցենզիա»։ «Այդ երեք ամիսը, որ կամավորություն արեցի, հասկացա, որ պետք է մնալ։ Դա մեզ տալիս է գործիքներ՝ սովորել լեզուն, տեսնել մշակույթը, ուտելիքը և, ամենակարևորը, զգալ՝ ինչպես կարող ենք օգտակար լինել»։

Նորվեգական փորձից՝ հայկական իրականություն

Այսօր Հենրիկն արդեն «իԳործ» ծրագրի մասնակից է և աշխատում է Առողջապահության նախարարությունում։ Նա իր հետ բերել է Նորվեգիայի առողջապահության դեպարտամենտի ղեկավարման փորձը։ Նրա նպատակը հստակ է՝ բարեփոխել շտապօգնության համակարգը։ Հենրիկն առաջարկում է ներդնել հարցաշարերի համակարգ, որը թույլ կտա զտել ոչ հրատապ զանգերը։ «Շտապօգնության կանչերի 80%-ը միջազգային ստանդարտներով շտապօգնության մեքենայի կարիք չունի։ Դա տարեկան մոտ 5 միլիարդ դրամի ավելորդ ծախս է և, որ ավելի կարևոր է, ուշացնում է օգնությունը նրանց համար, ում կյանքը վտանգված է»։

«Մի՛ գնա խնդրով, գնա՛ լուծումամբ»

Հայրենադարձության ճանապարհը Հենրիկի համար հարթ չէ։ Նա բախվում է բյուրոկրատիայի, «հին համակարգի» մարդկանց դիմադրությանը և այն փաստին, որ իրեն երբեմն դեռ «իսպանացի» կամ «եվրոպացի» են կոչում՝ «հայի» փոխարեն։ Սակայն նրա բանաձևը պարզ է՝ համբերություն և պրոֆեսիոնալիզմ։ «Պետք է մի քայլ առաջ լինես։ Չսպասես՝ տեսնես ինչ գործ կտան, այլ ինքդ ցույց տաս՝ ոնց ես ուզում օգնել։ Եթե խնդիր ես տեսնում, մի՛ գնա խնդրով, գնա՛ լուծումամբ»։

Հենրիկ Մանուկյանն այսօր Հայաստանում է ու պատրաստ է իր ծառայությունը մատուցել հայրենիքին։ Նա տեսնում է, թե ինչպես են իր ընկերները Գերմանիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից կամաց-կամաց տեղափոխվում տուն։ Կամավորությունը ոչ միայն անվճար աշխատանք է, այլև սեփական արմատները գտնելու և պետության կայացման մեջ ներդրում ունենալու ամենակարճ ճանապարհը։ Իսկ ծառը, որը վերջապես գտել է իր հողը, վաղ թե ուշ պտուղ է տալու։ «Ես ուզում եմ մնալ Հայաստանում։ Աշխատում եմ առավոտ ու գիշեր, որ երկիրս տեսնի իմ փորձի օգտակարությունը։ Ես պատրաստ եմ»։

Կարդացեք նաև

Back to top button