ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Դժոգհ են բոլորը․ հետևանքներ առանց նոր ընտրությունների

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից դժգոհ են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Թեմային կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի վարչապետը։ Նրա ձևակերպմամբ՝ ընտրակաշառքի դեպքերը, բացի քաղաքական գնահատականից, նաև իրավական գնահատական պետք է ստանան։ Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ ընդդիմության ձայների կեսից ավելին ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով։

Ընդդիմությունը նույնպես հետընտրական քայլեր է ծրագրում։ Առաջին անելիքը ՍԴ դիմելն է, որի մասին հայտարարել են ընդդիմադիր ուժերից 5-ը։

Հետընտրական Հայաստանում ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, երբ ընտրությունների ընթացքը քննադատում է ոչ միայն ընդդիմությունը, այլև հաղթած իշխանությունը։ Ընդդիմությունը խոսում է վարչական ռեսուրսի չարաշահման և ճնշումների մասին, իշխանությունն ընդդիմությանը մեղադրում է ընտրակաշառքը որպես ընտրվելու հնարավորություն օգտագործելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, բացառում է նոր ընտրություններ կազմակերպելու հնարավորությունը՝ հիմնավորելով, որ ՀՀ քաղաքացին իր կամքն արտահայտելու հնարավորություն է ունեցել․

«Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ։ Մենք դժգոհ ենք, որ մեր պետությունը դեռ այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու։ Ընտրությունների, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են և առնվազն այս մասով արտահայտում են ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»։

Ընդդիմությունն իր հերթին դիտարկում է հետընտրական զարգացումների տարբերակները, ձևաչափերը, սակայն հստակ չեն։ Առաջիկա անելիքը, թերևս, ՍԴ-ում է։ Ըստ ժամանակացույցի՝ մայր դատարան դիմելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է։ Ընտրության արդյունքներն այդ ատյանում վիճարկելու մտադրության մասին արդեն հայտնել են ընդդիմադիր ուժերից հինգը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան», Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքները, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ը և Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ը։ «Միասնության թևեր»-ի ներրկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը ձևակերպում է հիմնական դժգոհությունը․

«Ինչում մեղադրվում էին նախկին իշխանությունները, տասնապատիկ ավելի շատ մենք տեսել ենք այս իշխանությունների օրոք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախօրյակին»։

Նախկին բարքերից դժգոհ է նաև վարչապետ Փաշինյանը։ Այս առումով կարծում է՝ կարևոր է  ոչ միայն քաղաքական, այլև իրավական պատասխանատվության հարցը։ Վարչապետը խոսում է դեռ 2021 թվականի ընտրություններին առնչվող ընտրակաշառքի գործերի մասին, որոնց անպատժելիությունը, համոզված է, ձևավորեց 2026-ի պատկերը․

«Ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ 21 թվականից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ բանտում չէ։ Ես ասում եմ, որ բոլորը պետք է մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում։ Հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Դա արդեն քաղաքական հարց է, և սրան պետք է տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները կգնահատեն։ Ակնհայտ է, որ այստեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ, և այն պետք է որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում նաև գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվության, հասկանանք՝ ով ինչ որոշում է կայացրել և ինչու»:  

Հետընտրական զարգացումների ձևաչափերից մեկն էլ արդեն ձևակերպել և ընդդիմադիր դաշտին է ուղղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա առաջարկել է ստեղծել հետընտրական ընդդիմադիր կոալիցիա՝ խմբագրելու նախընտրական շրջանում ընդդիմության գործած սխալները․

«Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել դրա համար։ Հիմա շատ կարևոր է մեր երկրի և ժողովրդի համար այս համախմբումը։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր պրոբլեմները մեր ժողովրդին բացահայտենք ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով՝ որն է ճիշտ, գնանք այդ քայլերով»։

Նախընտրական շրջանում այդպես էլ չբացահայտվեց, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որ քաղաքական ուժերի հետ է փորձել բանակցել հնարավոր գործակցության շուրջ։ Ընդդիմադիր ուժերը առայժմ չեն շտապում արձագանքելու Սամվել Կարապետյանի առաջարկին․

Փոխարենը ընդդիմության համախմբման ծրագրերին և հնարավոր զարգացումներին արձագանքում է վարչապետ Փաշինյանը։

«Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել։ Այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող։ Այսինքն՝ դա ի՞նչ նորություն է․ ակնհայտ փաստ է»։  

Առավելագույն ձայն ստացած ընդդիմադիր երեք ուժերի ղեկավարների մասին խոսելիս Հայաստանի վարչապետը վերջին շրջանում օգտագործում է կոշտ ձևակերպումներ, ընդհուպ ջախջախելու և ոչնչացնելու անձնական հանձնառությունը։ Հարցին ի պատասխան, թե ինչ քայլեր են ենթադրում այդ ձևակերպումները, Հայաստանի վարչապետը պարզաբանում է՝ իր բոլոր հայտարարությունները պետք է դիտարկվեն բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button