ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Jazzical Komitas. կոմիտասյան մեղեդիները ջազային ակորդներում

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը  ներկայացրեց  բացառիկ Jazzical Komitas համերգային նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր և ազգային երաժշտությունը։ Համերգի մենակատարն էր Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը, որն իրեն «ընտրված հայ» է համարում։ Համերգը ղեկավարում էր բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։

Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն ունեցավ ունկնդրելու ամերիկացի երաժիշտ Ջոել Մարտինի հեղինակած Jazzical Komitas մշակումները՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչած այս յուրօրինակ նախագծի հիմքերը դրվել են դեռևս 2022 թվականին, երբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանն առաջին անգամ ծանոթացավ ամերիկացի երաժշտի արվեստին․

«Ընկերներիցս մեկը զանգահարեց ինձ և ասաց՝ այսպիսի մի երաժիշտ կա Ամերիկայից, որ Կոմիտասի ստեղծագործությունների մշակումներ է անում։ Ճիշտն ասած՝ մի քիչ զարմացա, որովհետև երաժշտական աշխարհում ընդունված չէր Կոմիտասի ստեղծագործությունները որպես մշակումներ կամ ջազային մշակումներ լսել։ Ասացի՝ փորձենք, տեսնենք։ Եվ ձայնագրությունները ուղարկեցին, նայեցինք, քննարկեցինք և որոշեցինք, որ կարելի է գործակցել»։

Առաջին համերգը տեղի ունեցավ Կամերային երաժշտության տանը, ինչից հետո գործընկերությունը դարձավ շարունակական։ Արդեն 2023 թվականին հայ երաժիշտներն ու ամերիկացի հյուրը մեկնեցին մեծ շրջագայության՝ ներկայանալով եվրոպական և ամերիկյան հարթակներում, որոնց թվում առանձնահատուկ էր ելույթը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում։ Այդ շրջագայության նախաձեռնողը բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահն էր, որ Նյու Յորքում 600-ից ավելի հանդիսատեսի բուռն ու հոտնկայս ծափահարություններից հետո որոշեց նախագիծը բերել Հայաստան: Որպես դասական երաժիշտ՝ նա նկատում է՝ հայկական երաժշտական մտածողությունն իր հիմքում արդեն իսկ ունի ջազային տարրեր․

«Մեր հայկական լադերը, հայկական երաժշտական մտածողությունը արդեն իսկ ունեն ակորդային համակարգի մեջ ջազային բոլոր ակորդները։ Ջոելը չափազանց լավ է կարողացել հայկական երաժշտությունը զգալ և, փոփոխելով, գործիքավորելով, չշեղվելով և չկորցնելով բնօրինակը, պահպանելով ավանդույթը՝ ստեղծել է ջազային Կոմիտաս։ Շատերն են փորձել, բայց հենց Ջոել Մարտինի Jazzical Komitas-ը ինձ չափազանց հոգեհարազատ է»։

Ամերիկացի երաժիշտ Ջոել Մարտինը, իրեն «ընտրված հայ» է անվանում։ Նա խոստովանում է, որ մինչև 2019 թվականը ոչինչ չգիտեր Հայաստանի և Կոմիտասի մասին, մինչև որ Նյու Յորքի թաղամասերից մեկում պատահական հանդիպումը պրոդյուսեր Էմմա Առաքելյանի հետ շրջեց նրա պատկերացումները։

«Ես հարցրի. «Ի՞նչ է Կոմիտասը»… Նա ասաց՝ ոչ թե ինչ է, այլ ով է, ու հանդես եկավ մի ամբողջ ներկայացումով Կոմիտասի մասին… Հաջորդ վեց ամիսների ընթացքում Կոմիտասի անունը շարունակում էր հնչել իմ ներսում… Որոշեցի վերջապես նստել ու լսել: Երկու ժամ շարունակ լսում էի Կոմիտաս ու հայկական ժողովրդական երգեր… Անկեղծ ասած՝ ես խորապես հուզված էի։ Ես աշխատել էի բազմաթիվ փոփ աստղերի, դասական երաժիշտների և ջազ կատարողների հետ, բայց չէի սպասում, որ Կոմիտասը կամ Հայաստանը կարող է այսքան մեծ ազդեցություն ունենալ ինձ վրա։ Դա լավագույն բաներից մեկն էր, որ երբևէ պատահել է ինձ»։

Ամերիկացի երաժշտի խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ Կովկասի, Եվրոպայի թվային Սիլիկոնյան հովիտը նաև  երաժշտության ոլորտում։

«Գիտեք, երաժշտություն ստեղծելը օրհնություն է և պատիվ։ Բայց ավելի կարևոր բան եմ ուզում ասել՝ հանճարեղ Կոմիտասը միայն ձերը չէ: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Կոմիտասի ոգին շատ ամուր ապրում է իմ մեջ… Ես պետք է ներկայացնեմ աշխարհին»,-ասաց Ջոել Մարտինը։

Երևանյան համերգից հետո նախագիծը կշարունակի իր համաշխարհային ընթացքը։ Հաջորդ կանգառը Միացյալ Թագավորությունն է։ Լոնդոնյան բեմում Կոմիտասից բացի  կներկայացվի նաև Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունների ջազային մշակումները: Սակայն նախագծի հեղինակների նպատակներն էլ ավելի հավակնոտ են. Jazzical Komitas-ը ներկայացվելու է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությանը՝ հայկական մշակութային հարստությունն աշխարհին նորովի ճանաչելի դարձնելու առաքելությամբ:

Կարդացեք նաև

Back to top button