Հայագիտակ

«Շաթալ» գուլպայի անանց ջերմությունը․ Հադրութի ձեռագործ ժառանգության հետքերով․ «Հայագիտակ»

Օրերս Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր Հադրութում շատ տարածված ու գործածական «շաթալ» կամ «հիլու» գուլպային։ Իր նախշերով, գործելու տեխնիկայով ու օգտագործման ձևով առանձնացող ազգային տարազի այս մասը վաղուց ներառված է հայկական ոչ նյութական ժառանգության ցանկում։

Ազգագրագետ Կարինե Բազեյանը մանրամասն պատմեց ոչ միայն «շաթալի», այլև ընդհանրապես գուլպայի՝ կենցաղում և տոնական օրերին, հատկապես՝ հարսանեկան ծեսի ժամանակ ունեցած դերի մասին։ Գուլպան որպես նվեր միշտ եղել է բոլոր ծեսերի նվերների ցանկում՝ ինչպես տոնական, երբ նշանվածները նվերներ են փոխանակել, այնպես էլ՝ հարսանեկան։ Ընդ որում՝ հարսը գուլպա էր նվիրում ոչ միայն փեսային, այլև նրա հորը, եղբայրներին և այլն։

Հայերը գուլպա գործել են ինչպես բրդից, այնպես էլ բամբակից և մետաքսից։ Մետաքսե գուլպա կրում էին քաղաքաբնակ մեծահարուստները, իսկ բամբակյա գուլպա՝ ամռանը։ Բացի գուլպաներից, ձմռանը հագնում էին նաև սռնապաններ։ Դրանք առանց թաթի երկար գուլպաներ են, որոնց մեջ ձմռանը դնում էին տաբատի (շալվարի) փողքերը։ Ազգային տարազի ցանկացած, անգամ ամենահամեստ տարրը շատ կարևոր և հետաքրքիր է։

Կարդացեք նաև

Back to top button