ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ոչ թե մերժել է իր ոճրագործությունը, այլ վիրավորվել է դատարանից․ քառօրյա պատերազմի առաջին վճիռը Ադբեջանը չի բողոքարկել

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԻԵԴ-ի՝ օրերս հրապարակած վճռին, որով վերջինս արձանագրել էր, որ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ այդ երկիրը պատերազմական հանցագործություն է թույլ տվել՝ խոշտանգելով սպանելով միջազգային կոնվենցիաների պաշտպանության տակ գտնվող հայ սպային։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը չի հերքել կամ ընդունել հանցագործությունը, փոխարենը հայտարարել է, որ դատարանի օգտագործած տեղանունները հակասում են իր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս գործով դիմումատուների ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում նշել են, որ նման հայտարարությունը ոչ թե իրավական գնահատական կամ ժխտում է, այլ քաղաքական գնահատական, որը միջազգային իրավունքում ուժ չունի։

ՄԻԵԴ-ի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի դրվագներից մեկով Ադրբեջանի դեմ կայացրած առաջին վճռից հետո Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նամակ է փոխանցվել։ Բաքուն նշել է, թե «օգտագործված տերմինաբանությունը հակասում է երկրի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Ընդգծել է նաև, թե «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գիծ» արտահայտության օգտագործումը, ինչպես նաև բանակի, պետական ​​մարմինների, գլխավոր դատախազի և օմբուդսմենի մասին հղումները «նախկին անօրինական անջատողական ռեժիմը օրինականացնելու փորձ են»։

Այս հայտարարությունը ոչ միայն զարմանալի չէր, այլև ինչ-որ առումով սպասելի էր՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Բաքուն գրեթե նույն հռետորաբանությամբ «պայքարել է» ՄԻԵԴ-ի բոլոր  այն վճիռների դեմ, որտեղ տեղանուններ են օգտագործվել։

«Ադրբեջանը դեռ առաջին գործերից սկսած փորձել է պայքարել սրա դեմ, բայց Եվրոպական դատարանը մերժել է մինչև հիմա։ Այսինքն` եթե Եվրոպական դատարանը առնվազն  8 անգամ մերժել է, պարզ է, որ սա ընդամենը հրապարակախոսություն է, սա իրավաբանության հետ կապ չունի»։

Իրավական դաշտում Ադրբեջանի անհամաձայնությունը պետք է արտահայտվեր դրա բողոքարկմամբ, ինչը չի արվել՝ մանրամասնում է Ղազարյանը․

«Եթե բողոքարկի, հաստատ այդ հանգամանքը չի բողոքարկի, որովհետև Եվրոպական դատարանի ընդունելության նույնիսկ նվազագույն չափանիշներին չի համապատասխանում»։

Ադրբեջանի այդ գործելաոճը նմանվում է ստվերների դեմ պայքարի՝ նկատում է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։ Միջազգային իրավական ատյաններում այդ երկրի ներկայացուցիչներն անընդհատ պահանջում են, որ դիմողները ներկայացնեն, թե ճանաչված որ պետության քաղաքացիներն են տուժողները, մինչդեռ հասկանալի է, որ նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն էին, և միջազգային  արդարադատության դատարանը ևս ճանաչում է միջազգայնորեն չճանաչված պետությունների այն փաստաթղթերը, որոնք առնչվում են կացությանը` ծնունդ, քաղաքացիություն, մահ․

«Կարծում եմ` Ադրբեջանը ընդունել է սեփական հանցանքը, քանի որ նման մակարդակի հաղորդագրության մեջ նրանք ոչ թե մերժում են իրենց ոճրագործությունը, ոչ թե փորձում են բացատրել, թե ինչու դա տեղի չի ունեցել, այլ վիրավորված են դատարանից, որ դատարանը տվյալ ժամանակահատվածի իրողությունները արձանագրել է։ Այսինքն` դատարանը, այո, արձանագրել է, որ 2016 թ.-ին եղել է Արցախի Հանրապետություն, որը թեև ճանաչված չի եղել, սակայն կենսունակ քաղաքական տարր է եղել, որը ներկայացված է եղել անգամ միջազգային հարթակներում, և սա ցույց է տալիս, որ կատարված խախտումը հերքելու, մերժելու բոլոր ջանքերը ապարդյուն են, և սա գիտակցված է հենց Ադրբեջանի իշխանությունների կողմից»։

Բացի զոհված զինծառայողի ընտանիքի փոխհատուցումից՝ Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ներպետական դատական ատյաններում քննելու գործը և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։ Փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ սա կատարել-չկատարելը ոչ միայն իրավական, այլև քաղաքական տիրույթում է։ Դատարանն արձանագրել և հանրայնացրել է փաստը։ Թե ինչպես դրան կառերեսվի միջազգային հանրույթյունը, այլ հարց է։

«Տեսեք, մենք ունենք 9 վճիռ Ադրբեջանի դեմ գրեթե նույնական հանցանքներով, այսինքն` անհնար է այլևս հերքել, որ կոնկրետ պետության կողմից կա մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունք, որը հակասում է այդ բոլոր Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, մարդու իրավունքների բոլոր մակարդակների միջազգային ստանդարտներին։ Ինչպե՞ս է սրան վերաբերելու միջազգային հանրությունը։ Սա արդեն արձանագրված է ։ Այ դա է արդեն նաև մեր պետության քաղաքականության հարցը»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է՝ արդեն ավարտված գործերով կայացված վճիռները կարևոր են ոչ միայն արդարադատության, այլև պատմական իրողությունների արձանագրման տեսանկյունից․

«Սա դատական ակտ է, սա պատմական փաստ է։ Ցանկացած դատական ակտ դառնում է անհերքելի։ Ինձ համար շատ կարևոր է հենց այդ հանգամանքը։ Սա հրապարակախոսական ինչ-որ հոդված չէ, նույնիսկ, կներեք, մոնթորինգային զեկույց չէ։ Դատական ակտերը հերքել հնարավոր չի, և սա ցույց է տալիս պատերազմի դեմքը, որովհետև քաղաքական դիսկուրսում երկրորդ, երրորդ օրը ամեն ինչ մոռացվում է, նոր դիսկուրսներ են հայտնվում, իսկ դատական ակտը մնում է»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝  Ադրբեջանի դեմ հրապարակված վճիռն առնչվում է  քառօրյա պատերազմի ողբերգական դրվագներից մեկին, երբ ադրբեջանցի զինվորներն առանձնակի դաժանությամբ սպանել էին հայ սպային։

ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է 90 000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ 

Եվրոպական դատարանը հստակ արձանագրել է՝ կատարվածը պատերազմական հանցագործություն է։ Սա ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող առաջին վճիռն է, բայց Ստրասբուրգի դատարանում ևս 22 գործ կա Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ։ Իրավապաշտպանների խոսքով՝ առաջիկայում կհրապարակվեն բոլոր վճիռները:

Կարդացեք նաև

Back to top button