ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են ազատել Բաքվում պահվող հայ գերիներին

Բաքվում հայերը դատապարտվել են Արցախի բնիկ ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքին հավատալու համար․ այսպիսի հայտարարություն են արել ամերիկացի կոգրեսականներ Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան և Ջուդի Չուն։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայերի գերեվարության 1000-րդ օրվա կապակցությամբ կոնգրեսականներն ասուլիս են հրավիրել և դատապարտել են Ադրբեջանին՝ Արցախում կատարած էթնիկ զտումների համար։ Նրանք պահանջել են, որ Միացյալ Նահանգները հնարավոր բոլոր միջոցներով փորձի ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված հայերին։

Ամերիկացի կոնգրեսականները Ադրբեջանում հայերի գերեվարության 1000-րդ օրվա կապակցությամբ հանդիպել են լրագրողների հետ։

Մամուլի ասուլիսի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը խոսել է հայ գերիների դատավարությունների մասին։ Նա մեջբերել է մարդու իրավունքների պաշտպանների գնահատականները, ըստ որոնց՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ու ազատության մակարդակը գնահատվում է 100-ից ընդամենը 6 միավորով։ Դա, ըստ կոնգրեսականի, ցույց է տալիս, որ ադրբեջանական արդարադատության վրա հույս չեն կարող դնել նույնիսկ այդ երկրի քաղաքացիները։ Եվ նման պայմաններում, ըստ նրա, հայ գերիների համար արդարադատություն ակնկալելն անիմաստ է։ Շերմանն ընդգծել է, որ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ այլատյացության պետական քաղաքականություն են վարում հայերի դեմ։ Նա հիշեցրել է 2023-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը․

«2023-ին Ադրբեջանի զինված ուժերը գագաթնակետին հասան։ Սննդի, վառելիքի ու դեղորայքի պակասի ինը ամսվա շրջափակումից հետո նրանք կատարեցին ավելի քան 100.000 բնիկ հայերի էթնիկ զտում իրենց տներից՝ Արցախի տարածքից։ Փախուստի ժամանակ ադրբեջանական ուժերը ձերբակալեցին տասնյակ էթնիկ հայերի, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչներին»։

Կոնգրասական Շերմանը շեշտել է, որ համացանցում բազմիցս հայտնվել են հայ զինծառայողներին մահապատժի ենթարկելու սարսափելի կադրեր հայ հասարակությանը վախի մեջ պահելու համար։ Շերմանը պնդում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր գործիքները Բաքվի վրա ճնշում գործադրելու համար: Նա լրագրողներին ասել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հատուկ օրենսդրական փոփոխություն է համաձայնեցրել, որով Վաշինգտոնից պահանջվում է հստակ քայլեր անել Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու համար։ Կոնգրեսականը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղություն չի լինի առանց այդ քայլի։

Իսկ Կալիֆոռնիան ներկայացնող կոնգրեսական Ջիմ Կոստան պահանջել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի արել բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու և իր զորքը Հայաստանի գրավյալ տարածքներից ամբողջությամբ դուրս բերելու համար։ Կոստան տեղեկացրել է, որ այս հարցով դիմել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որպեսզի նա օգտագործի դիվանագիտական լծակներն այս հարցը կարգավորելու համար․

«Մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որովհետև աշխարհը երբեք չպետք է մոռանա Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների մասին։ Ավելի քան 120․000 հայեր բռնի տեղահանվել են Արցախից՝ իրենց պատմական հայրենիքից, որտեղ այժմ ադրբեջանցի զինվորականները ծրագրված կերպով ոչնչացնում են նրանց համայնքները, եկեղեցիներն ու մշակութային ժառանգության օբյեկտները»։

Կոնգրեսական Ջուդի Չուն էլ պատմել է Արցախ իր այցի մասին։ Նա ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները իրեն նախապես զգուշացրել էին, որ այդ այցը հետևանքներ կունենա և պահանջել էին չեղարկել ուղևորությունը, բայց կոնգրեսականն անտեսել է այդ սպառնալիքները․

«Բայց ես, միևնույն է, գնացի, որովհետև աշխարհը պետք է տեսներ հայ ժողովրդին, նրա եկեղեցիները և իր հողի հետ նրա խոր կապը։ Այսօր սիրտս ցավում է այն մտքից, որ Արցախը ավերված է, իսկ նրա բնակչությունը դարձել է փախստական։ Արցախից վերադառնալուց հետո Բաքուն ինձ սև ցուցակ ներառեց և արգելեց մուտքը Ադրբեջան։ Ես կրում եմ այդ արգելքը, և դա ինձ համար պատիվ է և ամրապնդում է իմ պատասխանատվությունը՝ շարունակելու արդարության պայքարը հայ ժողովրդի համար»։

Ի դեպ, ամերիկացի կոնգրեսականների ասուլիսից մի քանի ժամ առաջ Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքների քննությունն էր ընթանում։ Դատապարտվածները դարձյալ հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում։

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Նրանցից մի քանիսը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ մյուսները՝ 15-20 տարվա բանտարկության։

Կարդացեք նաև

Back to top button