
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ կվերանայվեն ակցիզային հարկի դրույքաչափերը և կավելանան անուղղակի հարկերը։
Սա լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի բյուջեի համար։ Փոփոխությունը ԵԱՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում գործակցության շրջանակում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցման համար է։
Հայաստանում վերանայվում են ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի կավելանան 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև՝ հաջորդող երկու տարիներին, 25 և 20 տոկոսով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցնում է․
«Մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որը ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածին»։
Օրինագծով առաջարկվում է ծխախոտային արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2․800 դրամ, այնուհետև՝ հաջորդող երկու տարիներին՝ յուրաքանչյուր տարի, բարձրացնել 30 տոկոսով։
«Հիմնական մասով ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են ընդամենը գնաճի ճշգրտումներին, այսինքն` մենք հիմնական ապրանքատեսակների մասով ճշգրտել ենք՝ 3 տոկոսով բարձրանում է, այսինքն` ոչ մի փոփոխություն չի լինում, ընդ որում, մենք ունենք նվազեցում որոշ ապրանքատեսակների մասով, օրինակ` մրգoղիների մասով, կոնյակի մասով»։
Նախագծի հիիմնավորման մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական միության հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում գործակցության շրջանակում ներդաշնակեցվում են զգայուն ապրանքների ակցիզային հարկերի դրույքաչափեր։ Դա ենթադրում է որոշ ապրանքների նկատմամբ անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկում։
Բացի այդ, առաջիկա տարիներին կանխատեսվող գնաճով պայմանավորված, կինդեքսավորվեն ակցիզային հարկի դրույքաչափերը։ Առաջիկայում գնաճը չի նահանջելու։ Պարենի համաշխարհային կազմակերպության փորձագետները արձանագրում են, որ 2026 թվականին մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտադրման հեռանկարը անորոշ է։ ԿԲ-ում ևս արձանագրում են, որ 2026-ի սկզբից աշխարհում ավելացել են անկայունություններն ու ռիսկերը՝ կապված էներգակիրների գների և դրանց տատանողական աճի, առևտրային ուղիների սահմանափակումների հետ։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ևս դիտվում են տնտեսական աճի հետագա վատթարացման և գնաճի ընդլայնման ռիսկեր։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանն ընդգծում է․
«2026 թվականի ապրիլին ՀՀ սպառողական շուկայում 12 ամսյա գնաճը շարունակել է արագանալ` կազմելով 5,3 %, նախորդ ամսվա նկատմամբ` 1,3 %։ Գնաճի տեմպի որոշակի արագացման հիմքում ընկած է սննդամթերքի գների աճը, որը տարեկան կտրվածքով Հայաստանում կազմել է 9,5 %»։
Գնաճը հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական անորոշություններով և հակամարտություններով՝ արձանագրում է փորձագետը։ Իսկ սննդամթերքի գների աճը Հայաստանում մի քանի գործոնով է պայմանավորված․
«Նախ՝ Հայաստանի տնտեսությունում պարենային ապրանքների ներմուծման ծավալը աճել է, ուստի համաշխարհային գների փոփոխությունները արագ ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին շուկայի վրա, զուգահեռ աճել են նաև գյուղատնտեսական արտադրության և լոգիստիկ ծախսերը»։
Յուրքանչյուր փոփոխություն առաջին հերթին սպառողն ու արտադրողն են զգում։ Ուստի ակցիզային հարկի փոփոխության թե այլ որոշման անմիջական կրողը քաղաքացին է։ Այս դեպքում էլ տնտեսվարողների համար ինդեքսավորման ապահովման հարցն է առաջ գալիս։ Հատկապես որ արագացող գնաճը ներմուծմամբ է պայմանավորված՝ ասում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․
«Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորաբար, էներգակիրների և պարենային ապրանքների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ»։
Մասնագիտական դաշտում արձանագրում են՝ ակցիզային հարկի փոփոխությամբ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ եկամուտներ։ Դրանք կարող են ուղղվել սոցիալական, կրթական կամ ենթակառուցվածքային ծրագրերին։ Ծխախոտի և ալկոհոլի թանակցման դեպքում սպառման ծավալը կարող է նվազել։ Բայց վառելիքի դեպքում հարցն ավելի զգայուն է։ Եթե դիզվառելիքը և բենզինը թանկանան, կթանկանան նաև տրանսպորտային ծախսերը, իսկ դա իր հերթին կազդի գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների գների վրա։




