ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵՄ նոր ազդակները Հայաստանին․ Բրյուսելի աջակցությունը գործնական փուլ է մտնում

Եվրամիությունը տնտեսական և քաղաքական աջակցության նոր քայլերով շարունակում է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ։ Հուլիսի սկզբին տարածաշրջանային այցով Բաքու և Երևան կմեկնի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Մինչև այս այցն էլ Բրյուսելն արդեն հայտարարել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության և առևտրային նոր հնարավորությունների մասին։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս այցը և ի՞նչ կարող է նշանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կայցելի Բաքու, իսկ հուլիսի 2-ից 3-ը կլինի Երևանում։ Այդ մասին գրում է Politico-ն։ Պարբերականը տեղեկացնում է նաև, որ տարածաշրջանային այս այցին կմիանա նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցի նպատակների մասին Politico-ն ԵՄ մի պաշտոնյայի հետևյալ խոսքերն է փոխանցել.

«Մենք տեսել ենք, որ երկիրը Ռուսաստանի կողմից ինտենսիվ և հետևողական ճնշման տակ է. այցը աջակցության ուժեղ ազդանշան կլինի՝ հետևելով արդեն իսկ տրամադրված կոնկրետ աջակցությանը»։

Նախորդիվ՝ հունիսի 18-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում Եվրամիության երկրներին հորդորել էր արագացնել աջակցության քայլերը Հայաստանին՝ պայմանավորված ռուսական վերջին սահմանափակումներով։

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել ռուսական սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին օգնելու համար։ Այս որոշումը Բրյուսելի հայտարարած ավելի լայն աջակցության ծրագրի առաջին գործնական քայլերից է։ Այդ մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ կարդում ենք.

«Նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։ Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան էր ժամանել նաև մայիսին։ Նա մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Բարձր մակարդակի այդ միջոցառման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ գործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը փոխանցում է.

«Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։ ԵՄ-Հայաստան Տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու և մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը»։

Գործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանք խթանելու համար Հայաստան է ժամանելու նաև ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը։ Այդ առնչությամբ նա ասել է.

«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնելու առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։

Հայտնի է, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի համար առևտրային արտոնյալ ռեժիմի ներդրման հնարավորությունը։ Խոսքը վերաբերում է Առևտրի ինքնավար միջոցառումներին (Autonomous Trade Measures – ATM), որոնց կիրառման դեպքում հայկական որոշ ապրանքներ կարող են մուտք գործել եվրոպական շուկա առանց մաքսատուրքերի և քանակական սահմանափակումների։ Առայժմ չի հրապարակվել, թե այս ռեժիմը կոնկրետ որ ապրանքատեսակները կներառի։ Միաժամանակ հայտնի է, որ Եվրամիությունը նման գործիքակազմ սովորաբար կիրառում է գործընկեր երկրների նկատմամբ՝ տնտեսական դժվարությունների պայմաններում աջակցելու, տնտեսության կայունացմանը նպաստելու և եվրոպական շուկայի հետ ինտեգրումն ընդլայնելու համար։ Այսպիսով, ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է ոչ միայն անհետաձգելի ֆինանսական աջակցություն, այլև եվրոպական շուկային ավելի խոր ինտեգրվելու լրացուցիչ հնարավորություններ։  

Կարդացեք նաև

Back to top button