Այսօր ավարտվում է ՌԴ ԱԳ նախարարի երկօրյա պաշտոնական այցը Բաքու։ Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Բանակցությունների օրակարգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերն են՝ սահմանին պահպանվող լարվածության ֆոնին: Լավրովի այս այցին նախորդել էին Թուրքիա, Հայաստան և Իրան կատարած այցերը։ Բաքվում, ըստ էության, ամփոփվել են տարածաշրջանային դերակատարների հետ ռուսական կողմի ձեռք բերած համաձայնությունները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը խոսել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ աջակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը: Նա, մասնավորապես, նշել է․
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատականներով, զգալի առաջընթաց է գրանցել: Հայկական կողմի հետ մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն: Արդեն ուրվագծվում է ընդհանուր պատկերացումը, թե ինչպես հնարավորինս հարմարավետ կարող է լուծվել մեքենաների տեղաշարժի կազմակերպումը, որպեսզի որևէ արհեստական խոչընդոտ չստեղծվի»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանն անպատասխան է թողել խաղաղության պայմանագրին վերաբերող ադրբեջանական առաջարկները։ Լավրովը, մինչդեռ հայտնում է, որ հայկական կողմը պատրաստ է ապագա համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Ադրբեջանական անպատասխան մնացած առաջարկների մասին պնդմանն այսօր պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին է փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս պաշտոնական որևէ պատասխան չի ստացվել։
«Այսինքն՝ հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել՝ Նախիջևանի հետ կապի հարցում ցանկալի արդյունքի հասնելու համար։
«Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից դեպի Նախիջևան անխափան կապի ապահովում պահանջել։ Ենթադրում եմ, որ այդ անխափան կապը Ադրբեջանը հասկանում է առանց մաքսային անցակետերի, վերպետական ինչ-որ մարմնի կամ այլ պետության հսկողությամբ բեռների տեղափոխումը, ինչը մեր շահերին չի համապատասխանում, և Հայաստանը բազմիցս նշել է, որ Հայաստանից բացի որևէ իրավասություն այդ ճանապարհի նկատմամբ չպետք է լինի։ Լավրովն այս առումով ոչ մի որոշակի բան չասաց, ուղղակի նշեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները։ Հաշվի առնելով, որ թե Ադրբեջանի նախագահը, թե Լավրովը խոսեցին փոխվարչապետների մակարդակով հանդիպման ժամանակ առաջընթացի մասին, գուցե այս հարցում կա ինչ-որ համաձայնություն, որի մասին շուտով կիմանանք»։
ՌԴ արտգործնախարարը, անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին, նշել էր, թե պատրաստ են խորհրդատվական ծառայություններ տրամադրել, ապա հավելել, որ կոնկրետ առաջարկներ ունեն։ Ի՞նչ առաջարկներ կարող է անել Մոսկվան։
«Կառաջարկվեն վերջնական հանգուցալուծումներ Հայաստանին և Ադրբեջանին, այլ հարց է, թե այդտեղ Հայաստանի կամ Ադրբեջանի շահերը որքանով ներառված կլինեն , և որ հատվածում որ կողմը կօգտվի։ Ենթադրում եմ, որ այստեղ խոսք կա հիմնական մայրուղիների վերահսկողության հետ կապված՝ հաշվի առնելով անկլավների խնդիրը, գուցե փոխանակման որոշակի խնդիրներ կան։ Անկլավների կամ ինչ-որ փոքր տարածքների փոխանակում, որոնք ի վերջո կհանգեցնեն կողմերի ենթակառուցվածքային հնարավորությունների ավելացմանը, գուցե նաև քաղաքական հարցեր կան, այնուամենայնիվ հստակ որևէ բան ասել այս պահին հնարավոր չէ»։
Մինչև Բաքու մեկնելը Լավրովը եղել է Թեհրանում, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը քննարկել Իրանի ղեկավարության հետ։ Իրանյան այցի օրակարգի հիմնական հարցը ռուս-իրանական տնտեսական և քաղաքական համագործակցության խորացումն էր։ Հաշվի առնելով հանգամանքը, որ երկու երկրներն էլ այժմ արևմտյան սանկցիաների տակ են, Մոսկվան փորձում է խորացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Ռուս-իրանական համագործակցության խորացման համատեքստում ի՞նչ հնարավոր դերակատարում կարող է ստանձնել Հայաստանը։Իրանագետ Գարիկ Միսակյանի կարծում է՝ Հայաստանի դերակատարությանը մի քանի առումով կարող է կարևոր լինել։
«Նախ՝ Հյուսիս-հարավի միջանցքի ծրագրի իրականացման պայմաններում մենք Իրանի համար ցանկալի տարանցում ենք ապահովելու դեպի Սև ծով և ԵԱՏՄ շուկա , ինչն Իրանի համար ներկա փուլում բավականին կարևոր է նաև աշխարհաքաղաքական առումով։ Մենք միակ ցամաքային պետությունն ենք, որը ԵԱՏՄ անդամ է և սահմանակից է Իրանի հետ, այսինքն՝ այստեղ ազատ տնտեսական գոտիների միջոցով կարելի է համագործակցություն ծավալել, նաև ապահովել իրանական ապրանքների մուտքը դեպի Ռուսաստան ու հակառակ գործընթացը, քանի որ Ռուսաստանն էլ պատժամիջոցների պարագայում տարանցման համար փորձում է օգտագործել Կասպից ծովը»։
«Արևմտյան գործընկերների քմահաճույքներից» կախված չլինելու համար երկու երկրները պետք է վերակազմավորեն տնտեսական հարաբերությունները։ Ըստ իրանագետի՝ մինչև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը Իրանը փորձում էր ներգրավվել ԵԱՏՄ շուկայում։ Այս փուլում մտադրություններն ավելի են լրջացել․ տեսանելի աշխատանք է տարվում Ռուսաստանին Պարսից ծոց դուրս բերելու ուղղությամբ։