Ստարտափ Հայաստան

Գիրք-վզնոցները թարգմանչի հոբբին դարձրին բիզնես․ «Ստարտափ Հայաստան»

Մասնագիտությամբ թարգմանիչ Անի Հակոբյանը ուսանողական տարիներին այնքան է «ընկերություն արել» գրքերի հետ, որ տարիներ անց հասկացել է՝ ինքն ու գրքերն անբաժան են։ Հետո մտածել է, որ արժի տասը տարի դասավանդելուց բացի ստեղծել այնպիսի մի բան, որ մարդկանց կարողանա գեղեցիկ պատմել գրքի ու մարդկանց կապի մասին։ Հենց այսպես էլ ստեղծվել է Անիի՝ արդեն 4 տարեկան բիզնեսը։

Ասում է՝ չգիտի էլ, թե ինչպես ու ինչի դրդմամբ ամեն ինչ սկսվեց։ «Մի քանի անգամ ես եմ կրել, հետո նվիրել ընկերներիս, ավելի ուշ հասկացա, որ Հայաստանում արածս նորություն է։ Մարդկանց գրավում է առօրյայում օգտագործվող իրերի փոքր չափսն ու այն, որ դա կարող են կրել որպես զարդ»,- պատմում է Անին։

Անին ծիծաղով է հիշում պատրաստած առաջին գիրքը, որովհետև, անկեղծ ասած, նրա համար էլ է անսովոր եղել գիրք-վզնոց կրելը։ Հիմա արդեն, Անին այնքան է հմտացել ու կատարելագործվել, որ իր աշխատանքները հպարտությամբ է ներկայացնում մարդկանց։ Առաջին պատվերը, որքան էլ զարմանալի է, արտերկրից էր։ Մի տղամարդ որոշում է Անիին գտնել ու Հայաստանից նոթատետր պատվիրել։

Ինչո՞ւ էր որոշել հենց այդպես անել, նրա համար առայսօր հանելուկ է։ Սակայն կյանքի այս դրվագը Անիի համար ոչ միայն ոգևորիչ էր, այլև իր ստեղծած ձեռագործ իրերը նաև դրսում վաճառելու առաջին ճանապարհը։ Հասկացել է, որ բիզնես ունենալու համար կարևոր չէ, թե որտեղ ես ապրում։ Անիին փորձը ցույց է տվել, որ զարդերն ավելի շատ կանայք են գնում, բայց տղամարդիկ էլ հետ չեն մնում։

Փաստում է, որ Հայաստանում վերաբերմունք է փոխվել նախ ձեռագործ աշխատանքների նկատմամբ, տղամարդիկ էլ սկսել են օգտագործել հայկական ձեռագործ զարդեր, ինչը պարտավորեցնում է, որ զարդեր ստեղծվեն հավասարապես բոլորի համար։

Անիի բիզնեսն այն կարգավիճակին է հասել, որ հաճախ չի հասցնում պատրաստել պատվերները, բայցև չի էլ ցանկանում որևէ մեկի օգնությանը դիմել։ Դեռ չի ցանկանում, բայց, ինչպես ինքն է շեշտում, դա անխուսափելի է։ Նրա ապագայի ծրագրերն էլի կապված են գրքի հետ։ Ցանկանում է Երևանում գրքի տեսքով մի խանութ ունենալ։

Back to top button