Ծովահայեր

Կապուտակ Սևանի կանաչ խնդիրը վտանգի կարմիր աստիճանի է հավակնում. «Ծովահայեր»

Ամառ՝ ամենալավ ժամանակը ամբողջ տարվա աշխատանքային հոգնածությունը թոթափելու համար. արև, ծով, իսկ քանի որ ծովի ճանապարհը փակ է համավարակի պատճառով, Հայաստանի համար Սևանն էլ է ծով ու նույիսկ՝ օվկիանոս:

Վերջին տարիներին Սևանի աղտոտվածությունն ու կապտականաչ ջրիմուռներով ծաղկումը թույլ չեն տալիս վայելել ամառն ու Սևանը:

Հաշվի առնելով, որ փոքր Սևանում ջրի խորությունն ու սառնությունն ավելի մեծ են և, հետևաբար, ջուրն ավելի մաքուր կլինի՝ հանգրվանում եմ մաքուր ափերից մեկում ու վայելում արևի վերջին շողերը, որ կարծես արձակվում են Սևանա թերակղզու վանքի գմբեթից ու արտացոլվելով լճի մեղմ օրորվող ալիքներում՝ հիանալի պատկեր ստեղծում:

Տեսարանի գեղեցկությունից ոգևորված՝ պլանավորում եմ առավոտյան ֆրիդայվինգի առաջին փորձն ու սպասում լուսաբացին:

Լուսաբացին արևը արևելքից դուրս եկավ, արևմուտքից էլ ջրի մակերեսով լողալով եկավ կանաչ զանգված՝ մանր կանաչ հյուլեների խմբերով, մինչև կեսօր մաքուր ափը դարձավ կանաչ զանգված՝ հիշեցնելով տեսարան սարսափ ֆիլմերից:

Այս ամենը կանխատեսելի էր, քանի որ նախանցյալ և անցյալ տարիներին կապտականաչ ջրիմուռները ոչ թե վերացան, այլ սերմեր ու նստվածք տվեցին լճի հատակին, որ այս տարի ջերմության հետ մեկտեղ ծաղկեն, բազմանան ու նոր նստվածքով իջնեն լճի հատակ:

1930-ականներից սկիզբ առած Սևանա լճի էկոհամակարգի խաթարումը հնարավոր չէ վերականգնել մի քանի տարում, Սևանա լճի մասին օրենքում նախատեսված է մինչև 2030 թ. լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով, ամեն տարի՝ 20 սմ-ով՝ հասցնելով այն 1903 մետրի, ինչի արդյունքում լիճը կամբարի 8 մլրդ խորանարդ մետր ջուր: Գիտնականների կարծիքով սա այն բարձրությունն ու ծավալն է, որը կանխարգելելու է լճի ճահճացումը:

Գիտնականների կանխատեսմամբ՝ 2025 թ.-ին աշխարհի բնակչության 2/3-ը կունենա ջրի սակավության խնդիր, քանի որ աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրի պաշարները: Մոտ ապագայում խմելու ջուրը կդառնա ամենաթանկ ապրանքներից մեկը:

Հայկական լեռնաշխարհի ամենամեծ հարստությունը՝ մաքրաջուր Սևանն այսօր չի կարողանում վերականգնվել, չնայած ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին:

Ինչպե՞ս անել, որ կանաչ խնդիրը վտանգի կարմիր աստիճանի չհասնի:

Գեղամա գեղեցկուհու գեղեցիկ անունով ահագնացող խնդրի՝ Անաբենա ցիանոբակտերիայի վտանգներ իմասին «Ծովահայերի» տաղավարում կպատմեն Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Համբարյանը և «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը:

Back to top button