Հասարակություն

Եթե դասարանում հինգ հոգի լինենք, արդեն ֆուտբոլ կխաղանք․ փոքրիկ տավրուսցու երազանքը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սյունիքի մարզի Տավրուս գյուղը սումգայիթյան ջարդերից հետո վերաբնակեցվեց ադրբեջանահայ փախստականներով, բայց ինչպես գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Կարապետյանն է ասում, գյուղը քաղաքաբնակ փախստականների համար չէր, տարիների ընթացքում շատերը հեռացան։ Արտագաղթն այսօր էլ չի դադարում, շատերի հայացքը դեպի քաղաքն է՝ Կապան, որի կազմում Տավրուսը հայտնվել է համայնքների խոշորացումից հետո։

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Տավրուս գյուղը նախկինում ադրբեջանաբնակ էր։ 80-ականների վերջից այն սկսեց վերաբնակեցվել Ադրբեջանից բռնագաղթված հայերով ու Կապանի տարածաշրջանի այլ բնակավայրերից եկած բնակիչներով։ Տավրուսի վարչական ղեկավար Սլավիկ Կարապետյանի բնորոշմամբ՝ գյուղից այժմ  12 տնից է ծուխ բարձրանում, քառասուն շնչով, չնայած գրանցվածների թիվը մոտ 90 է։ Տավրուսի դպրոցն ութ աշակերտ ունի։ Այս տարի առաջին դասարան է գնացել մեկ երեխա։

 «Մեր դպրոցի գոյատևման գաղտնիքն այն է, որ հենց տեսնում ենք երեխաները շատ են պակասում, գնում հարևան գյուղերից երեխա ունեցող ընտանիքներին առաջարկում ենք տեղափոխվել Տավրուս։ Անասնապահության համար վատ տարածք չէ, ոմանք գալիս են»։

Վարչական ղեկավարի բնորոշած ծուխ ունեցող 12 տներից մեկի դուռն եմ  թակում՝ պատահականության  սկզբունքով, տանտիրուհին խիստ զբաղված է։ Հավերի ու հնդկահավերի մեջ կորած ինձ գոնե անծանոթ մի սարք ու սպիրտի թունդ հոտ ամբողջ տարածքում։ «Եկեք, եկեք, մի վախեցեք, տանձի օղի եմ քաշում»,-ասում է երիտասարդ տանտիրուհին ու միանգամից սկսում է պատմել օղի քաշելու տեխնոլոգիաների մասին.

Լարիսա Գուլիկովան Տավրուս է տեղափոխվել 1992 թվականին միջինասիական Սամարղանդ քաղաքից։ Վաղուց ինտեգրվել է, գյուղում հող է մշակում, անասուն պահում, բայց դրանով այստեղ հնարավոր չէ ապրել, ասում է

«Եթե աշխատանք լինի, հնարավոր է, բայց մեծամասնությունը աշխատանք չունի։  Տղաս Սախալինում է, արտագնա աշխատանքի է մեկնում, վեց ամիս աշխատում գալիս է։ Դրանով ենք ապրում»։

Տավրուսում խանութ կա, բայց չի աշխատում։ Տիկին Լարիսան ասում է, որ Կապանից երկու օրը մեկ մեքենան գալիս ու հաց է վաճառում, մնացած ամեն ինչի համար տավրուսցիները Կապան են հասնում․

 «Ամեն ամիս մեր նպաստ, թոշակը  ստանում, գնում մեր առևտուրն անում գալիս ենք»։

Յուրիկ Սաղաթելի Մարգարյան, ներկայանում է ինձ հանդիպած  ավելի տարեց տավրուսցին

 «Ես 83 տարեկան եմ, եղել եմ ստալինյան ճամբարում, աշխատել եմ սախալինյան գործարանում։ Փառք Աստծո, ձեռքս աշխատում է, պետությունը թոշակը տալիս է։ Պարզապես այս տարիքում ես չպետք է ուրիշի բակից ջուր բերեմ։ Խմելու ջուր չունենք»։

9-ամյա Լևոնը Տավրուսի դպրոցի 8 աշակերտներից մեկն է, դասարանում երկուսն են՝ ինքն ու քրոջ ընկերուհին։ Լիարժեք երջանկության համար Լևոնին, հավատացեք, շատ բան պետք չէ՝ ընդամենը ևս երեք հոգի իրենց դասարանում․

 «Որ հինգ հոգի լինենք, արդեն ֆուտբոլ կխաղանք»։

Դասարանի հինգ հոգանոց ֆոտբոլի թիմը Լևոնի երազանքն է, որի հետ անհամատեղելի է Տավրուսը դաժանորեն դատարկող արտագաղթը։  Այդուհանդերձ, մեր այցի ավարտին տավրուսցիները մի հաճելի լուր հայտնեցին․ գեղեցիկ բնությամբ ու մաքուր օդով տարված մի զույգ Տավրուսում տուն է գնել վերջերս։ Հանդիպել չհաջողվեց, ասացին քաղաք են գնացել, բայց դատարկվող գյուղի հետ մեր հրաժեշտն ավելի թեթև հոգով ստացվեց։

Սյունիքի մարզում էինք այցելել Միգրացիոն քաղաքականության մշակման կենտրոնի նախաձեռնած լրագրողական այցի շրջանակում։

Back to top button