Կազմակերպված բողոքի ցույցերով էջմիածինցիներն արդեն երրորդ օրն է պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։
«Քաղաքը Գրիգորյաններից մաքրելու ժամանակն է»,- հայտարարում են: Հանրապետության հոգևոր մայրաքաղաքում տրամադրությունն այսօր դարձյալ լարված է:
Հանրահավաք են նախաձեռնել նաև Գրիգորյանի կողմնակիցները՝ «Ժողովրդին մոլորության մատնելու անհաջող փորձերին չտրվելու» պահանջով: Ինքը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իրավիճակը չսրելու, քաղաքի հաշտության նստարանի մոտ հանդիպելու և միմյանց ձեռք սեղմելու կողմնակից է: «Ռադիոլուրն» է հետևել Էջմիածնում ծավալված իրադարձությունների զարգացմանը:
Երկու օր առաջ բողոքի ցույցերի ալիքն ալեկոծեց նաև հանրապետության հոգևոր մայրաքաղաքը: «Ազատենք Էջմիածինը Գրիգորյաններից» կարգախոսով ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիաների հետևում կանգնած էր Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը։ Սակայն նա հերքեց այս տեղեկությունը:
Արթուր Ասատրյանի խոսքով, հայր ու որդի Գրիգորյանները տարիներ շարունակ կեղեքել են մարդկանց: Քանի որ հեռացել են նախկին իշխանություններն ու համակարգը, ապա Մանվել Գրիգորյանն ու իր որդին ևս պետք է հետևեն նրանց: Էջմիածնում կազմակերպված քայլերթի մասնակիցներն այսօր կրկնել են նույն պահանջները՝ շարունակելով դժգոհել քաղաքապետի գործունեությունից:
Ցուցարարներն ավտոմեքենաներով փակել էին ճանապարհները՝ թույլ չտալով միջքաղաքային երթուղայինների և մարդատար այլ մեքենաների մուտքը քաղաք: Էջմիածնում փակ են գրեթե բոլոր կենտրոնական փողոցները:
«Սա մի գոլանի ֆուտբոլ չէ»,- ասում է Կարեն Գրիգորյանը։ Շեշտում է՝ օրենքի երկրում ենք ապրում, որտեղ, իր ձեւակերպմամբ, մի դաբրո կա՝ ժողովրդի քվեն: Կոչ է անում ժողովրդին իրար դեմ չհանել։ «Սխալ ենք արել, սխալի համար կպատժվենք, բայց օրենքով»,- ասում է։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում։ Դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն են: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, առավոտյան իրավապահ մարմինների աշխատակիցները եղել են նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի առանձնատան դիմաց:
Էջմիածնում ծավալվող իրադարձություններին ֆեյսբուքյան իր էջում երեկ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ գրառումով.
«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»:
«Թույլ չենք տա», — ֆեյբուքյան գրառումը եզրափակել էր վարչապետ Փաշինյանը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գնահատմամբ, սա ժամանակին արված ու սթափեցնող հայտարարություն էր: