Սփյուռքի նախարարը հորդորել է հավատալ նոր կառավարության ուժերին
Նորանշանակ կառավարության ամենաերիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջին անգամ հանդիպել է երիտասարդների հետ: Սփյուռքի նախարարը ջերմ մթնոլորտում անցկացրել է հանդիպումը և հորդորել հավատալ նոր կառավարության ուժերին:
Ես հավատացել եմ ձեզ, երբ մենք անում էինք մեր քայլը, ձեզ էլ խնդրում եմ հավատաք ինձ, ասել է գերատեսչության պատասխանատուն: Նոր ձևավորված կառավարությունն ամեն ինչ անելու է‘ եղած խնդիրներին հնարավորին լուծում տալու համար:
Նախարարը մատնանշել է ոլորտի առաջնային խնդիրներն ու նշել դրանց իրագործման ուղիները:
Կրեատիվ ու կրքոտ մտքեր, թարմ ու պրոդուկտիվ ծրագրեր. ահա թե ինչ է ցանկանում Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 2019 թվականից գերատեսչությունում կվերանայվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում արդեն 9 տարվա պատմություն ունեցող «Արի տուն»- ը։
«Արի տուն» ծրագիրը 2018 — ի համար չի կասեցվելու: Բայց ես, այլևս, տվել եմ հանձնարարական, որ պետք է արվի ռեբրենդինգ: Փոփոխություններ կլինեն անգամ այս տարվա համար: Գուցե հենց անվան մասով, գուցե հենց տեխնիկայի մասով, իրագործման ոճի մասով»:
Հայրենադարձություն, հայապահպանություն, տնտեսական, բիզնես ու գիտական ներուժի խորքային ուսումնասիրում. սրանք էլ նախարարության առաջնային ուղղություններն են: Մխիթար Հայրապետյանը նշում է, որ կառավարությունը բնակչության թվի աճին միտված նոր հավակնոտ ծրագրեր է նախատեսում: Հայրենադարձությունը պետք է լինի այդ ծրագրերի իրականացման առաջնային ճանապարհը: Երիտասարդ նախարարի խոսքով‘ այժմ քննարկման սեղանին է դրված Հայրենադարձության ռազմավարության նախագիծը։
«2011 թվականից ԱԺ-ում գտնվում է օրենքի մի նախագիծ և մինչ այսօր որևէ անդրադարձ չի կատարվել այդ նախագծում: Այդ նախագծի վրա՞ եք աշխատում, թե սա նո՞ր նախագիծ է: Աշխատում ենք այդ նախագծի վրա»:
Հայրենադարձության խնդիրը պետք է լինի փուլային եւ այս փուլերից մեկը կարող է լինել մասնագիտական հայրենադարձությունը:
«Այսինքն՝ դու հստակ ֆիքսում ես արձանագրում ես ոլորտը, որտեղ դու ունես գիտական ներուժի սփյուռքահայերի ներգրավման անհրաժեշտություն և բնականաբար փորձում ես օգտվել այն բազայից, որը պետք է ձևավորվի խորքային ուսումնասիրության արդյունքում: Այս պահին չեմ բացառում, որ նմանատիպ ձևաչափով կենտրոններ բացելու անհրաժեշտություն կլինի, որի միակ գործառույթը կլինի հավաքագրումը»:
Հայրենադարձության խնդրին զուգահեռ անհրաժեշտ է մշակել նաև ինտեգրման ուժեղ ռազմավարություն՝ հավելում է Մխիթար Հայրապետյանը: Այն հայը, որը հայրենադարձության ծրագրով եկավ Հայաստան, նա պիտի ինտեգրվի հասարակությանը, ասում է:
«Այս իմաստով Սփյուռքի նախարարությունը լինելու է նախաձեռնող, բայց դրան պիտի լծվի ամբողջ պետությունը, ընդ որում՝ ժողովուրդը ևս»:
Նախարարն օրինակ բերեց հոլանդական փորձը, որն ունի սոցիալական ինտեգրման ծրագիր: Թեև ծախսատար ծրագիր է, սակայն գերատեսչության պատասխանատուն վստահ է՝ դրա հիմքերը դնելու դեպքում անհրաժեշտ ռեսուրսը ազգովի հնարավոր կլինի հավաքել: