Երեկ երեկոյան տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին, երկրորդ հատվածում քննարկումը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Հանդիպումից հետո խմբակցության տարածած հաղորդագրությունում բոլոր փակագծերը չեն բացվում, բայց ուշագրավ դիտարկումներ կան: Մասնավորապես նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ ղեկավար մարմիններում կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու շուրջ:
Մյուս կարևոր արձանագրումն էլ այն է, որ Հանրապետական խմբակցությունը հայտարարում է՝ առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Այս ու այլ մանրամասներ «Ռադիոլուրը» փորձել է պարզել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից: