ՊՊԾ գնդի գրավման դատն անցել է լարված մթնոլորտում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գունդը գրաված խմբի 10-ը անդամի դատավարությունը։
Դատական նիստն անցել է լարված. լարվածություն եղել է նաև դահլիճում։ Ամբաստանյալների աջակից կանանցից ոմանք սկսել են վիրավորական արտահայտություններ անել դատարանի հասցեին:
Արդյունքում՝ դատարանը նրանց նկատմամբ սանկցիա է կիրառել:
ՊՊԾ գունդը գրաված խմբի 10-ը անդամի գործով նիստի սկզբում ամբաստանյալ Պավել Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ կրկին պնդելով, որ այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստերի դահլիճում չպետք է գտնվի:
Դատավորի նախազգուշացմանը, թե վիրավորական արտահայտություններ չի կարելի անել դատարանում, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի, Մանուկյանն ասաց՝ «Կուզեք գնդակահարեք, ես սանկցիաներից ու գնդակահարությունից վախեցող չեմ»:
Դատախազին վիրավորական արտահայտություններ արեցին նաև Սմբատ Բարսեղյանը ու Արայիկ Խանդոյանը։ Դատարանը 1 ժամով դահլիճից հեռացրեց Պավլիկ Մանուկյանին: Կրքերը բորբոքվեցին նաև դահլիճում: Ամբաստանյալների աջակից կանանցից ոմանք սկսեցին վիրավորական արտահայտություններ անել դատարանի հասցեին:
Քաղաքացի Ստելլա Աղաջանյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց և հեռացրեց նիստից՝ անհարգալից վերաբերմունքի համար:
Նշենք, որ այս գործով շարունակվում է գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հետազոտման փուլը: